Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Վարդան Հովեանի Համառօտ Կենսագրականը

$
0
0

Այսօր հաւաքուել ենք՝ խունկով եւ աղօթքով հրաժեշտ տալու մեր սիրելի Վարդան Հովեանին: Թէկուզ եւ գիտենք բոլորս, որ «Մահը մերն է եւ մենք՝ մահինը», բայց երբ կանգնում ես քո սիրեցեալի անշնչացած մարմնի առջեւ՝ անզօր եւ թեւաթափ, հոգիդ ու սիրտդ մղկտում է, գիտես որ ճար չկայ, պիտի ընդունես, որովհետեւ դա է Աստծու կամքը՝ կեանքի օրէնքը…
Վարդան Հովեանը ծնուել է 1939 թուի Հոկտեմբերի 15ին, Իրանի Սարի քաղաքում, մի համեստ եւ բարեկիրթ ընտանիքում: Նրա ծնողները՝ Զաւէն եւ Մարգարիտ Հովեաները ունեցել են չորս զաւակ՝ Վարդան, Էդուարդ, Յակոբ (հանգուցեալ) եւ Արշակ անուներով:
Վարդան Հովեանը իր նախնական կրթութիւնը ստացել եւ աւարտել է Թեհրանի «Քուշեշ-Դաւթեան» ազգային դպրոցում: Ապա կրթութիւնը Նիւ Եորքում շարունակելու համար՝ մասնակցում է պետական քննութիւնների, ընդունւում է եւ պատրաստւում էր մեկնելու, երբ ծանօթանում է իր կեանքի ընկերուհուն՝ Անուշ Ալեքսանեանին, սիրահարւում եւ ամուսնանում է 1964 թուին, Թեհրանում: Նրանք բախտաւորւում են երկու երեխաներով՝ Ադրինէ եւ Ալեքս, կազմելով տաքուկ, սիրով հագեցած հայկական օջախ: Նա աշխատանքի հետ զուգահեռ՝ նամակագրութեամբ սովորում եւ աւարտում է ինժեներական ճիւղը: Ապա, իր նկարագրի ու աշխատասիրութեան շնորհիւ, առաջադիմութիւն է արձանագրում իր ընտրած ասպարէզում եւ ընդունւում է «Բոհլեր» ընկերութեան մէջ: Գործի եւ մասնագիտութեան բերումով ճամբորդել է բազմաթիւ երկրներ՝ զարգացնելով եւ տարածելով իր ընտրած ասպարէզը: Ապա հիմնում է իր իսկ «Չահար Ֆար» ընկերութիւնը չորս աշխատակիցների հետ՝ ստանձնելով դրա տնօրէնութիւնը:
Վարդան Հովեանը հայրենասէր էր, սիրում էր ապրել եւ այցելել Հայաստան. իր համար աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները հայուհիներն էին, սիրում էր դասական եւ հայկական երգ ու երաժշտութիւնը: Վարդանը Պարսկաստանում անդամակցել է «Արարատ» կազմակերպութեան մար-զական բաժնին, մարզուել է վազքի եւ բռնցքամարտի մարզերում, մասնակցել է մրցոյթների եւ շահել է մրցանակներ: Մեծ աշխատանք է տարել «Հայ ժողովրդական թատրոն» ընկերակցութեան բնագաւառում: Նախագահել է Իրանի Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը: Եղել է պատգամաւորական խորհրդի անդամ եւ շփուել է պարսիկ եւ հայ բարձրաստիճան պաշտօնեաների հետ:
1993ին փոխադրւում է Ամերիկայի Միացեալ Նահանգներ՝ միանալով ընտանիքին: Անմիջապէս անցնում է աշխատանքի «Սդաթքօ» ընկերութիւնում, այնպէս էլ չհամակերպուելով Ամերիկայի կեանքին:
Իւրայատուկ նկարագիր ունէր Վարդան Հովեանը՝ համեստ էր, ինքնամփոփ, քիչ արտայայտուող, խորունկ եւ քաղաքավարի, խուսափում էր վիճաբանութիւններից, աշխատասէր էր, օգնող, ընկերասէր եւ բարեկամասէր, յարգալից, իր անկեղծ եւ ազնիւ վերաբերմունքով սիրուած էր բոլորի կողմից, սիրում էր ընտանեկան կեանքը եւ իր տան դուռը բաց էր բոլորի առջեւ: Հիացած էր իր հարսով՝ Թինայով, որ իրեն պարգեւել էր երկու հրաշք թոռնիկներ՝ Ալեքսանդրա եւ Թոնի: Ամէն առաւօտեան, դպրոցի ճամբին, անհամբեր սպասում էր իր դուստր Ադրինէին եւ իր սիրասուն թոռնիկ Ժուլիանային՝ դպրոց ուղեկցելու եւ ապա ամբողջ էութեամբ սպասում էր նրան դպրոցից տուն բերելու համար, առանց յոգնելու եւ տրտնջալու: Վարդանը ունէր գեղեցիկ արտաքին, ճաշակաւոր եւ մաքուր հագնուածք: Նուիրուած ամուսին էր, պաշտելի հայր եւ մեծ հայր եւ սիրուած անհատականութիւն:
2011ին, անակնկալ յայտնութեամբ բացայայտուեց իր անողոք հիւանդութիւնը, սակայն նա իր ուժեղ մարմնակազմով պայքարեց աւելի քան 3 տարի:
æրօրհնեքի գիշեր, Սուրբ գիշեր, իր կնոջ հետ՝ «քուքու» փլաւով ընթրեցին, ըմպեց եկեղեցուց բերուած օրհնուած ջուրը, ճաշակեց գինիով նշխարքը, USC հիւանդանոցում, իր բժշկի հետ, եւ ստիպեց մեզ հեռանալ՝ ասելով. «Յոգնած եմ, ձեր ներկայութեամբ չեմ կարողանում քնել»:
2014 թուի Յունուար 6ի առաւօտեան ժամը 6ին, Վարդան Հովեանը յաւերժ փակեց աչքերը, սուգի մատնելով իր սիրեցեալներին:
Սիրելի Վարդան, խաղաղութեամբ հանգչիր երկնային լուսաւորութեան գրկում, թող որ հողը թեթեւ իջնի վրադ, հանգստութիւն քո վաստակաբեկ աճիւններիդ: Դու եւ քո պարգեւած յուշերը միշտ վառ կը մնան մեր սրտերում:
Ցտեսութիւն…
Ձօն Հանգուցեալիս

ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ

Նոր Տարուայ սեմին,
Ցրտաշունչ ամսին
Մահաստուեր ամպերը
Ծածկեցին հոգիս…

Երգեցին թովիչ, առուականման՝
Ալեհեր դարձած սիրածիս համար:
Ա՜խ, նրա կանչը, ձայնը ականջիս,
Ծարաւ եմ, ծարաւ, մի կում ջուր տուր ինձ:

Մրսում է հոգիս,
Հուր ու շունչ չկայ,
Ինձ համար՝ էլ նոր,
Տաք արեւ չկայ:

Յունուար ամիսը դառը
ժպտաց ինձ՝
Սեւ ժապաւէնով դիմաւորեց ինձ,
Երբ ձիւնը մարմանդ փռեց թեւերը,
Փակուեցին ընդմիշտ,
Սիրածիս կեանքի, գրքի էջերը:

2014 թիւը դառը ժպտաց ինձ,
Երազները կեանքիս՝
Մոխրացան հեռուից
Ու դարձան անգոյն…


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles