…Երբ իմացայ… խեղճացայ: Ուսերս փլուեցին: Էդ ո՞նց եղաւ, հը՞, ո՞նց եղաւ: Հայրենակիցներ էինք: Նոյն հողն ու ջուրն էինք: Գիւմրուայ նոյն կարօտն էր մեզ տանջում: Հիմա թողեցիր մենակ: Մնացի ես ու Գիւմրուայ իմ կարօտը: Ինչո՞ւ…
2012ի Նոյեմբերի 20ի առաւօտն էր, երբ իմացայ քո անչափելի կորստի անհաւատալի լուրը: Մօտենում է դառնայուշ Դեկտեմբերի 7ը: Հայակործան մեծ Երկրաշարժին զոհ գնացած իմ ու քո ընկերների կորուստները սրտիս մէջ դեռ չսպիացած, քոնը աւելացաւ… Էս ի՞նչ էք անում, հարազատներս, ի՞նչ էք անում… Ովկիանոսի այս հայակուլ ափից Հայաստան մեկնողներից վերջերս ում հանդիպէի՝ հրաժեշտից առաջ պատուիրում էի. «Կը բարեւես Ֆլորային…»: Հիմա էլ ո՞ւմ բարեւեմ: Բարեւներս օր-օրի քչանում են… Հիմա բազմաթիւ իմ կարօտ-բարեւներին աւելացաւ նաեւ քոնը… Էլ ո՞ւմ, բարեւեմ: Որտե՞ղ փնտռեմ քո եւ մնացած իմ բոլո՜ր կորուստների բարեւները: Որտե՞ղ… Էս ի՞նչ էք անում, հարազատներս, ի՞նչ էք անում… Հիմա ես ի՞նչ ասեմ ձեզ, ի՞նչ խօսքերով յանդիմանեմ, որ հոգիս փոքր ինչ խաղաղուի…
Իմ սիրելի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, իմ տաղանդաշատ քոյր, հիմա ձմեռնամուտ է իմ ու քո պաշտելի Գիւմրիում: Ձմեռնամուտ է ու վշտաչափ ձիւն կայ արդէն մեր Արագած սարի կնճռոտ ճակատին: Ձիւն է դրել նաեւ Գիւմրուայ իմ անչափելի կորուստներին: Մենակութեան ձեան տակ հիմա մրսում է մեր բոլորի կողմից սիրուած ու յարգուած ընկերոջ, քո սիրելի ամուսնու՝ ՀՐԱՀԱՏ ԳԷՈՐԳԵԱՆԻ սիրտը: Իսկ ԷԼՖՐԻԴԱ եւ ՀԵՆՐԻ զաւակներիդ մնում է այսուհետ ցրտաշունչ ձմռանն անգամ ջերմանալ քո գարնանաբոյր ու թաւշաձայն, հոգեցունց ու զարմանահրաշ երգերով…
… 2012ի Նոյեմբերի 20ի առաւօտն էր, երբ իմացայ քո անչափելի կորստի անհաւատալի լուրը: Իմացայ ու… խեղճացայ: Ուսերս փլուեցին: Մենակ, խեղճուկրակ, ովկիանոսի այս ափին նստած՝ ուրիշ ոչինչ չէր մնում ինձ անել, քան մտովի թռչել իմ ու քո պաշտելի Գիւմրի, Եօթ-Վէրք եկեղեցու խնկաբոյր մոմերը եւ Շիրակի դաշտի ճերմակաձիւն մեխակները գրկել եւ գլխիկոր ու արցունքաչ վերադառնալ քեզ մօտ: Դժուար է, հաւատայ, շա՜տ դժուար է… Առաջին անգամ Լոս Անջելեսում ինձ զգացի անզօր ու անօգնական, առանց քո այնքա՜ն հոգեհարազատ ու սրտամօտ երգարուեստի…
Մտովի կրկին Գիւմրիից վերադարձայ օտարութիւն: Յետդարձի ճամփին լուռ էի, ինքս ինձ հետ էի: Հեռւում թողել էի քո սրտի չափ մեծ, հիւրընկալ ու պատուասէր Շիրակ աշխարհդ, իմ ու քո պաշտելի Գիւմրին: Թողել էի ու վերադառնում էի վշտասիրտ ու մտամոլոր: Առանց քեզ: Առանց քո այնքա՜ն անհրաժեշտ ներկայութեան, իմ սիրելի ու անմոռանալի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, իմ տաղանդաշատ քոյր ու իմ անկրկնելի հող ու ջուր…
Վերադառնում էի: Իսկ հրաժեշտին հնչող երգը քո անզուգական «ՔԵԼէ, ԼԱՕ…»ն էր…
Արցունքաչ խոնարհումով՝
միշտ քո՝ ՍԱՐՕ ԳԻՒՄՐԵՑԻ