ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի,
- Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ – Եղէգնեայ գրչով վրէժ երգեցի.
Ընդ եղէգան փող բո՛ց ելանէր:
Դ. ՎԱՐՈՒԺԱՆ
Երբեք չեմ մոռանայ այդ պահը: Ուշ գիշերին, երբ վերջապէս Բոստոնի հայաբնակ՝ Ուոթըրթաուն արուարձանը հասայ, ու հիւրընկալներս հարցրին, թէ յաջորդ առաւօտ, նախ եւ առաջ, ո՞ւր կ՛ուզէի գնալ, ո՞ւմ հետ հանդիպել, ես, քանի որ գիտէի՝ մօտակայքում է ապրում, առարկութիւն չընդունող վճռականութեամբ ասացի.
– Շահան Նաթալիի մօտ:
Հիւրընկալներս տխուր տարուբերեցին գլուխները.
– Վերջերս մահացաւ, 99 տարի ապրեց, 100ին չսպասեց:
Յաջորդ առաւօտ վաղ ես Մաունթ Օբըրնի գերեզմանատանն էի: Անշուք, գրեթէ աննկատ տապանաքար էր, շիրիմը անգամ ծաղկեմարգերով եզերուած, սահմանազատուած չէր: Մինչդեռ այդ օտար, սիզախոտերով պատած հողի տակ էր հանգչում այն հայը, որը Մեծ Եղեռնից յետոյ բռունցքո՛վ կարողացաւ սրբել իր ժողովրդի արցունքները: Վրէժի բռունցքով…
Շահան Նաթալին այլ կերպ ի վիճակի չէր ապրել, առաւել եւս՝ ինքն իր հետ հաշտուել, համակերպուել: Նա երեխայ էր եղել եւ, ինչպէս աշխարհի բոլոր երեխաներն, ունեցել էր մանկական ամենաանմոռաց տպաւորութիւնը, որից չէր կարողացել ձերբազատուել ամբողջ կեանքում…
1895թ.ին էր, համիդեան առաջին ջարդերի օրերին: Ծննդավայրի՝ Խարբերդի Հուսէյնիկ գիւղի Ազգային վարժարանից նոր էր տուն վերադարձել, հայրը, մօտեցող հրոսակախմբերին նկատելով, իրեն, չորս քոյրերին ուղղակի փողոց հրեց.
– Փախէ՛ք, ցրուէ՛ք, որտեղ որ կարող էք, թաքնուէ՛ք:
Չհասկացաւ, թէ շուրջն ի՞նչ է տեղի ունենում, ո՞ր ուղղութեամբ, ինչո՞ւ է վազում: Երեք օր յետոյ, երբ տուն մտաւ, հօր արնաշաղախ դիակն ընկած էր շեմին: Մօր հետ դժուարութեամբ այգի իջեցրին, ձեռքերով ընկուզենու տակը փորեցին, հողին յանձնեցին: Ու այսքանից յետոյ իրեն համոզում էին, որ կատարուածը սոսկ թիւրիմացութիւն էր, ցաւալի դիպուած, աշխարհում միշտ էլ ի վերջոյ յաղթանակել ու յաղթանակում է ճշմարտութիւնը, վեհանձնութիւնը, գեղեցկութիւնը: Նոյնիսկ բարերարներ գտնուեցին, որոնք իրեն Պոլիս՝ Սուրբ Յակոբ որբանոցը փոխադրեցին, յետոյ համբաւաւոր Պէրպէրեան վարժարանի ուսման ծախսերը հոգացին: Աւարտելուն պէս Յակոբ Տէր Յակոբեանը (Շահան Նաթալին մարտական ծածկանունն էր), Միացեալ Նահանգներ ուղեւորուեց, ընդունուեց Բոստոնի համալսարան, իմաստասիրութեան ասպարէզում՝ յատկապէս Պլատոնի, գրականութեան ասպարէզում՝ Շեքսպիրի երկերը ուսումնասիրութեան նիւթ դարձրեց: Ճիշդ այդքան տարի էլ պէտք եղաւ, որպէսզի թուրքերի հայատեացութիւնը նորից պոռթկայ, ընդ որում՝ այնպիսի մոլեգնութեամբ, որ որոշեն մէկընդմիշտ մի ամբողջ ազգ բնաջնջել: Բազմախոստում գրականագէտը, թատերագէտը չկարողացաւ հեռուներում մնալ, վերադարձաւ, որ օրհասի պահին իր ժողովրդի հետ լինի: Ու այն, ինչ տեսաւ, չէր արտայայտում ո՛չ նախճիր, ո՛չ եղեռն, ո՛չ էլ մինչեւ իսկ ցեղասպանութիւն բառը: Նման ոճրագործութիւնը բնորոշելու համար մարդկութիւնը դեռեւս ճշգրիտ ձեւակերպում չէր յօրինել:
Պատահականութի՞ւնն էր պատճառը, թէ՞ նախախնամութիւնը, մղձաւանջային ամենածանր օրերին մի թուրք պատահեց: Յայտնի չէր, իր հայ լինելը գլխի ընկել էր, թէ չէ, բայց խրատ տալ սիրում էր.
– Քո կարծիքով՝ սպանո՞ղն է մեղաւոր, թէ՞ սպանուողը,- հարցրեց նա ու հնարաւոր ամէն պատասխան կանխելու համար խիստ վրայ տուեց,- ի հարկէ, սպանուո՛ղը:
– Ինչո՞ւ,- սահմռկեց Նաթալին:
– Թող խելք ունենար, ուժ ունենար, չսպանուէր, իսկ եթէ այդ ամէնով հանդերձ է սպանուել, աւելի վատ իր համար: Դատարանում նա չի կարող մեղադրական փաստարկներ վկայակոչել, իսկ սպանողը, քանի որ ողջ է, մի ճար կը գտնի, գլուխը կ՛ազատի:
Հաւանաբար նոյն տեսակէտով էր առաջնորդուել Թուրքիայի ռազմական ատեանը, որը մահուան, տարբեր տարիների բանտարգելութեան էր դատապարտել Հայոց Ցեղասպանութեան 200 յանցագործի: Ու յետոյ Մալթա էր աքսորել, որ անգլիացիների մեղսակցութեամբ մէկ-մէկ, աննկատ ազատ արձակի: Շահան Նաթալին հայթայթեց յանցագործների ցանկն ու այդ օրից ամենաանյայտ, ամենահաս հայը դարձաւ: Մարտախումբը, որ նա ստեղծեց Սողոմոն Թեհլիրեանի, Արշաւիր Շիրակեանի, Միսաք Թոռլաքեանի, Արամ Երկանեանի նման վրիժառուներից, սոսկ մէկ ու կէս միլիոն անմեղ նահատակների պատգամ-պատուիրանը չէր իրագործելու, ի կատար էր ածելու յանցագործ երկրի՝ Թուրքիայի գերագոյն ատեանի դատավճիռը, այսինքն՝ վերականգնելու էր արդարութիւնը: «Այժմ թուրքից բացի, թուրքից վտանգաւոր թշնամի հայը չունի,- անընդհատ կրկնում էր նա,- մեր վրէժը, հաւատացէ՛ք, աստուածատուր է, աստուածահաճոյ»:
200 հոգանոց նշանաւոր «սեւ ցանկում» թիւ 1ը Թալէաթն էր: Նաթալին ձեռքը մտերմօրէն Սողոմոնի ուսին դրեց.
– Գանգը կը պայթեցնես ու չես փորձի փախչել: Ոտքդ սատակի վրայ կը դնես, տեղդ հանգիստ կը կանգնես, մինչեւ գան, քեզ ձերբակալեն: Չդիմադրես, իսկոյն կը յանձնուես:
Հայոց Նեմեսիսը քաղաքական դատավարութեան էր ձգտում, ձգտում էր համաշխարհային հանրութեանը առաջին անգամ բացէիբաց ներկայացնել դարասկզբի քստմնելի, աննախադէպ ոճրագործութիւնը: Ու նա հասաւ նպատակին:
1921 թուականի Մարտի 15ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում որոտաց Սողոմոն Թեհլիրեանի ատրճանակը: Որպէս արձագանգ որոտացին Արամ Երկանեանինը՝ Թիֆլիսում ու Բեռլինում, Արշաւիր Շիրակեանինը՝ Հռոմում ու Բեռլինում, Միսաք Թոռլաքեանինը՝ Պոլսում, Պօղոս Տէր Պօղոսեանինն ու Արտաշէս Գէորգեանինը՝ Թիֆլիսում: Հայ վրիժառուների գնդակներից դիտապաստ ընկան Թուրքիայի վարչապետ, մեծ վեզիր Սայիտ Հալիմը, ներքին գործերի նախարար Թալէաթը, իթթիհատի կենտրոնական վարչութեան անդամ, հայասպանութեան ծրագրի գլխաւոր գաղափարախօս Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի հայերի դահիճ Ազիմին, ռազմական նախարար æեմալը, Բաքուի եւ Շուշիի հայերի ջարդարար Խան-Խոյսկին, մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար æիւանշիրը, ինչպէս նաեւ այն մի քանի հայերը, ովքեր կոտորածների տարիներին լրտեսութեամբ ու դաւաճանութեամբ էին զբաղուել, մատնել էին իրենց ազգակիցներին:
Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր ոճրագործներն ստացան իրենց արժանի՝ չմոռանա՛նք, Թուրքիայի դատարանով նախատեսուած պատիժը: Շահան Նաթալին հաւատում էր ու համոզուած էր, որ մնացածի հաշվեյարդարը անհամեմատ հեշտ է լինելու: «Հայը հիմա,- գաղափարի ու զէնքի ընկերներին անընդհատ ներշնչում էր նա,- իր յանդգնութեամբ աշխարհի ամենաառաջին ժողովուրդը պիտի դառնայ: Ով այլեւս կորցնելու ոչինչ չի ունենում, երկնչելու պատճառ՝ առաւել եւս չի ունենում»:
Ցաւօք, այն անտեսանելի չարիքը, որն անխուսափելիօրէն ուղեկցում է հայ ժողովրդին, ասպարէզ գալիս յատկապէս յաղթանակների, յաջողութիւնների ընթացքում, անսպասելիօրէն իրեն զգացնել տուեց: Ի յայտ եկաւ երկպառակութիւնը: Այժմ, ութսուն տարի անց, անիմաստ, աւելին՝ ամօթալի է անդրադառնալ «Ազատամարտականների», «Մարտկոցականների» ներքին պայքարին, նոյն կուսակցութեան արեւմտահայ ու արեւելահայ թեւերի պառակտումներին: Փաստն այն է, որ Նաթալին պատռեց 200 թուրք ոճրագործների ցուցակը, որոնցից ընդամէնը մի քանիսի անուն-ազգանուններն էր հասցրել ջնջել ու յուսախաբուած, յուսաբեկուած, Միացեալ Նահանգներ մեկնեց, հաստատուեց Ուոթըրթաունի արուարձանային թաղամասում: Նա յետագայ նման ճակատագրական սխալները կանխելու համար շտապում էր արձակ ու չափածոյ ստեղծագործութիւններով, խոհագրութիւններով, պատմական ուսումնասիրութիւններով գրաւոր կտակը թողնել գալիք սերունդներին եւ ոչ մի պաշտօնական այցելութիւն չէր ընդունում: Միշտ մռայլ էր ու անհաղորդ: Ասում են՝ նրա դէմքին ժպիտ է երեւացել միայն այն ժամանակ, երբ լսել է Գուրգէն Եանիկեանի բռնարարքի լուրը:
– Ուրեմն,- ըստ երեւոյթին մտածել է նա,- հայոց Նեմեսիսը զէնքը վայր չի դրել: Հայ ժողովուրդը արդարութեան մարտիկներ ծնել ու միշտ ծնելու է։
***
Երբ յաջորդ անգամ Մաունթ Օբըրնի գերեզմանատունը, Դրոյի՝ նոյնքան անշուք շիրմին այցելութեան գնացի, ինձ ցոյց տուեցին եռագոյնով փաթաթուած այն մի բուռ հողը, որ զօրավարն էր Հայաստանից հեռանալիս հետը վերցրել: Ոչ ոքի ոչինչ չասացի ու աննկատ կռանալով, ես էլ մի բուռ հող Շահան Նաթալիի շիրմաթմբից վերցրի: Ո՜վ գիտէ, բախտ կ՛ունենա՞մ, երբեւէ Խարբերդի Հուսէյնիկ գիւղը կը հասցնե՞մ: