Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Նոր Մեգաֆիլմ, Որտեղ Կոմիտասի Դերում Հանդէս Կը Գայ Էդրիան Բրոուդին

$
0
0

Վարեց՝ ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ

Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ֆիլմեր նկարահանւում են մոլորակի տարբեր անկիւններում՝ թէ՛ հայ, թէ՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Իւրաքանչիւրն իր մօտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել 20րդ դարի առաջին ցեղասպանութեան փաստը: Ոմանք խնդրին մօտենում են սեփական պետութեան շահերի տեսանկիւնից՝ թեմայի արծարծումը զուտ պատրուակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմութիւնն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հաւաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանաւանդ 100ամեակի շեմին, սպասում ենք մեծածաւալ ու հզօր կինօկտաւի, որը լիովին կը պարպի մեր յոյզերն ու ցաւը, ցասումն ու արդարութեան պահանջը:
Ռուսաստանաբնակ պրոդիւսեր Վալերի Սահարեանը դեռ 2013ին տեղեկացրել էր, որ Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմի նախագիծ է մշակւում՝ լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պէտք է այս տարի արդէն սկսուած լինէին: Վալերին Սեպտեմբերի վերջին Երեւանում էր եւ «Կինօաշխարհ»ին մանրամասնեց կինօնախագծի մասին:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Ինչո՞ւ յետաձգուեցին ֆիլմի նկարահանումները: Կինօնախագիծը ո՞ր փուլում է հիմա:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Որոշ հանգամանքներ թոյլ չտուեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պէտք էր լիարժէք պատրաստուել: Ես՝ որպէս պրոդիւսեր, եւ մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թէ ֆիլմը հասցնենք 100ամեակին: Ի վերջոյ, սա այն թեման է, որ 88, 95, թէ 100ամեակ՝ էական չէ: Կարեւորը որակեալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ 20րդ դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապէս կը մշակուի. նախապատրաստական աշխատանքները կ՛աւարտենք 2015ի գարնանը, իսկ աշնանը կը սկսենք նկարահանումները: 2016ի գարնանը ֆիլմը պատրաստ կը լինի:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Դեռ անցեալ տարի տեղեկացրել էք, որ ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդեան աստղեր: Կոմիտասի կերպարին մօտենալը մեծ պատասխանատուութիւն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնաւորելու Վարդապետին:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հաւաքական կերպարը: Աշխարհը պէտք է տեսնի ու համոզուի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետեւանքն է Հայոց Ցեղասպանութեան: Կոմիտասին մարմնաւորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդաւոր դերասան է. համոզուած ենք, որ Բրոուդին կը մտնի Կոմիտասի կերպարի մէջ ու հրաշալի կը խաղայ: Նա կարդացել է սցենարը, շատ է հաւանել ու համաձայնութիւնը տուել է արդէն: Եթէ այլ՝ չնախատեսուած հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կը նկարահանուի Կոմիտասի դերում:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Էլ ի՞նչ դերասանների էք նախատեսել ներգրաւել: Եւ ընդհանրապէս ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Կոմիսար Վերժէ. նա է ներկայացնում այս պատմութիւնը: Դեռ յստակ որոշուած չէ. կա՛մ Ժան Ռենօն կը խաղայ կոմիսար Վերժէ, կա՛մ Ժերար Դէպարդյէն: Ընդհանրապէս ֆիլմում լինելու են ցեղասպանութեան ահաւոր պատկերներ, որոնց հետեւանքով է գլխաւոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դէպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ յայտնւում է Վարդապետը: Կարեւոր, առանցքային կերպար է նաեւ կլինիկայի բժիշկը, որին մարմնաւորելու է Ալէն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաեւ հրեայ շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մօտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտութիւնը գրելու է Տիգրան Մանսուրեանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկեանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կը լինի կա՛մ Միլոշ Ֆորմանը, կա՛մ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բիւջէն կազմելու է 17 մլն. դոլար:
Ես շատ ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզօրն է լինելու, բոլոր ֆիլմերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարաւորութիւնները:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Ինչպէ՞ս էք ներկայացնելու մեր հանճարին: Տարածուած ու կարծրացած համոզմունք կայ, որ Կոմիտասը խելագարուել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թէ Կոմիտասը յանիրաւի է յայտնուել հոգեբուժարանում, ու մահուան պատճառն ամենեւին մտագարութիւնը չի եղել:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Եկէք Երեւանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնուազն 95 տոկոսը կը պատասխանի՝ խելագարուել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմութիւն կայ թաքնուած այդ լեգենդի հետեւում՝ իրական պատմութիւն: Պարզապէս սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպէս հարցը փակուած համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործութեան զոհ է. նրան խաբէութեամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրաւիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկէք մտնենք հիւանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլեւս չեն հանել այնտեղից:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Դուք մանրամասն ուսումնասիրե՞լ էք փաստերն ու պատմութիւնը: Ո՞ւմ էր վնասելու Կոմիտասն իր ներկայութեամբ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու նա մաքրամաքուր մտաւորականի, ազնիւ արուեստագէտի իր նկարագրով:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Մտաւորական, արուեստագէտ լինելուց բացի, Կոմիտասը նաեւ մեծ հեղինակութիւն էր: Նա ժամանակի հայ օլիգարխների մութ ու յանցաւոր կեանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթէ նա բարձրաձայնէր այդ ամէնի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետեւ խօսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եւրոպայում՝ հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու: Կոմիտասը շատ ծանր ապրումներ է ունեցել Եղեռնից յետոյ, բայց խելագարութեան չի հասել: Իւրաքանչիւր նորմալ մարդ նման դեպրեսիա կ՛ապրէր: Ցեղասպանութիւնն ուղղակի պատճառ էր, որպէսզի յայտարարուէր, թէ Կոմիտասն այդ զարհուրելի պատկերներից խելագարուել է, իսկ ֆրանսիացի մասնագէտները ջանում են բուժել հայ հանճարին: Բայց չկարողացան բուժել, ու նա մահացաւ: Իրականում Կոմիտասը մահացել է ոտքի փտախտից: Այդ կլինիկայում փայտէ կօշիկներ էին հագցնում հիւանդներին. ոտնամանը յարել է Վարդապետի ոտքը. վէրքը բորբոքուել է ու մահուան պատճառ դարձել:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Եթէ այդ պատմութիւնն էկրան բարձրանայ, դժուար չէ կռահել, թէ ինչ արձագանգ կ՛առաջացնի հանրութեան կողմից: Որոշ մարդիկ հետաքրքրուել են եւ յայտնաբերել, որ Կոմիտասի նկատմամբ ժամանակին դաւեր են նիւթուել, ապացուցել են, որ նա հոգեկան հիւանդութիւն չի ունեցել, բայց մօտ 20 տարի պահուել է հոգեբուժարանում: Բայց այդ փաստերը չեն հանրայնացուել ու տարածուել:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Ֆիլմում ամէն ինչ բացայայտ կը ցուցադրուի: Որեւէ բան թաքցնելու իմաստ չկայ: Մարդկանց պէտք է ճշմարտութիւնը յայտնել: Ես վերջին 6 տարիներին մանրամասն ուսումնասիրել եմ ամբողջ պատմութիւնը, 11 անգամ եղել եմ Փարիզի կլինիկայում, խօսել տարբեր մասնագէտների հետ: Խորհրդակցել եմ Տիգրան Մանսուրեանի հետ, որն իր մարմնի ու հոգու ամէն բջիջով զգում ու ապրում է Կոմիտասով, Արթուր Մեսչեանին եմ հանդիպել, որը խորութեամբ է ուսումնասիրել Կոմիտասի կեանքն ու ստեղծագործութիւնը: Թող աշխարհն իմանայ, թէ ինչ հանճար ունենք մենք, որի առջեւ խոնարհուել են Դեբիւսին ու Գնեսինը:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Հոգեբուժարանը, փաստօրէն, գործողութիւնների հիմնական վայրն է եւ առանցքային նշանակութիւն ունի ֆիլմում:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Այո, պէտք է պատկերացնել պարզապէս, թէ որքան է տանջուել Կոմիտասը հոգեբուժարանի պատերի ներսում: Կոմիտասի մասին յօրինուած լեգենդից այն կողմ Ցեղասպանութեան ողբերգութիւնը շարունակուել է: Առողջ մարդն այդ բանտից դուրս գալու հնարաւորութիւն չունի, բայց համակերպուել իրավիճակի հետ չի կարող: Հոգեբուժարանում ցոյց ենք տալիս նաեւ հրեայ շախմատիստ Շպիլմախերի կեանքի դիպուածները: Հոգեբոյժն աշխարհի շախմատի չեմպիոն Ալեոխինին ծանօթացնում է Շպիլմախերի հետ ու յորդորում, որ նրա հետ շախմատ խաղայ: Բժիշկը վստահ էր, որ եթէ Շպիլմախերի աստղային հիւանդութիւնը կոտրուի (իսկ նա անընդհատ պնդում էր, որ իրենից լաւ աշխարհում ոչ ոք շախմատ խաղալ չի կարող), հնարաւոր կը լինի բուժումն իրականացնել: Շպիլմախերն ասում է Ալեոխինին. «Ես քեզ 21րդ քայլում կը յաղթեմ»: Ալեոխինը ծիծաղում է ու խաղում նրա հետ: Եւ իսկապէս, 21րդ քայլում պարտւում է: Ալեոխինը ռեւանշ է պահանջում: Շպիլմախերն ասում է. «Ռեւանշ՝ մէկ պայմանով. եթէ ինձ ու ընկերոջս՝ Կոմիտասի համար էսկիմօ պաղպաղակ առնես»: Շպիլմախերը դարձեալ 21րդ քայլում պարտութեան է մատնում Ալեոխինին: Բժիշկը հասկանում է, որ նրան մարդասիրական մեթոդներով բուժել հնարաւոր չէ:
Որոշ ժամանակ անց Կոմիսար Վերժէն ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում շախմատի մրցումների ժամանակ տեսնում է Շպիլմախերին: Քաղաքապետին ասում է. «Ի՞նչ իմաստ ունի այս մրցոյթն անցկացնել, երբ այստեղ չեմպիոն է նստած: Նա երկու անգամ իմ աչքի առաջ յաղթել է աշխարհի չեմպիոն Ալեոխինին»: Քաղաքապետը նրան վստահեցնում է, որ Շպիլմախերը սովորական խաղացող է: Կոմիսարն սկսում է խաղալ նրա հետ ու շատ հեշտութեամբ պարտութեան է մատնում: Նա ապշահար հարցնում է Շպիլմախերին. «Երբուանի՞ց ես այս քաղաքում, ո՞ւր է Կոմիտասը»: Շպիլմախերը պատասխանում է, որ ոչինչ ու ոչ ոքի չգիտի: Կոմիսարը գլխի է ընկնում, որ հոգեբուժարանում, ի վերջոյ, «բուժել են» Շպիլմախերին: Իսկ ֆիլմի վերջում բժիշկն իր սենեակում նստած է. ռադիոյով հաղորդում են Հիտլերի ելոյթը. «Ո՞վ է այսօր յիշում 1.5 միլիոն կոտորուած հայերի մասին, վաղը ոչ ոք չի յիշի հրեաների մասին»:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Դուք զուգահեռնե՞ր էք անցկացրել Հայոց Եղեռնի ու Հոլոքոստի միջեւ:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Մեր ֆիլմն ասում է՝ եթէ Հայոց Ցեղասպանութիւնն իրականացնողները պատժուէին ու միջազգայնօրէն դատապարտուէին, Հոլոքոստը չէր լինի: Այս ֆիլմը պէտք է բոլորը դիտեն, ու դահլիճում պէտք է թուրքեր էլ լինեն:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Նախատեսե՞լ էք ֆիլմի համաշխարհային պրեմիերաներ:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Ի հարկէ, կինօվարձոյթ, կինօթատրոններ, փառատօներ. ամէն տեղ պէտք է ցուցադրուի այն: Վեց երկիր է մասնակցում ֆիլմի ստեղծմանը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա եւ Իսրայէլ:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Ճապոնիա՞:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Այո, Ճապոնիան մեծապէս հետաքրքրուած է այս նախագծով: Ընդհանրապէս այդ երկիրը պատմական իրողութիւնների, յատկապէս ցեղասպանութիւնների մասին նախագծերին յաճախ է նախապատուութիւն տալիս:

ՆԱԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ.- Իսկ Հայաստանի՞ մասնակցութիւնը:
ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐԵԱՆ.- Տիգրան Մանսուրեան. այս անունը բաւական չէ՞ միթէ: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցութեանը, դեռ յստակեցուած չէ:

Ֆիլմի պրոդիւսերի՝ Վալերի Սահարեանի մեծագոյն ցանկութիւնն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը ջանացել է սպանել, ոչնչացնել: Այդ գենի զօրութիւնն իր ծնած հանճարների մէջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կեանքով ու վախճանով ստեղծուելու է մի ամբողջ ժողովրդի հաւաքական կերպարը:

Kinoashkharh.am


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles