(Վարդանանց Տօնի Առիթով)
Ռ. ԿՈՐԻՒՆ
Ժողովուրդները ապրում եւ գոյատեւում են իրենց անցեալի պատմութեան յիշատակութիւններով ու սեփական մշակոյթով հիմնաւորուած՝ իրենց հայրենի հողի վրայ, որոնք կազմում են սերունդների շարունակական կեանքի հոգեւոր սնունդը, ծառի արմատը որպէս օրինակ, նոյնն էլ ժողովուրդների կեանքում, սերունդներն առանց իրենց պապերի կերտած պատմութեան ու մշակոյթի հաւատարմութեան կը կորցնեն ինքնութիւնը եւ իրենց ով լինելը:
Հայութիւնը հնագոյն ժողովուրդներից է՝ իր հինգ հազարամեայ պատմութեամբ եւ մշակոյթով: Ժամանակին տիրապետում էր ամբողջական հայրենիքին ծովից-ծով սահմաններով՝ դառնալով տարածաշրջանի հզօր պետութիւնը, սակայն քրիստունէութեան ընդունմանն յաջորդող դարերում հետզհետէ մեծ կորուստներ ունեցաւ անմիաբանութեան եւ ազգային-պետական քաղաքականութիւնից զուրկ լինելու պատճառով, շարունակ տանուլ տուեց ու դարեր շարունակ տառապեց օտարների լծի տակ: 387ին Հայաստանը բաժանուեց երկու մասի, 428ին Հայաստանը կորցրեց իր անկախութիւնը եւ թագաւորութիւնը: 451ին տեղի ունեցաւ Վարդանանց Ճակատամարտը՝ ի գին նիւթական եւ մարդկային մեծ կորուստների:
Մեր պապերը ճիշդ ընտրութիւն էին կատարել՝ կառչելով ժամանակի յեղափոխական կրօնին, սակայն մեր ժողովրդի համար թանկ արժեց այն՝ սխալ մեկնաբանութիւնների պատճառով:
Վարդանանքի մասին շատ է գրուել եւ խօսուել, վիճաբանութիւնների ասուլիսներ են կազմակերպուել, ճակատամարտին թեր եւ դէմ կարծիքներ են առաջացել: Դրանով հանդերձ, որ Վասակ Սիւնին պարսից կողմից էր նշանակուել մարզպան, նա խոհեմ քաղաքականութիւն էր վարում, ջանում էր կրօնական հարցով պատերազմ չլինի, այլ փորձում էր դիւանագիտութեամբ կրօնափոխութեան պահանջը չեղեալ համարել: Վասակը հասել էր այդ պահանջին, սակայն հակառակ հոսանքի կողմից թիւր հասկացուեց: Անմիաբանութեան հետեւանքով ուժերը ջլատուեցին, եւ ահաւոր ու ցաւալի աւարտ ունեցաւ: Եթէ նրանք, Վասակ Սիւնու հետ համագործակցաբար, քաղաքականութիւն վարէին, կրօնափոխութեան հարցը չեղեալ կը համարուէր, այդքան արժանաւոր մարդկանց կորուստ չէր լինի եւ ով գիտէ՝ կը վերականգնուէր Հայաստանի թագաւորութիւնը Վասակ Սիւնու միջոցով:
Մի շարք պատմաբաններ հաւաստիացնում են, թէ Վարդանանց ճակատամարտը հերոսական ընդվզում էր պարսից Յազկերտ Բ.ի կրօնափոխութեան հրովարտակ պահանջի դէմ. եթէ հայերն ընդունէին եւ խոնարհաբար ենթարկուէին պարսից տիրակալի պահանջին, այսպիսով կը վտանգուէր հայ ժողովրդի գոյութիւնը:
Վարդանանց ճակատամարտը, որը տեղի ունեցաւ Արտազ գաւառի Տղմուտ գետի ափին տարածուող Աւարայր դաշտում, մէկն է մեր անցեալի կարեւոր դրուագներից, որ ամէն տարի տօնւում է Փետրուար ամսին, մեր եկեղեցու կողմից, որպէս ազգային եւ կրօնական տօն: Հայկական զօրքը փոքր էր թշնամուց եւ զէնքով նուազ, սակայն աննկուն կամքով եւ ամրակուռ հաւատքով կռուի ճակատ էր եկել Յազկերտին հասկացնելու, որ ո՛չ հուրը, ո՛չ սուրը չի կարող իրենց հաւատքից ետ դարձնել: Հայերը կտրիճօրէն ու հերոսաբար, ոգի ի բռին, մարտնչեցին թշնամու դէմ, սակայն քաջն Վարդանի նահատակութիւնը պատճառ դարձաւ, որ հայերը նահանջեն դէպի լեռները, այնտեղից շարունակելու իրենց պայքարը՝ յանուն արդար իրաւունքների ձեռքբերման:
Աւարայրի ճակատամարտը մեզ անմիջական յաղթութիւն չբերեց, սակայն ոգին եւ 1036 նահատակների թափած արիւնը մղիչ ուժ հանդիսացան, ներշնչանքի աղբիւր ծառայեցին Վահանի եւ համախոհների համար՝ շարունակելու կռիւը մինչեւ հայութեան պահանջի իրականացումը: Դա 484 թուականին էր, պարսից Վաղարշը Նուարսակի դաշնագրով պարտադրուած ընդունեց հայոց առաջարկները:
Աւարայրի ճակատամարտը իր էութեամբ դարձաւ օրինակելի դաս, յետագայ սերուդների հայրենասիրութեան, ազգասիրութեան եւ ազատութեան գաղափարների ներշնչանք, որի ազդեցութիւնն ու արդիւնքը տեսանք ազատագրական շարժումներում, Սարդարապատի ժողովրդական ճակատամարտում եւ մեր ներկայ՝ Արցախեան ազատագրական կռիւներում:
Յիշելով Վարդանանքը, յիշում ենք մեր ողջ պատմութեան ընթացքում հայրենիքի եւ կրօնի համար ընկած նահատակներին, որոնց շնորհիւ մենք կանք, հայը կա՛յ, Հայաստանը կա՛յ, հայոց եկեղեցին կա՛յ՝ ազգի եւ մեր կրօնի պաշտպանութեան առաքելութեան լծուած:
Յիշելով Վարդանանքը, յիշում ենք մեր ներկայ Երկիր-Հայաստանը, ցանկանում ենք հայրենիքը տեսնել հզօր, տեսնել մեր անմահ նահատակների տեսլականների իրականացումը, տեսնել ո՛չ արտագաղթ, այլ՝ հայահաւաք եւ հողահաւաք: Սակայն մեր ներկայ ժամանակների քաղաքականութիւնը Հայաստանում մեր ժողովրդի սրտով չի ընթանում, իշխանաւորները փոխանակ մտածեն ժողովրդի, երկրի մասին, իրենց եւ օտարների ջրաղացին են ջուր լցնում. երկուսուկէս միլիոն ժողովուրդն ինչ է, որ չեն կարողանում կառավարել եւ գոհացնել, որ երկրի բնակչութիւնը գոյապրուստի պատճառով լքում է երկիրը: Քանի դեռ հայրենապաշտութեան, ժողովրդասիրութեան եւ ազգասիրութեան գաղափարախօսութեան քաղաքականութիւնը կաղում է իշխանաւորների մօտ, մենք մնալու ենք օտարներին հպատակ, մեր երկրի ռազմավարական միաւորները (ստրատեգիական օբյէկտները) ուրիշներին յանձնուած կամ ծախուած, եւ երկրի վիճակը այս օրինակ՝ առանց անցեալի կորուստների վերադարձի: