Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Յուշ-Երեկոյ Նուիրուած Դերասան Սօս Սարգսեանին

$
0
0

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Համազգային Հայ Կր-թական եւ Մշակութային Միութեան Նիւ Եորքի մասնաճիւղը Յունուար 31, 2014 թուին իր յարգանքի տուրքը մատուցեց հայ ազգի անուանի դերասան, թատերագիր, բեմադրիչ Սօս Սարգսեանի (1929-2013) յիշատակին:
Յուշ-երեկոն տեղի ունեցաւ Հայ կեդրոնի հանդիսասրահում. ներկայ էին Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ Մեսրոպ քհնյ. Լագիսեանը, Համազգայինի Շրջանային վարչութիւնից ատենապետ տոքթ. Տիգրան Գազանճեանը եւ անդամուհի Արեւիկ Գաբրիէլեանը: Վաստակաւոր բեմադրիչ, դերասան-մտաւորական դոկտ. Հրանդ Մարգարեանը, ՀՕՄի եւ ՀՅԴի կազմը եւ սրահը լեցուն հանգուցեալին մօտիկից ու հեռուից ծանօթներ:
Համազգայինի փոխատենապետուհի Աստղիկ Սեւակը իր խօսքի մէջ ցաւ յայտնեց մեծ վարպետի կորուստի համար, բայց եւ յիշեցրեց ներկաներին նրա թողած անսակարկ նուիրական վաստակը՝ հայ մշակոյթի պատմութեան փայլուն էջերում:
Յուշ-երեկոյի բուն բանախօսն էր Կարինէ Քոչարեանը, որին ներկայացրեց տոքթ. Արա Գաբրիէլեանը:
Կարինէ Քոչարեանը հայրենիքում եղել է ճանաչուած առաջատար դերասանուհի: Սկսեալ Գիւմրիի պետական թատրոնից մինչեւ Սունդուկեանի անուան թատրոնը՝ խաղացել է բազմաթիւ գլխաւոր դերեր: Նիւ Եորք է հաստատուել 1994 թուին եւ 1995-2010թթ. գլխաւոր դեր է ունեցել ստեղծելու «Արձագանգ» հեռուստատեսութիւնը:
Սօս Սարգսեանը ծնուել է 1929 թուականի Հոկտեմբեր 24ին Լոռու մարզի Ստեփանաւան քաղաքում: 1948ին տեղափոխուել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպէս դերասան: 1954թ. աւարտել է Երեւանի գեղարուեստա-թատերական հաստատութեան դերասանական համալսարանը:
1991ին նա առաջիններից մէկն էր, որ անդամագրուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին եւ միեւնոյն ժամանակ Դաշնակցութեան կողմից առաջադրուեց որպէս ՀՀ նախագահի թեկնածու: Ու երբ Սումկայիթից եկան առաջին փախստականները, Սօս Սարգսեանը գործօն մարդը եղաւ. դրամահաւաքի աջակցութիւն ցուցաբերեց նրանց օգնութեան խնդրում, իր բնակարանը յատկացրեց շտապ օգնութեան վայրի, ուր ամէն օր հաւաքւում էին բազմաթիւ փախստականներ: Եւ երբ բարեգործական նախաձեռնութեան շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր երկրներից տնակներ ուղարկեցին Հայաստան, դրանք տեղադրուեցին Ստեփանակերտում փախստականներին մշտական բնակութիւն հաստատելու համար, որն գնալով աւելի առիթ ստեղծեց դերասանին յաճախակի այցելելու Ղարաբաղ: Եւ դարձեալ երբ հիմնուեց «Ղարաբաղ» կոմիտէն, ու դրան կից ստեղծուեց «Աւագների Խորհուրդ»ը, անդամակցող մտաւորականների թւումն էին Սօս Սարգսեանը եւ Սիլվա Կապուտիկեանը: Սօսը Ղարաբաղի ազատագրութեան իսկական մարտնչող նահապետն եղաւ, հացադուլի միջոցով նա պայքարեց իր հայրենիքի համար: Օրերով ու շաբաթներով էր մնում Ղարաբաղում Սարգիս Մուրադեանի եւ Զօրի Բալայեանի հետ. վերջինս իր մի յօդուածում գրում է. «Այդ նա էր, որ 1990 թուականի Մարտի 5ին Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի ամպիոնից հնչեցրեց իր մի ելոյթում, խօսեց Սումկայիթի եւ Պաքուի մասին, Ղարաբաղի ողբերգութեան եւ ցաւի մասին»:
Մեծ վարպետի նկարահանուած քառասունից աւելի ժապաւէններից են «Մենք Ենք Մեր Սարերը», «Նահապետ», «Խաթաբալա», «Ձորի Միրօ», «Սոլարիս», «Առանց Ընտանիք», «Միխայլօ Լոմոնոսով», «Եռանկիւնի», «Նուագախմբի Տղաները» եւ շատ ուրիշ:
Կարինէ Քոչարեանը պաստառի վրայ ցուցադրեց մի քանի հատուածներ յիշեալ ժապաւէններից:
Սօս Սարգսեանը արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումին, պարգեւատրուել է Մեսրոպ Մաշտոցի անուան շքանշանով, պետական մրցանակի եռակի դափնեկիր է նա: Մահացել է 2013 թուականի Սեպտեմբերի 26ին թոքերի բորբոքումի երկար հիւանդութիւնից յետոյ: Նրա քաղաքական հոգեհանգիստը տեղի է ունեցել «Համազգային» թատրոնում, վերջին հրաժեշտի արարողութիւնը՝ Սեպտեմբեր 29ին, Օփերայի եւ պալետի ազգային ակադեմական թատրոնում, յուղարկաւորութիւնը՝ նոյն օրը, Կոմիտաս այգու պանթէոնում:
Վարձքդ ի կատար վարպետ:
Խաղաղութիւն քո հայրենաշունչ հոգուն:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles