Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Սեդա Փանոսեանի Յուշերը Հայոց Ցեղասպանութիւնը Վերապրած Ընտանիքի Մասին

$
0
0

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Մեծ մօրս ընտանիքի 70 անդամներից միայն 17ն էին ողջ մնացել ջարդերից ու տեղահանութիւնից, իսկ հայրական կողմից՝ 65ից 15 մարդ միայն փրկուեց: Մեր ընտանեկան պատմութիւնները մանկուց միշտ լսել եմ ու մինչ այժմ յիշում եմ մանրամասնօրէն, թէ ինչպէս են վարուել իմ հարազատների հետ թուրքերը», պատմում է ամերիկահայ բժշկուհի Սեդա Փանոսեանը:
Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխաւոր քաղաքը համարուող Ադաբազարից, որտեղ, համաձայն Օսմանեան ազգաբնակչութեան մարդահամարի ապրում էին 17,000 հայեր, Սեդա Փանոսեանի հայրական եւ մայրական կողմի հարազատներին տեղահանում են եւ աքսորում Դեր Զօր: «Մօրական կողմից մեծ մայրս է Աղաւնի Կալպաքչեանը եւ մեծ հայրս՝ Յարութիւն Կալպաքչեանը, մայրս՝ Մարի Փանոսեանն ու մօրեղբայրս, ովքեր փրկուել էին ջարդերից, իսկ տատիկիս եղբօրն ու երեխաներին սպանել էին, կնոջը՝ Քնար Աքոնայեանին առեւանգում է մի թուրք սպայ եւ պահում իր հարեմում», 1912թ.ին արուած մեծ հայկական ընտանիքի լուսանկարի անդամների ճակատագրերը մէկ առ մէկ ներկայացնում է տիկին Սեդան:
Աքոնայեանի յետագայ ճակատագրի մասին Սեդա Փանոսեանն ու մայրը տեղեկանում են տարիներ անց՝ հանդիպելով նրան Վաշինգտոնում: «Քնարին յաջողւում է փախնել հարեմից, որտեղ նա թողնում է իր թուրքից ծնուած որդուն: Պատկերացնում էք, ինչ հոգեվիճակում է եղել, որ հրաժարուել է իր զաւակից: Այնուհետեւ ամերիկացի միսիոներների օգնութեամբ Քնարը պատսպարւում է եկեղեցում, ամուսնանում է ջարդերից փրկուած մի որբ հայ տղայի հետ, եւ միասին մեկնում են Միացեալ Նահանգներ», Հայոց Ցեղասպանութեան պատճառով խեղուած ճակատագրերից եւս մէկն է բացայայտում Փանոսեանը: Յիշելով հօր ընտանիքի պատմութիւնը, տիկին Սեդան կրկին վերապրում է իր հարազատների սարսափն ու վիշտը:
«Դեր Զօր քշուած հայերի շարքում էին նաեւ հօրս ողջ մնացած ընտանիքի անդամները, որ ապրում էին ժամանակաւոր վրաններում: Թուրքերի հերթական յարձակման նպատակն էր սպաննել բոլոր ողջ մնացածներին, սակայն հօրաքոյրս գտնում է միջոց, որի արդիւնքում բոլորը փրկւում են: Նա քանդում է վրանը եւ հրահանգում բոլորին անշարժ պառկել վրանի տակ՝ ձեւանալով մահացած: Թուրքերն անցնում են այդ վրանի կողքով եւ կարծելով, որ այն արդէն աւերուած է եւ անկենդան՝ հեռանում են: Այսպէս, հայրական կողմիս հարազատները փրկւում են», յուզմունքով յիշում է տիկին Սեդան: Նրանք այնուհետեւ կրկին վերադառնում են Ադաբազար, բայց մէկ տարի անց՝ կրկին աքսորւում են եւ անապատներում քաղցած ու անօթի բնակւում են եւս չորս տարի: 1921 թուականին, Սեդա Փանոսեանի հայրական եւ մայրական կողմի հարազատները հաստատւում են Յունաստանի Սելանիկ քաղաքում, որտեղ եւ ծնւում է տիկին Սեդան:

«Մայրս ամերիկեան կազմակերպութեան հովանաւորութեամբ սովորեց ձեռագործութիւն եւ աշխատանքի անցաւ այն նոյն կազմակերպութիւնում, որտեղ շուտով որպէս լաւագոյն մասնագէտի՝ նրան վստահեցին մի ամբողջ բաժանմունք», յիշում է Սեդա Փանոսեանը: (Խօսքը, ամենայն հաւանականութեամբ «Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց»ի մասին է, որ 1915-1930 թուականներին աշխարհի բազմաթիւ երկրներում տարբեր միջոցներով օգնում էր Հայոց Ցեղասպանութիւնից փրկուածներին՝ հիմնականում կրթելով եւ այնուհետեւ տրամադրելով համապատասխան աշխատանք): Սելանիկում, Փանոսեանը մեծանում է մեծ մօր եւ հօր ու հարազատների պատմութիւնները լսելով. «Այնքան եմ լսել իմ բոլոր զոհուած հարազատների մասին, որ կարծես նրանց բոլորին ճանաչում եմ: Մեծ ցաւ էինք ապրում, երբ ամէն անգամ հարազատներս յիշում էին, թէ ինչպէս իրենց բարեկամները մահացել էին քաղցից կամ ծարաւից, անապատներում: Ամէն անգամ վրդովւում էի եւ լցւում էի ցասումով, երբ մեծ մայրս պատմում էր, որ ծարաւը յագեցնում էին ձիերի ոտքերի փոսում հաւաքուած ջուրը խմելով»:
Սեդա Փանոսեանի ընտանիքը 1947թ.ին հայրենադարձւում է Հայաստան, իսկ 1977թ.ին՝ տեղափոխւում Միացեալ Նահանգներ, սակայն նրանց հոգիները երբեք չեն հանդարտւում: Նախնիների բնակավայրը տեսնելու համար, Սեդա Փանոսեանը 1975թ.ին մեկնում է Ադաբազար. «Մեծ մայրս միշտ պատմում էր ցորենի արտերի մասին: Ես գտայ այդ արտերը, մոմեր վառեցի այնտեղ, ծնկաչոք աղօթեցի՝ այդպիսով իւրատեսակ հոգեհանգիստ մատուցելով իմ բոլոր զոհուած հարազատների համար, եւ հոգիս փոքր ինչ թեթեւացաւ: Իսկ քաղաքի հիմնական մասում աւերակներ էին, բնակիչները բոլորը թուրքեր էին, եւ միայն մէկ հայ էր ապրում, բժիշկ, ում չյաջողուեց տեսնել», պատմում է Փանոսեանը: «Վիրաւորանքը միշտ կա՛յ մեր սրտում, մենք չենք ներել: Մեր մէկ ու կէս միլիոն նահատակների հոգիները կը հանդարտուեն, երբ Թուրքիան ընդունի հայ ազգի դէմ իրականացրած ոճիրը, ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը եւ ներողութիւն խնդրի: Սա միակ պայմանն է մեր ազգի համար՝ նաեւ համոզուած լինելու, որ պատմութիւնը չի կրկնուի», նշում է Փանոսեանը:
Այս ընտանիքի ժառանգները մասունքի պէս պահում են իրենց հարազատների լուսանկարները, որոնք Թուրքիայի մերժողական քաղաքականութեան դէմ վառ վկայութիւններ են: Այս նկարներն ընտանեկան ալբոմում կ՛ամրացուեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ընդունի 20րդ դարում մարդկութեան դէմ իրականացրած առաջին ամենամեծ ոճիրը՝ Հայոց Ցեղասպանութիւնը:

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

-Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Առաքելական Եկեղեցի-Սան Ֆրանսիսքօ

-Սրբոց Նահատակաց Հայց. Առաքելական Եկեղեցի-Հոգեւոր Հովիւ, Հոգաբարձութիւն Եւ Յարակից Մարմիններ-Էնսինօ

-Համազգայինի Շրջանային Վարչութիւն


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles