Ներկայացրեց՝
ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ
Գիրքը տպագրուել է պետական աջակցութեամբ, 500 օրինակով: Գրքում զետեղուած է հեղինակի խօսքը՝ ուղղուած ընթերցողին: Նա գրում է. «Հայ ծնուելուս համար Աստծուն շնորհակալութիւն չեմ յայտնել, ոչ էլ փնովել եմ իմ ճակատագիրը: Ապրել եմ ինձ տրուածով՝ թէ ուժերս ներածին չափ փախչելով ազգային խեղճութիւնից: Նարեկացուն ու «Սասունցի Դաւի»չ էպոսը աշխարհի աչքը խոթելուց առաջ փորձել եմ ինքս լցուել նրանցով: Երեւի ուժս չի պատել: Չէ, դա անզօրութիւն չէ, ուրիշ բան է: Ո՞րն է ուժը, այն, որ գործադրւո՞ւմ է, թէ այն, որ զսպւում է: Կարծում եմ՝ գրականութիւնը բառերի մէջ զսպուած ուժն է: Հակառակը աղէտն է»:
Այսպէս էր մտածում, այսպէս էր ապրում, այսպիսին էր Վրէժ Իսրայէլեան մարդը, հայի սասունցի տեսակը, առանց որի, ինչպէս ինքն էր ասում, աշխարհը տխուր կը լինի: Եւ իրօք. մեր աշխարհը առանց սասունցի Վրէժ Իսրայէլեանի տխուր է: Տխրութիւն, թախիծ, ափսոսանք, բայց եւ վրէժիսրայէլեանական հումոր, ժպիտ եւ անեզր ջերմութիւն: Այսպիսին էր ամառային երեկոն Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Վաղ Թէ Ուշ» գրքի շնորհանդէսի արարողութեանը յաջորդեց Վրէժ Իսրայէլեանի յիշատակին նուիրուած յուշ-երեկոն: Երեկոյի ընթացքում մնջախաղի ուղեկցութեամբ հիւրերի ուշադրութեանը ներկայացուեցին հատուածներ հեղինակի նոր հրատարակուած «Վաղ Թէ Ուշ» գրքից (ընթերցում էր դերասան Դաւիթ Յակոբեանը), որոնք մերթընդմերթ ուղեկցւում էին հայ անուանի երգիչ-երգչուհիների կատարումներով:
Վրէժ Իսրեյէլեանն աշխատել է «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթում, «Սովետական Հայաստան» ամսագրում, «Գարուն» ամսագրում, տպագրուել է նաեւ այլ պարբերականներում: 1993-99ին եղել է ՀՀ ՊՆ «Հայ Զինուոր» պաշտօնաթերթի խմբագիրը, 1999-2009թթ. ղեկավարել է ՊՆ լրատուութեան եւ քարոզչութեան վարչութիւնը: Հեղինակել է Արցախեան պատերազմին նուիրուած վաւերագրական կինոսցենարներ («Մահից Առաջ Եւ Յետոյ», «Երկրապահը եւ քաղաքականութիւնը», «Այսպէս Դարձանք Երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին Գիծ», «Անդրանիկ» եւ այլն): Ստեղծագործութիւնները թարգմանուել են ռուսերէն, անգլերէն, վրացերէն, արաբերէն, ուկրաիներէն եւ այլ լեզուներով: «Տօնապետ» գրքի համար 2010ին արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճեանի անուան մրցանակի:
Ստեղծած բազմաթիւ կերպարներից գրողին ամենահոգեհարազատը Տօնապետն էր: «Հասկացայ, որ Սերվանտես լինեմ, թէ Վրէժ Իսրայէլեան, մէկ է՝ կեանքը վերափոխելու ունակ չեմ: Ընդամէնը իմ եւ Տօնապետի տեսակը կարող եմ փրկել», մի առնչութեամբ նշել է գրողը: Հարցազրոյցներից մէկի ժամանակ էլ, խօսելով գրողի հոգեվիճակի մասին, Վրէժ Իսրայէլեանն ասել էր. «Ես ծրագրերով չեմ առաջնորդւում: Մէկ էլ տեսար գրիչը վերցրի ու պատմուածք գրեցի: Կեանքում ոչ մի բան ինձ այնքան բաւականութիւն չի պատճառում, որքան գրուած պատմուածքը: Այդ պահերին սիրտս լցւում է ազնիւ թրթիռներով, դրամապանակս ծանրութիւնից տռզում է, ի՜նչ օլիգարխ, ի՜նչ պատգամաւոր, ի՜նչ ծափ ու ծնծղայ… դառնում եմ այս աշխարհի ամենակարեւոր մարդը. մարդ, ով ունի հայրենիք, ազատութիւն եւ արժանապատուութիւն»:
Գրքի նախաբանում գրող Ռուբէն Յովսէփեանը գրում է, թէ կեանքում, մարդկային փոխյարաբերութիւններում զսպուած ուժի մարմնացում էր Վրէժը: Զսպուած ուժը խնայում է շրջապատը, բայց ոչ երբեք ուժի տիրոջը: Նրա վերջին արարքը, վերջին քայլը նոյնպէս զսպուած ուժի արտայայտութիւն է: