ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Նախօրդ օրը հայկական բանակը երկու զինուորի կորուստ ունեցաւ Հայաստան-Նախիջեւան շփման գծում, որը համարւում էր համեմատաբար աւելի կայուն եւ ապահով, եւ որտեղ հայկական զինուած ուժերի դիրքերն անհամեմատ աւելի լաւն են ու յուսալի:Ադրբեջանն ակնյայտօրէն Նախիջեւանը ներքաշում է, այսպէս կոչուած, ակտիւ կրակային գօտի եւ չի բացառւում, որ այդ ուղղութիւնից դիպուկահարների գործողութիւններ եւ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր լինելու են աւելի ու աւելի յաճախակի: Սա հեռաւոր Տաւուշի մարզը չէ եւ ոչ էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմնանագիծը: Այստեղ կրակոցները հնչում են ուղիղ Երեւանի ականջի տակ: Բաքւում ուզում են հասկացնել, որ նոյնիսկ մայրաքաղաք Երեւանում մարդիկ այլեւս չեն կարող հանգիստ գլուխները դնել բարձին:
Բայց խնդիրը միայն դրանով հայաստանեան հասարակութեանը խուճապի մատնելու ցանկութիւնը չէ: Նախիջեւանում գործում է ադրբեջանական առանձին բանակ՝ իր բոլոր զօրամիաւորումներով, որը դէ ֆակտօ ենթակայ է Թուրքիային: Նախիջեւանն ինքը գտնւում է Թուրքիայի պրոտեկտորատի (պաշտպա-նութեան-Խմբ.) ներքոյ՝ առանձնայատուկ կարգավիճակով: Հետեւաբար, եթէ այնտեղից սկսել են կրակել, ուրեմն դա բխում է ոչ միայն Բաքուի, այլ նաեւ Անկարայի ցանկութիւնից, ինչը նշանակում է, որ տեղի է ունենում Նախիջեւանի միջոցով հայկական կողմին կիսով չափ Թուրքիայի դէմ սադրելու ակնյայտ փորձ:
Դժուար է ասել՝ ինչ գործողութիւններ կը հետեւեն Անկարայի կողմից, եթէ հայկական զինուած ուժերն անցնեն այդ ուղղութեամբ պատասխան պատժիչ գործողութիւնների: Ու թերեւս հէնց դա է պատճառը, որ այս անգամ ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը հարկ համարեց իրավիճակի մասին տեղեակ պահել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկին եւ առաջին անգամ բաց տեքստով սպառնալ Ադրբեջանին: Դա առաջին հերթին մատնում էր ստեղծուած նոր իրողութիւններից Երեւանի անհանգստութիւնը:
Սակայն կոնկրետ այս դրուագում ամենաէականն այն է, որ Նախիջեւանն ուղղակի սահմանակցում է հայկական պետական սահմանի այն հատուածին, որը վերահսկում են Գիւմրու 102րդ ռուսական ռազմաբազայի սահմանապահ ուժերը: Նախիջեւանից նման սադրանքն ուղղուած է Հայաստանի, այլ ոչ թէ ԼՂՀի տարածքի դէմ: Դա ոտնձգութիւն էր մի երկրի տարածքի նկատմամբ, որի անվտանգութիւնը երաշխաւորելու պարտաւորութիւն ունի Ռուսաստանը երկկողմ ռազմական համագործակցութեան պայմանագրի, ինչպէս նաեւ ՀԱՊԿ շրջանակում: Հետեւաբար, այս սադրանքը ուղղակիօրէն պատասխանելու էր այն հարցին, թէ ինչպիսի՞ն է լինելու առաջին հերթին Ռուսաստանի արձագանգը:
Սակայն Մոսկուան ոչ միայն չարձագանգեց, այլեւ այն նոյն պահին, երբ ադրբեջանա-թուրքական բանակի դիպուկահարները «որս» էին իրականացնում Հայաստանի սահմանի ուղղութեամբ, ՌԴ արտաքին գործերի նախարարութեան յատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման շրջանակում ոգեւորուած յայտարարում էր, թէ Հարաւային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Ադրբեջանն է:
Նախիջեւանեան սադրանքը տեղի ունեցաւ բոլորովին էլ ոչ պատահական ինչ որ պահի: Նոյն օրը թուրքական Բոդրում քաղաքում հաւաքուել էին Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Ղրղզստանի եւ Թուրքմենստանի ղեկավարները՝ մասնակցելու թուր-քալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդի հերթական նիստին: Դրա շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր երախտագիտութիւնն էր յայտնում ՀԱՊԿի շրջանակում Հայաստանի մէկ այլ «դաշնակցի»՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Մայիսի 29ին Աստանայում կայացած Եւրասիական տնտեսական խորհրդի բարձրագոյն նիստում իր նամակի ընթերցման եւ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանազատման խնդիրը բարձրացնելու միջոցով Հայաստանին նուաստացնելու եւ Բաքուի շահերը եղբայրաբար պաշտպանելու համար: Բոդրումի խորհրդաժողովի ընթացքում Նազարբաեւն, իր հերթին, Թուրքիային հրաւիրում է անդամակցելու Եւրասիական տնտեսական միութեանը:
Ղազախստանն ակնյայտօրէն փորձում է եւրասիական այս նոր միութիւնը վերածել թուրքական գործօնի համաշխարհայնացման հարթակի եւ թուրքական պետութիւնների իւրօրինակ ակումբի: Այնքանով, որքանով դա այս պահին ձեռնտու է Ռուսաստանին, Հայաստանը, փաստօրէն, ինքնակամ գնում է՝ գերի յանձնուելու ռուս-թուրքական այս նոր, թէկուզ ժամանակաւոր դաշնակցութեանը, որից միշտ դուրս է եկել թէ՛ բարոյական, թէ՛ քաղաքական, բայց որ էլ աւելի ցաւալի է՝ մարդկային ու տարածքային կորուստներով: Այս իմաստով նախիջեւանեան սադրանքն ընդամէնը միջոց է՝ յիշեցնելու Հայաստանին, թէ ԼՂ հարցում զիջումների չգնալը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, եւ որքան մենակ է իր խեղճութեան մէջ:
Եւ ահա այս ամէնի ֆօնին յանկարծ ՀՀ արտգործնախարարութեան մամուլի խօսնակը յայտարարում է, թէ, չնայած տեղի ունեցող պրոցեսներին (գործըն-թացներուն-Խմբ.), Հայաստանը շարունակում է հաւատարիմ մնալ Ռուսաստանի հետ իր ստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) կապերին: Վերջ, այսքանով սկսւում ու այսքանով աւարտւում է Հայաստանի դիւանագիտութիւնը եւ պատասխանն իր շուրջն ընթացող արմատական փոփոխութիւններին: Հայաստանի իշխանութիւնը շարունակում է գործել այն տրամաբանութեամբ, թէ ԵՏՄին Հայաստանի անդամակցութիւնը բխում է ԼՂ հիմնահարցի՝ պրոհայկական լուծման շահերից եւ բացարձակապէս չի ուզում քննարկել կամ գոնէ հանրային քննարկման առարկայ դարձնել այն հարցը, թէ որքանով է Թուրքիային եւ Ադրբեջանին այդ նոր միութիւն ներքաշելու՝ ռուս-ղազախական քաղաքական ուղեգիծը բխում իր շահերից: Հայաստանը պարզապէս ոչինչ, բառի բուն իմաստով, ոչինչ չի անում՝ իր պետական շահերը առեւտրի առարկայ դարձնելու ակնյայտ միտումները կասեցնելու կամ գոնէ այդ առեւտրականներին հասկացնելու համար, որ չի պատրաստւում դառնալ մատաղացու գառ:
Փոխարէնը՝ իշխանութիւնն ան-ուղղակի ուղերձ է յղում սեփական հանրութեանը, որ դիւանագիտութեան խնդիրը բոլորովին էլ երկրի հեղինակութիւնը խայտառակութիւնից փրկելու մասին մտածելը չէ, եւ որ արտաքին գործերը պարզապէս տունտունիկ խաղալու, ձեռքի հետ յարմար երկրներում գերշահութաբեր գործեր դնելու միջոց է: Դրա համար էլ միանգամայն բնական է դառնում, օրինակ, ծանրամարտի լեգենդար մարզիկ, բայց չկայացած քաղաքական ու պետական գործիչ Եուրի Վարդանեանին չնեղացնելու տրիվիալ (աննշան-Խմբ.) նպատակով դեսպան կարգել Վրաստանի նման մի երկրում, որի հետ յարաբերութիւնները աւելի ու աւելի ստրատեգիական նշանակութիւն են ձեռք բերում: Ահա այսպէս է պաշտօնական Երեւանն արձագանգում արտաքին աւելի ու աւելի ահագնացող մարտահրաւէրներին:
Ողջ Հարաւային Կովկասը այս օրերին եռում է, իսկ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը չկայ, չի երեւում: Երեւի քնած է ալպիական մանուշակի թերթիկների արանքում: