Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Մեր Սրտերը Իրար Կապող Սովորութիւններ

$
0
0

Ռ. ԿՈՐԻՒՆ

Թաթախման գիշեր է, ինչպէս ընդունուած է ասել նաեւ՝ խթման: Տնեցիները պատրաստութիւն են տեսել հայկական խոհանոցային կերակրատեսակներ՝ æրօրհնէքին յատուկ: Նախքան սեղանի շուրջը անցնելը, յիշում եմ մօրս բարեպաշտական այն սովորութիւնը, որ իւրաքանչիւր թաթախման գիշեր խունկ էր ծխում՝ յիշելով կեանքից հեռացած հարազատներին, իւրաքանչիւրի անունը խորհրդաւոր զգայնութեամբ արտաբերելով խունկ էր դնում կեծ կարմիր ածուխի վրայ, Ճրագալոյցի պատարագից տուն վերադառնալուց անմիջապէս յետոյ: Ահա ես էլ նոյն սովորութեան հետքերով անցնում եմ գործի: Մեծ թոռս՝ հինգ տարեկան Նազէն, հետաքրքրուած հարց է տալիս.
– Ապապա ի՞նչ ես անում, էս ծակծակ թիթեղը ի՞նչի համար է:
æանանում եմ նրա բոլոր հարցերին համբերութեամբ պատասխանել, որպէսզի մեր խօսակցական լեզուին վարժուի:
– Այս թիթեղի վրայ վառած ածուխ եմ շարելու, յետոյ կը տեսնես, ինչ եմ անելու, նախ գնանք, կրակ վառենք:
Նրա ձեռքը բռնած՝ բակում դրուած կրակարանին ենք մօտենում, այդ միջոցին կնոջս հետ մեր մօտ է գալիս աւելի փոքր թոռնիկս՝ Ցօղիկը, նա էլ հետաքրքրութիւնից մղուած հարցեր է ուղղում թոթովախօս բառերով. նա երեք տարեկանի սեմին է, բայց դեռ կակազում է, ստանալով պատասխան՝ կանգնում է կողքիս, անդադար խառնուելով գործին:
Տօնական հաճելի գիշեր է, դրանով հանդերձ որ ձմռան եղանակ է, սակայն գարնան գաղջ երեկոյի տպաւորութիւն է թողնում, ոչ սրթսրթացնող: Գրեթէ լիալուսնի սկավառակը էն ծիրկաթնի մօտից իր արծաթէ ջինջ լոյսն է արձակել մութը մեղմացնելու նպատակով, անհամար աստղերի զարդարանքը եւս երկնքում իրենց կախարդական շէկ պլպլոցով լուսնի մէջքին կանգնած մունջ օգնում են նրան առատահոս լոյսի տարածման՝ առաւել շուք ու փայլ տալու Մեսիայի Ծննդեան երեկոյին, այսպէս՝ երկինք ու երկիր տօն են բռնել Յիսուսի Ծննդեան առիթով:
Կրակարանի հուրհրացող բոցին հսկում եմ, որ շատ չբոցկլտայ, հարեւանների բողոքի ալիքից զգուշանալով, քանի որ շրջապատը փայտ է եւ բռնկուելու վտանգը հաւանական: Ես այնքան էլ փայտաշէն բնակարանի հետ հաշտ չեմ, նա ժամանակաւոր տպաւորութիւն է թողնում տարերքի վտանգին ենթակայ՝ հրդեհի, փթման եւ այլ:
Այստեղ թող յիշեմ մի դէպք կրակի հետ կապուող, որը մտահոգիչ դարձաւ, սակայն բարեբախտաբար պատժիչ հետեւանք չունեցաւ: Մեր նախկին վարձու համալիր կառոյցի յարմար խորովածի տեղ չունէինք, հարկադրուած կնոջս հետ խորովելիք միսն ու պատկանելիք առարկաները վերցրած Գլենդելի Վերդիւգօ զբօսայգին գնացինք, մեր տարած կրակարանը դրինք զբօսայգու կրակարանի վրայ եւ մօտակայ թափթփած չոր փայտերը հաւաքելով կրակ արեցինք, կրակի ծուխն ու բոցը երկինք էր բարձրացել, մենք էլ միամիտ՝ միսը շամփուրին ենք քաշում, լոլիկը, սոխը, գետնախնձորը, բիբարը եւ սմբուկն էլ պատրաստում ու սպասում ենք, որ հուրհրացող բոցի ալիքաւորուող հրեղէն լեզուները կրակարանի երախում հանգչեն, այդ միջոցին հրշէջ մեքենան մի կողմից եւ «փարք»ի պատասխանատուները միւս կողմից՝ կրակի շուրջը օղակելով, բոցկլտացող խոշոր փայտերը մարել տուին կրակարանում թողնելով ածխացած կրակը, ինձ նկատողութիւն անելով թարգմանի միջոցով, կրակ անելու մասին օրէնքը բացատրեցին, ապա ինքնութեանս տեղեկութիւնները առնելով, թողին, հեռացան: Իմ անզգոյշ արարքը մեզ մտահոգութեան եւ անհանգստութեան մատնեց հետագայ պատասխանատուութիւնից եւ տուգանքից: Եղած կրակով կիսատ պռատ բաներ խորովելով, տուն մեկնեցինք:
Ուր էլ լինենք, պէտք է օրէնքը յարգել եւ ուշադիր լինել:
Ամերիկայում, հասարակութեան աչքի առջեւ մարդկանց արարքները ըստ օրինաց ձեւուած ու չափուած պիտի լինեն տարբեր տեսակէտից, որպէսզի մարդ չտուգանուի, այն էլ ինչ բարձր տուգանք, որի պատճառով զգուշութիւն եւ կարգ ու կանոն է տիրում խայտաբղէտ ժողովրդների երկրում: Ես համաձայն եմ այս տեսակ օրէնսդրութեան հետ, կարգ ու կանոնի խստութիւնը ապահով եւ խաղաղ կեանքի, հանգստութեան եւ յառաջադիմութեան երաշխիք է: Յոյսով մեր Հայաստան աշխարհում եւս կարգ ու կանոնի եւ օրէնքի խստութիւնը տիրակալ լինի:
Այժմ վերադառնանք մեր տան կրակին:
Պզտիկները՝ սեւեռուած կրակին, ուրախութեան ճիչեր են արձակում, մերթ մօտենում են, մերթ նահանջում բղաւելով.
– Վա՜յ, էս ինչ տաք է:
Խեւաթուխ ածուխը եւ փայտի կտորտանքը դարձան վառվռուն բոսորաթոյր. շարում եմ թիթեղի վրայ։ Կայ առած՝ թէ սեւին սապոնը ինչ կ՛անի, խեւին՝ խրատը, սակայն մենք սեւին դարձրինք վառ կարմիր ջերմացնող եւ այրող կրակ:
Թոռներս կրակի շուրջը ակնդէտ շարժումներիս են հետեւում: Խունկն եմ բերում, որ կրակի վրայ ծխեցնեմ, Նազէն ձեռքը մեկնում է դէպի խունկը, ափի մէջ առնելով մի քանի հատիկներ՝ անոյշ բառերով հարցնում է.
– Ապապա, ի՞նչ է սա:
– Սրան ասում են խունկ, անուշաբոյր ծառի խէժից է ստացւում:
– Ի՞նչ են անում սրան:
– Կրակի վրայ ծխեցնում են, որ անոյշ հոտ տարածուի, մի քանի յատկութիւններ ունի:
– Ի՞նչ է նշանակում յատկութիւն:
– Այստեղ, այսինքն՝ գործածութեան տեսակ, օրինակ, առաջին՝ հոտառութեան անոյշ հոտ է տարածում շուրջը, երկրորդ՝ օդում մանրէներին-միկրոբներին է սպանում, հականեխիչ յատկութիւն ունի, երրորդը՝ խորհրդաւոր մթնոլորտ է առաջացնում աղօթքի համար, հասկացա՞ր, ինչ որ ասացի.
– Հա՛, հասկացայ:
– Հա չեն ասի, կասեն՝ այո՛, խունկը գործածւում է եկեղեցում, գերեզմանատնում եւ այսպիսի առիթներով: Եկեղեցում խունկի անուշաբոյր ծուխը տարածւում է եկեղեցական սպաս՝ բուրվառով:
Նախքան խունկը կրակի վրայ դնելը խաչակնքում եմ, «Հայր Մեր» եմ ասում, ապա յիշում եմ ծնողներիս եւ հարազատ ննջեցեալների անուններ՝ նրանց հոգուն խաղաղութիւն հայցելով:
Մեռեալներին յիշելով կապուած ենք մնում մեր անցեալին, երախտապարտ՝ նրանց արածին, խրախուսիչ՝ գալիք սերունդներին:
Մեծ թոռս մաքուր հայերէն է խօսում՝ սովորելով մեզանից եւ յաճախած մանկամսուրի տնօրէն՝ հայաստանցի յարգելի օրիորդից: Նրա բնակարանը նաեւ օգտագործւում է որպէս մանկամսուր, նոր է, ունի քիչ թուով աշակերտներ, որոնք լաւապէս վարժւում են հայերէն լեզուին՝ հայաստանեան ոճով եւ առոգանութեամբ: Թոռս չի համբերում եւ իր հարցումն է ուղղում.
– Ապապա՛, էս ի՞նչ արեցիր եւ ի՞նչ ասացիր:
– Այսպիսի ժամանակ խաչակնքում ենք, «Հայր Մեր» ենք ասում եւ ննջեցեալների համար հոգու խաղաղութիւն ենք խնդրում:
Ելեկտրական դեղնաւուն լոյսի տակ խնկի հոտաւէտ ծուխը սփռւում է մեր շուրջ բոլորը եւ մուտք է գործում բնակարանից ներս, հոգեպարար մթնոլորտ ստեղծելով: Տնեցիները մէկ-մէկ մօտենում են կրակին եւ խունկ են աւելացնում, կապտաւուն ծուխը լոյսից դէպի վեր դէպի աստղաբոյլ երկինքն է սաւառնում մեր աղօթքների հետ միասին եւ անէանում տեսողութիւնից:
Խնկածխումը աւարտելով պատրաստւում ենք ընթրիքի համար: Յարկաբաժնում խատուտիկ տօնածառը իր երփներանգ ճրագներով ու շարիկներով տօնական շքեղութիւն եւ գեղեցկութիւն է պարգեւել բնակարանին եւ ուրախութիւն բնակիչների սրտերին, ի մասնաւորի երեխաներին: Խտասալիկով հայերէն երգեր են սփռւում՝ ուրախ պար ու երաժշտութիւն: Ընթրիքի սեղանը պատրաստ է, յիշում եմ հօրս, որ խթման գիշերը իր ջանքերով ու զգուշութեամբ հողի տակ պահած գինու շիշը՝ անապակ ու քաղցր, դնում էր սեղանին, լցնում էր մեծ գաւաթի մէջ, նշխարքը մանրացնելով գինու մէջ, ի նշան «Վերջին Ընթրիքի», աղօթք էր մրմնջում, խաչակնքելուց յետոյ բաժակները լցնելով բաժանում էր սեղանակիցներին շնորհաւորելով տօնը: Ի հետեւումն հօրս արարքին խաչակնքումով եւ «Հայր Մեր» Տէրունական աղօթքով նշխարքը մանրացնում եմ բաժակով գինու մէջ, բաժանում եմ ընտանեկան կազմի անդամների մէջ շնորհաւորելով Յիսուսի Ծնունդը, ապա՝ կենացներ եւ մաղթանքներ:
Իսկապէս ինչ գեղեցիկ եւ տպաւորիչ է՝ տօնական սեղանի շուրջ հաւաքուեն ընտանիքի բոլոր անդամները եւ միասնաբար, մէկ սիրտ ու մէկ հոգի դարձած նշեն մեր տօները հայկական սովորութիւններով: Այս սովորութիւնների պահպանումը անհրաժեշտութիւն է, մանաւանդ հայրենիքից հեռու, օտար ափերում:
Թող մեր երիտասարդ ծնողները շատ առիթ տան երեխաներին առաւել շփուելու եւ հաղորդուելու իրենց պապիկ-տատիկների հետ, նրանք ընտանիքի արմատն են, նրանցով են փոխանցւում մեր սովորութիւնները, նրանցով են բալիկները սնւում հայկականութեամբ: Պապիկն ու տատիկը սերնդաշառաւիղի վստահելի երաշխիքն են՝ առհաւատչեան:

——————————————————-

Կը Շնորհաւորեն Հայ Համայնքի Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը Եւ Հայ Ժողովուրդին
Կը Մաղթեն Բարգաւաճ, Խաղաղ Եւ Արդիւնաբեր Տարի Մը

Ալէք, Ալէնուշ, Փաթրիք, Նիքոլ Եւ Էրիք Պաղտասարեաններ


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles