ՄԵՐԻ ՄԱՄԵԱՆ
Լոս Անջելեսում 2005թ. կազմաւորուած հայկական «Էլեմենտ Բենդ» (Element Band) խումբն այս տարուայ Մարտին առաջին անգամ ելոյթ է ունեցել նաեւ Երեւանում: Խումբը ներկայացնում է հայկական ազգային երգեր՝ իւրօրինակ գործիքաւորմամբ եւ կատարմամբ:
Տարիների ընթացքում խմբի կազմը փոխուել է՝ 6-9 անդամ: Այժմ Երեւանում խումբը ներկայացնում են Արա Տապանճեանը եւ Սօսէ Արամունին: Խումբը թողարկել է 3 ձայնասկաւառակ, աշխատում է 4րդի վրայ:
«Գալիս մտածում էինք, թէ ինչպէս պէտք է ընդունեն մեզ՝ արտասահմանից գալիս ենք, հայերէն ենք երգում», ժպտալով ասում է խմբի մեներգչուհի Սօսէն:
«Բայց մէկ բան մը յստակ եղաւ, որ նախ՝ նման երաժշտութիւնն ընդունելի է, երկրորդ՝ չէին լսած այսպիսի դասաւորումներ, եւ շատ դրական էր արդիւնքը», յաւելում է Արան:
Վերջինս «Էլեմենտ Բենդ»ի հիմնադիրն է, նաեւ գրում է երաժշտութիւն եւ երգի բառեր: Բեմի վրայ Արային կարելի է տեսնել մի քանի գործիք նուագելիս, սակայն այն հարցին, թէ քանի գործիք է նուագում, Արան ժպտալով ասում է, որ «օր մը կը հաշուէ»:
Չնայած խմբի երգացանկի հիմնական մասը հայկական էթնիկ երգերի մշակումներն են, սակայն նրանք երգում են նաեւ 10 լեզուներով երգեր: Սրանք հիմնականում տուեալ ազգի էթնիկ երգերի մշակումներ են: Երգերի մշակումների ժամանակ խմբի անդամներն օգտագործում են տարբեր երաժշտութիւններից առանձին մասնիկներ եւ դրանք միաւորում «Էլեմենտ Բենդ»ի երաժշտութեան մէջ: Այդ պատճառով էլ Սօսէն եւ Արան իրենց երաժշտութեանը կոնկրետ ժանր չեն վերագրում, այլ այն անուանում են «world music» (աշխարհի երաժշտութիւն):
«Միշտ կը շեշտեմ, որ հոգին ու շունչը շատ հայկական են, ինչ որ մենք զգացած ենք եւ ինչ որ մենք կը զգանք: Այստեղ գալով՝ նոյնիսկ կը կրկնպատակուեն այդ զգացումները, որովհետեւ վերջապէս հայրենքի մէջ կը նուագենք», ասում է Արան:
«Էլեմենտ Բենդ»ն առիթ է ունեցել մի քանի անգամ ելոյթ ունենալու Լոս Անջելեսի «Հոլիվուդ Բոուլ»ի (Hollywood bowl) բեմահարթակում, որը տեղի ամենայայտնի եւ ամենամեծ համերգային վայրերից է: Այստեղ ժամանակին ելոյթ են ունեցել «Բիթըլզ»ը, Ֆրենկ Սինատրան եւ այլ յայտնի երաժիշտներ: Արան ասում է, որ շատ աւելի հեշտ է իրենց երաժշտութիւնը լսելի դարձնել հայկական միջավայրում, որտեղ մարդիկ կարօտ են ազգային մշակոյթին: Բայց խմբի նպատակն է, որ հայկական երգն ընդգրկի աւելի լայն լսարաններ: Դա է պատճառներից մէկը, որ իրենք տարբեր գործիքաւորումներով են երգերը մշակում, որպէսզի այն ընդունելի լինի տարբեր նախասիրութիւններ ունեցող ունկնդիրների համար:
«Այդ մասն է, որ քիչ մը աւելի դժուար է, եւ յաջողած ենք շատ փոքր ձեւով, բայց նորէն հպարտ ենք, որ այդքանը ըրած ենք: Դիւրին չէ, նորութիւն է հայկական երգը հանրային ձեւով ուրիշ ազգերու ներկայացնելը: Բայց անոր համար հպարտ ենք, որ մաս մը կայ, որ մտիկ կ՛ընէ մեզի», ասում է Արան:
Վերջինս համոզուած է, որ մշակոյթի եւ ազգապահպանութեան հիմքը երաժշտութիւնն է: Սօսէն յաւելում է, որ երաժշտութեամբ աւելի հեշտ է տարբեր մարդկանց ներկայանալ: Երաժշտութեան դէպքում մարդը միայն լսում է, շատ ջանք չի գործադրում, ի տարբերութիւն, օրինակ՝ գրականութեան, որը պահանջում է լեզու սովորել: Սօսէն եւ Արան ուզում են, որ հայկական մշակոյթը չվերանայ Սփիւռքի հայ երիտասարդների կեանքից. գուցէ ոմանք հայերէն չեն խօսում, բայց գոնէ հայկական երաժշտութիւն են լսում:
«Լոս Անճելըսի պէս տեղ նիւթական բաները աւելի կարեւոր են, քան մշակոյթը: Պէտք է շեշտուի, թէ որքան կարեւոր է այս հարցը: Յուսամ, որ երաժշտութեամբ գոնէ մեր բաժինը կը կատարենք», ասում է Արան: