Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ՆՈՐ ԳԻՐՔԵՐ. Ռուբինա Նազարեան. «Սողոմոն Իմաստունի Առակները»

$
0
0


ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Գիրքը լոյս է տեսել 2011ին, Երեւանում, «Զանգակ-97» հրատարակչութեան կողմից: Որակեալ տպագրութեամբ, նկարիչ Արա Բաղդասարեանի գեղաճաշակ նկարազարդումներով եւ ձեւաւորմամբ, ընթերցողի համար յոյժ հետաքրքրութիւն ներկայացնող բովանդակութեամբ մի գիրք, որ կազմել է Ռուբինա Նազարեանը: Դա իւրատեսակ ծաղկաքաղ է՝ կազմուած Սողոմոն Իմաստունի առակներից եւ տուեալ առակի նիւթին առնչուող հեքիաթներով: Այս մասին կարդում ենք հետեւեալը գրքի տիտղոսաթերթի ետեւում գրուած մատենագիտական հակիրճ ծանօթութեան մէջ. «Գիրքը ներկայացնում է Աստուածաշունչ մատեանի միայն մի փոքր մասը, որտեղ ամփոփուած են աշխարհի մեծագոյն իմաստուններից մէկի՝ Սողոմոնի խորախորհուրդ մտքերն ու պատգամները: Այն ինքնատիպ է նաեւ նրանով, որ իւրաքանչիւր բաժին, թեմային համապատասխան, համեմուած է սիրուած հեղինակների հեքիաթներով ու պատմուածքներով, ինչպէս նաեւ ժողովրդական ասացուածքներով: Գրքի իւրաքանչիւր էջ ընթերցողի հոգին կը լցնի աստուածային իմաստնութեամբ եւ շնորհով՝ դառնալով նրա անձնական կեանքի խորհրդատուն»:
Պատմութիւնից յայտնի է, որ 12-13րդ դարերում, հայ իրականութեան մէջ սկիզբ է առնում գեղարուեստական արձակի նոր ճիւղ՝ առակագրութիւնը, որը ծաւալային առումով հակիրճ, բայց բովանդակութեամբ հարուստ գրական տեսակ է, որ շօշափում է հասարակական եւ մարդկային յարաբերութիւնների վերաբերեալ հարցեր. առակները խարազանում են մարդկային նկարագրի յոռի կողմերը՝ նախանձը, չարութիւնը, ագահութիւնը, տգիտութիւնը: Դրան հակառակ՝ խրախուսւում են աշխատասիրութիւնը, բարին, գեղեցիկը, արդարը: Այս տեսակէտից ճանաչողական մեծ արժէք են ներկայացնում հայ միջնադարեան գեղարուեստական արձակի նշանաւոր դէմքեր՝ Վարդան Այգեկցու եւ Մխիթար Գօշի առակները, որոնցից մի քանի նմուշներ ներառուած են սոյն ժողովածուի մէջ:
Հրէաստանի Սողոմոն թագաւորը (Ք.Ա. 10րդ դար) պատմութեան մէջ յայտնի է իր արտակարգ խելքով եւ ասացուածքներով, որոնք տեղ են գտել Աստուածաշնչի մէջ՝ «Երգ-երգոց», «Գիրք Առակաց» եւ «Գիրք Ժողովողի» բաժիններում: Մեծ խորհուրդ են պարունակում սեղմ, սակայն խոր բովանդակութեամբ աչքի ընկնող առակները, որոնց համար նա ստացել է Իմաստուն անունը:
Ուշագրաւ է Ռուբինա Նազարեանի կողմից գրքի մտահղացման գաղափարը: Ընտրուած են առակներից լաւագոյնները, որոնք համադրուած են համապատասխան հեքիաթներով կամ պատմուածքներով: Մի էջի վրայ Սողոմոնի առակներն են, իսկ հակադիր էջին՝ տուեալ առակի իմաստին համապատասխան բովանդակութեամբ հայ գրողների՝ Աւ. Իսահակեանի, Յովհ. Թումանեանի, Վ. Այգեկցու, Հայկ Խաչատրեանի, Խնկօ Ապօր, Ու. Սարոյեանի եւ այլոց գործերից: Բերենք մի օրինակ: Կեանքում արդար ապրելու ուղենիշ է հետեւեալ առակը. «Արդար մարդու արարքները կեանք են պարգեւում, իսկ յիմար մարդու արարքները մեղքի աղբիւր են», կամ՝ «Լաւ է արդարութեամբ ձեռք բերուած փողը, քան անօրինական ճանապարհով կուտակուած հարստութիւնը», սրանց կողքին տրուած է Աւ. Իսահակեանի «Ուշինարա» հեքիաթը: Մի ուրիշ տեղ խօսւում է իմաստութեան արժէքի մասին՝ «Իմաստնութիւնը թանկարժէք քարերից առաւել արժէքաւոր է, եւ բոլոր ցանկալի բաները չարժեն նրան», «Արդարի բերանից իմաստնութիւն է բխում». այս առակների կողքին ընթերցողը կարող է կարդալ Հայկ Խաչատրեանի «Խելացի կինը» հեքիաթը: Սոյն ժողովածուի մէջ տեղ են գտել նաեւ ժողովրդական ասացուածքներ եւ թեւաւոր խօսքեր, ինչպէս՝ «Քաղցր խօսքն ամոքում է մարդու հոգին», «Անոյշ լեզուն օձը բնից կը հանի», կան նաեւ խրատական բնոյթի առակներ ու ասացուածքներ՝ «Ագահութեան մոլուցքով տառապողն իր տունը կը քանդի», «Ագահութիւնն իրեն անձնատուր եղողներին մեռցնում է»: Ագահութեան մասին է պատմում Նար-Դոսի «Մարդու աչքը» առակը, որի միտքը հետեւեալն է, որ մարդու աչքը, բացի հողից, ուրիշ ոչինչ չի կարող կշտացնել: Աստուածաշնչից վերցուած մի դրուագ է ներկայացնում «Դաւաճանութիւնը յանցանք է» առակը, հիմնուած քաջածանօթ Սամսոնի եւ Դալիլայի մասին առասպելի վրայ. այն մարդկանց խրատում է ապրել ազնիւ եւ արդար կեանքով, լինել բարոյապէս բարձր, օգտակար հանդիսանալ մարդկանց եւ հաւատարիմ մնալ բարձր սկզբունքներին: Հայրենիքի եւ պատկանելիութեան մասին է խրատում «Զրոյց Խրիմեան Հայրիկի մասին» առակը, որ պատմում է Պոլսոյ մէջ գաղթական հայերի ծանր աշխատանքի եւ դժուարին կեանքի մասին, պանդուխտ հայերի դժգոհութեան դիմաց Հայրիկը տալիս է հետեւեալ պատգամը. «Զաւակներս, Պոլսոյ ճամբաները որչափ ալ թրջէք ձեր քրտինքով, անոնք արդիւնաւէտ չէն ըլլար: Գացէ՜ք երկիր: Երբ հոն ձեր պապերուն հողին փարիք եւ անոր մէջ թափէք ձեր քրտինքը, այն ատէն արդիւնաւոր կ՛ըլլայ ձեր աշխատանքը»:
Հանրամատչելի այս ժողովածուն գիտելիքների ծարաւ ունեցող իւրաքանչիւր մարդու սեղանի գիրքը կարող է դառնալ: Այն մեծ օգտակարութիւն կարող է տալ պատանիներին, կեանքում նրանց դաստիարակութիւնը ճիշդ ուղու վրայ դնելու առումով. այս գիրքը նախատեսուած է նաեւ ընթերցող հասարակութեան լայն խաւերի համար: Գիրքը ձեռք բերելու համար կարող էք հեռաձայնել՝ (818) 303-5566 համարով:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles