Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Լինել Միայնակ Ու Բախտաւոր՝ Սասունի Լեռներում

$
0
0

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Մեզանից շատերը հայ են, որովհետեւ ծնուել են հայ ընտանիքում, մկրտուել են հայկական եկեղեցում, հայ են, որովհետեւ խօսում են հայերէն, կան մարդիկ, ովքեր ոչ թէ հայ են, այլ պարզապէս ունեն «հայկական ծագում» եւ այլն… Իւրաքանչիւրն ինքն է սահմանում իր ինքնութիւնը եւ ընտրում այն ներկայացնելու ձեւը… Բայց կան մարդիկ, ովքեր հայ են, ոչ թէ որովհետեւ այդպէս իրենք են սահմանել կամ ունեն վերոնշեալ «առաւելութիւնները», այլ հայ են, որովհետեւ դիմադրել են…
Ծպտեալ հայերի մասին խօսելիս մենք միշտ շօշափում ենք կորստի, զրկանքների, սեփական մշակոյթից եւ լեզուից հեռու մնալու ցաւոտ թեմաները: Սակայն սա պատմութիւն է սահմանից այն կողմ մնացած հայի առաւելութիւնների մասին…
Դաւիթը մեծացել է Մարաթուկ սարի փէշերին, ամէն օր վաղ առաւօտեան արթնանում ու գնում էր իրենց կենդանիներին արածեծցնելու այնտեղ, ուր հայկական եկեղեցու աւերակները յուշն էին այն բանի, որ մի ժամանակ այստեղ իր պէս էլի հայեր են եղել: Մարաթուկի Ս. Աստուածածին վանքը առեղծուածներով լի մի վայր էր բոլորի համար, նոյնիսկ մահմեդականները վախենում էին եկեղեցու դիմացի ծառերից պտուղ քաղել, ասելով՝ մեղք է: Մարաթուկը սրբավայր էր ոչ միայն հայերի, այլեւ տեղի արաբների ու քրդերի համար, իսկ նրանք, ովքեր անյարգալից էին նրա նկատմամբ «ստանում էին իրենց պատիժն Աստծուց»: Դաւիթը յիշում է, թէ ինչպէս է եկեղեցու մօտ երկար ժամանակ ոսկի փնտռող քուրդը վերջապէս գտել հայկական գանձերը, տարել տուն, իսկ որոշ ժամանակ անց համրացել է:
Դաւիթը, ում ընտանիքը միակ քրիստոնեայ հայ ընտանիքն էր ամբողջ գիւղում, լուռ հետեւում էր, թէ ինչպէս էին մի ժամանակ հայերին կոտորած քրդերի անասունների հոտերը սատկում, չորանում եւ այլեւս բերք չէին տալիս արտերը:
Դաւիթն այն ժամանակ դեռ չգիտէր, թէ ինչով է նա տարբեր գիւղի իր միւս ընկերներից, միայն գիտեր, որ ինքը «հայ է, իսկ միւսները՝ «մահմեդական»: Նաեւ չէր հասկանում, թէ իրենց արաբ կոչող գիւղի մեծերն ինչպէս էին կարողանում խօսել իր «պապիկի լեզուով…»: Դա երեւի հայերէն է, որը նա չի հասկանում…
Թէեւ Սասունում գործող եկեղեցի ու քահանայ չլինելու պատճառով ընտանիքը չէր կարող մկրտուել, բայց տատիկը եւ պապիկը Զատկի տօնից առաջ 40 օր պաս էին պահում, յետոյ մայրիկը ձու էր ներկում Զատկի օրերին, հիւրասիրում էին գիւղի արաբ ընկերներին, նրանց հետ ձու էին կռուեցնում, իսկ իսլամական տօների ժամանակ այցելում էին հարեւաններին եւ շնորհաւորում: Երբեմն գիւղ էր գալիս ՆԱ: Նրա անունը բարձրաձայն չէին տալիս. վախենում էին. մի յաղթանդամ, ուժեղ մարդ էր, բոլորը սարսափում էին, երբ նա գիւղ էր մտնում, ասում էին՝ արաբ է, բայց երբ Դաւիթի պապիկը հայերէն էր խօսում, «արաբը» նրան շատ լաւ էր հասկանում: «Արաբը» գալիս համբուրում էր փոքրիկ Դաւիթի ձեռքն ու գիւղում բոլոր մահմեդականներին ասում. «Եթէ այս ընտանիքին նեղացնէք, բոլորիդ կը վառեմ»: Դաւիթի պապիկն ասում էր. «Նրա հայրը փրկել է մեզ 1915ին»:
Դաւիթի պապի հայրը՝ Սարգիսը, մէկ այլ գիւղի քահանայ էր:
Երբ սկսւում է կոտորածը, զինուորները պապիկիս հօրը տանում են աշխատեցնելու, այդ ժամանակ ծանօթ մահմեդական մի կին ասում է. «Ի՞նչ ես անում Սարգիս», նա էլ ասում է. «Աշխատում եմ, որ կեանքս փրկեմ»: Կինն ասում է, որ փախչի, այլապէս իրեն էլ կը սպանեն, Սարգիսն էլ ամէն ինչ թողնում ու վազում է: Հասնում է մի գիւղ, ուր մի բարի արաբ նրան իր տանն է պահում, մի որոշ ժամանակ թաքցնում է, յետոյ իրենց գիւղում հող է տալիս, ասում է՝ «Մնա մեզ հետ»: Սարգիս պապն ասում է, որ ինքը կրօնափոխ չի լինի, արաբներն էլ ձայն չեն հանում: Գիւղում բոլորը մատով էին ցոյց տալիս մեր ընտանիքին: Պապս շատ յարգուած մարդ էր: Գիւղում գորգ էր գործում, յատուկ մեքենայ ունէր, պատկերացնո՞ւմ էք: Այն ժամանակ գիւղում ո՞վ գիտեր՝ գորգ պատրաստելու մեքենան ինչ է… Յետոյ Յարութ պապիկս էլ շարունակեց իր հօր գործը, նա էլ էր գորգ գործում:

Այդ ժամանակ գիւղում կային պատսպարուած մի քանի հայ ընտանիք, ժամանակի ընթացքում բոլորն իսլամ ընունեցին կամ էլ քրիստոնեաների հանդէպ ճնշումներից ազատուելու համար արտագաղթեցին Ստամբուլ, մկրտուեցին, մտան հայկական համայնք, հայկական դպրոցներ… Մնաց միայն Սարգիսի ընտանիքը: Ժամանակին, երբ մարդահամար կատարեցին եւ իրենց ինքնութեան փաստաթուղթ տուեցին, ընտանիքը ցանկացաւ, որպէսզի կրօնի բաժնում գրուի քրիստոնեայ: Սակայն բնակչութեան գրանցման հարցերով ղեկավարը հրաժարուեց եւ փաստաթղթերում «մահմեդական» գրեց: Ստիպուած էին վիրաւորանքը կուլ տալ, սակայն այս հանգամանքը փրկութիւն եղաւ Դաւիթի համար, երբ նա ծառայում էր թուրքական բանակում:
Ինքնութեան քարտում «մահմեդական» էր գրուած: Բայց բարձրաստիճան սպաները գիտէին, որ ես հայ եմ: Շատ հանգիստ եմ անցկացրել զինուորական ծառայութիւնս: Քաղաքական ակտիւիստ չեմ եղել, խօսակցութիւնների չէի խառնւում: Յետոյ ամենամօտ ընկերներս իմացան: Մէկն իր ընտանիքին ասել էր, թէ հայ ընկեր ունի բանակում: Նրա մայրը եկել ինձ ասել էր. «Դուք մեզ պէս նորմալ մա՞րդ էք…»: Յետոյ, երբ մօտիկից ծանօթանում էին, ուրախ էին լինում, որ հայ ընկեր ունէին:
Յետագայում Դաւիթն իր քոյրերի եւ եղբայրների հետ տեղափոխւում է Ստամբուլ, մկրտւում ու փաստաթղթերում «քրիստոնեայ» գրանցւում: Յիշում է, որ երբ հեռանում էին գիւղից, մահմեդական հարեւանները լաց էին լինում:
Տատիկս չեկաւ մեզ հետ. նա, Սասունից բացի, չի կարող որեւէ այլ վայրում ապրել: Մայրս էլ մնաց նրա մօտ: Երբ ձմռանը գալիս են մեզ մօտ Ստամբուլ, տատս ամբողջ ժամանակ բողոքում է. «Ի՞նչ գործ ունեմ ես Ստամբուլում, այստեղի օդը պղտոր է, ջուրը պղտոր է, ոտքերս ցաւում են այստեղ, Սասունի պէս տեղ չկայ այս աշխարհում, լա՛օ»:
Այստեղ կարծես թէ միայնակ չենք, – ասում է Դաւիթը, – բայց դա միայն թւում է:
Իրականում Ստամբուլի հայերը մինչեւ այսօր էլ չեն ուզում մեզ ընդունել որպէս իրենցից մէկը, որովհետեւ մենք մահմեդականների մէջ ենք մեծացել: Այստեղի հայերը մեզ աղջիկ չեն տալիս, ինձ ասում են. «Դու չոբան ես եղել փոքր ժամանակ»: Նրանց համար նշանակութիւն չունի, որ պապս մինչեւ կեանքի վերջը պայքարել է իր կրօնը պահելու համար, նրանք չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում մեկուսացած լինել ու ամբողջ մի գիւղի միակ քրիստոնեայ ընտանիքը մնալ: Գիտէ՞ք ինչ՝ այդ գիւղում բոլորի պապերն էլ հայ էին: Մեծերը հայերէն գիտէին: Բայց միայն մենք ենք մեզ հայ ասել: Որովհետեւ միայն մենք քրիստոնեայ մնացինք: Մնացած քրիստոնեայ հայերը շատ աւելի վաղ լքեցին գիւղը: Դա ինքնութեան անձայն կռիւ է. գոյատեւում է նա, ով կարողանում է աւելի երկար դիմադրել: Այլ գիւղերում էլ կան քրիստոնեայ հայեր, բայց մի քանի ընտանիքով միասին են ապրում, իսկ մենք ամբողջ գիւղում մենակ էինք:
Տատս առաջին անգամ եկեղեցի մտաւ, երբ պապիկիս մահուան տարելիցին նրան տարայ Ստամբուլի եկեղեցիներից մէկը:
Գիւղում մեզ պաշտպանում էր այդ արաբը: Մենք մենակ էինք մնացել, բայց եթէ շատ լինէինք, մահեմդականներն իրենց ատամները ցոյց էին տալու. ոչինչ չի փոխուել: Երբ պապիկս մահացաւ, Սասունում անգամ քահանայ չգտնուեց, որ քրիստոնէական ծէսով թաղէինք նրան: Պապիկս մինչեւ վերջին շունչը իր կրօնին տէր կանգնեց, հօրաքրոջս ասաց. «Ուշադի՛ր եղիր, եթէ գիտակցութիւնս տեղը չլինի, յանկարծ սրանք ինձ մահմեդկան աղօթք արտասանել չտան»: Պապս մահացաւ, գիւղի մահմեդականները գնացին իմամ բերեցին, վիճեցինք, թոյլ չտուեցինք: Յետոյ էլ պապիկիս գերեզմանին մահմեդական գրութիւններ էին արել… Դա կեանքիս ամենացաւոտ յիշողութիւնն է, պապս դրան արժանի չէր:

Դաւիթի մեծ եղբայրն ամուսնացաւ իր գիւղից մի աղջկայ հետ, ում ընտանիքն արմատներով հայ էր, սակայն նրանք էլ վաղուց իսլամ էին ընդունել:
10 տարի պայքարեցին: Աղջկայ ընտանիքը չէր ուզում, մերոնք էլ չէին ուզում: Կրօնը տարբեր է: Նրանք էլ հայ էին, բայց՝ մահմեդական: Նոյնիսկ շատ հեռու ազգական էին մեզ, եւ դա բոլորը գիտէին: Բայց եղբօրս ասացին. «Գնա նամա՛զ արա մզկիթում, աղջկան կը տանք»: Մենք չընդունեցինք: Եղբայրս մզկիթ չգնաց, բայց չմկրտուեց էլ… Եկեղեցի գնում է, մոմ է վառում, բայց մկրտուած չէ: Չի ուզում, որ աղջկայ ընտանիքը գիւղում խնդիրներ ունենայ: Ի վերջոյ ամուսնացան: Բայց 10 տարի սպասեցին իրար: Աղջիկն ասաց իր ընտանիքին, որ ուրիշ ոչ մէկի հետ երբեք չի ամուսնանայ. տարիներով յամառեց, ստիպուած համաձայնեցին… Հիմա մեզ հետ շատ երջանիկ է: Մեզ հետ նշում է մեր տօները:
Ամէն կիրակի Դաւիթը եկեղեցում 3 մոմ է վառում. մէկը՝ ընտանիքի համար, մէկը՝ ճիշդ ճանապարհից չշեղուելու համար, մէկն էլ՝ Մարաթուկի համար:
Մենք չենք լքել մեր գիւղը, մեր հողը, մեր վանքերը: Հիմա կարօտով եմ յիշում մանկութիւնս, սարերը, արտերը… Մարաթուկը իւրայատուկ ուժ ունի: Չգիտեմ՝ ինչու են հայերը սրբացրել այն, բայց կայ մի գերբնական ուժ: Մարդիկ վանքի մօտ ընկած քարերը հաւաքում ու իրենց գրպանում են պահում, որ իրենց հիւանդութիւններից պաշտպանեն: Հիմա եկեղեցին աւերուել է. անաստուած մարդիկ ամէնուր են: Երկու տարի առաջ գնացի Սասուն. մէկը բարձրացել եւ եկեղեցու վերեւի հատուածից ուզում էր քար հանել, որ տանի եւ որպէս շինանիւթ օգտագործի: Ասացի. «Ի՞նչ ես անում, հէնց հիմա իջիր»: Պտտուեց, նայեց. «Օ՜, դու Յակոբի տղան չե՞ս: Հա՜, ես լաւ գիտէի հայրիկիդ», ասաց ու շուռ եկաւ գնաց…

Երբ հայերն այլ երկրներից գալիս են Սասուն, վերադառնալուց յետոյ իրենց ազգականներին ու ընկերներին պատմում են. «Այնտեղ մի քանի թրքացած հայ տեսանք…»: Եթէ անգամ կարողանում ենք համոզել, որ մենք թրքացած կամ քրդացած չենք, միեւնոյն է, իրենց թւում է, որ մենք որպէս հայ այստեղ խեղճ ենք, անձայն ենք, մտածում են՝ ի՜նչ մեղք են այս մարդիկ: Նրանց թւում է, որ ես չափազանց դժբախտ եմ, որովհետեւ հայերէն չեմ խօսում: Ինձ մի օր հարցրեցին. «Քո կարծիքով մե՞նք ենք աւելի դժբախտ, որ պահպանեցինք մեր լեզուն ու մշակոյթը, բայց յաւերժ հայրենիքի կարօտ մնացինք, թէ՞ դուք, որ մնացիք ձեր հողում, բայց հայերէն չգիտէք, անգամ մկրտուել չէք կարող»: Մարդիկ խենթութիւն են համարում մնալ այդ լեռներում եւ 100 տարուց աւելի այնտեղ միայնակ դիմադրել: Կարծում եմ, որ ես բախտաւոր եմ: Այո՛, ես հայերէն չգիտեմ, բայց դրա սովորել-չսովորելը ինձանից է կախուած. սովորում եմ: Մի քանի տարի առաջ մկրտուած էլ չէի, բայց այդ խնդիրն էլ եմ յաղթահարել… Իմ պատմութեան փշուրները ես ի զօրու եմ հաւաքել, այդ ճեղքուածքը կարող եմ ծածկել. իմ փոքր քոյրիկը Ստամբուլում հայկական դպրոց է գնում, դա իմ ամենամեծ յաղթանակն է, իմ երեխաներնին էլ կ՛ուղարկեմ հայկական դպրոց: Յաճախ հարցնում են. «Ինչո՞ւ չէք գաղթել, գոնէ այսքան դժուարութիւններ չէիք ունենայ», իսկ ես պատասխանում եմ. «Քո երեխաներն աւելի քիչ դժուարութիւն ապրեցին, բայց այսօր դու եկել ու լաց ես լինում պապիկիդ տան աւերակների վրայ, գալիս ես որպէս հիւր, իսկ ես քեզ հրաւիրում եմ իմ տուն, այո՛, հէնց Սասունում իմ տունը կանգուն է»:
Ես շատ բան չունեմ, ինչը իմն է եղել ի ծնէ: Բայց միշտ ունեցել եմ այն, ինչի համար դուք 100 տարի արտասւում եք…

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

Ի Յիշատակ Ալիս Աւագեանի
Կարօ Աւագեանեւ ընտանիք

Տոքթ. Արամ Չոպանեան
եւ տոքթ. Այտա Խաչատուրեան-Չոպանեան


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles