Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Արտէոմ Մանուկեանը Ներկայացնում է Իր Առաջին՝ «Սիթիզեն» Ալբոմը

$
0
0

0618artyomM1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Տաղանդաւոր թաւջութակահար եւ բաս կիթառահար Արտէոմ Մանուկեանը հանդէս է գալիս նաեւ որպէս երգահան եւ Յունիսի 18ին Լոս Անջելեսում կը ներկայացնի իր առաջին՝ «Սիթիզեն» անուանումով ալբոմը: «Ջազը շատ է ազդել իմ ստեղծագործութիւնների վրայ, դասական երաժշտութիւնը՝ միգուցէ աւելի շատ, առօրեայ Լոս Անջելեսի կեանքը նոյնպէս: Նաեւ, լսելով իմ ստեղծագործութիւնները կարելի է զգալ, որ հեղինակը հայ է: Ես դա յատուկ չեմ անում, այդպէս եմ մտածում ու զգում, դա գենետիկ հարթութեան մէջ է», խոստովանում է երաժիշտը:

Վերջին տարիներին Լոս Անջելեսում բնակուող, Երեւանի Պետական կոնսերվատորիայի շրջանաւարտ Արտէոմ Մանուկեանի երաժշտութիւնը ծնուել է տարբեր ոճերում նրա տարիների փնտռտուքներից յետոյ: Իր այս մտայղացումը ամբողջացրել են հայ եւ ամերիկացի յայտնի երաժիշտներ Վարդան Օվսեփեանը, Տիգրան Համասեանը, Վահագնին, Ժամիրէ Ուիլիամսը, Թրոյ Զեիգլերը, Միգել Արթւուդ Ֆերգիւսոնը, Թիմ Լեֆեբվրէն, Մարկ Դէ Քլիֆ-Լոյէն՝ մասնակցելով ալբոմի ձայնագրմանը: «Այս երաժշտութիւնը փորձարարական է, ուսումնասիրող, տարբեր ուղղութիւններ առաջարկող: Արտէոմի ալբոմում լսում ենք պրոգրեսիւ եւ ժամանակակից կոնցեպտներ, սակայն նա հաւատարիմ է նաեւ իր մշակոյթին ու աւանդոյթներին, եւ նորովի է մեկնաբանում այն: Շատ ուրախ եմ, որ այս նախագծին մաս եմ կազմում», նշում է թմբկահար Ժամիրէ Ուիլեամսը:

Բազմատաղանդ երաժիշտ Մանուկեանը, երաժշտական համաշխարհային ընտանիքի քաղաքացի է, ինչը եւս մէկ անգամ ամրագրւում է նրա «Սիթիզեն» ալբոմով:

Արտէոմ Մանուկեանը, Երեւանի Պետական կոնսերվատորիայի թաւջութակի բաժինն աւարտելուց յետոյ, ուսումը շարունակել է Գերմանիայի լաւագոյն համալսարաններում, Բըրքլիի երաժշտական քոլեջում:

2005 թուականին, Արտօ Թունջբոյաջեանը Արտէոմին հրաւիրում է «Արմինիան Նէյվի Բենդ», որի կազմում էլ խմբի ամենաերիտասարդ երաժիշտը շահում է «Բիբիսի»ի Համաշխարհային երաժշտական մրցանակը: Այս խմբի հետ տարբեր երկրներում շրջագայութիւնների ժամանակ Մանուկեանն արժանանում է բարձր գնահատականի բազմաթիւ հանրայայտ երաժիշտների կողմից:

«Երիտասարդ բաս կիթառահարը ֆանտաստիկ է», Արտէոմին լսելով ասում է ջազ աշխարհի հանրայայտ ներկայացուցիչներից Ջոյ Զաւինուլը:

Հայաստանում Արտէոմ Մանուկեանը միաժամանակ հանդէս է գալիս տարբեր ժանրերում՝ նուագելով Վահագն Հայրապետեանի «Կատուներ» ջազ խմբում, Ռուբէն Հախվերդեանի հետ, «Ռեինքարնէյշըն» խմբում, ընկերոջ՝ Աչիլայի հետ հիմնում է հիփ հոփ ուղղութեան «Նոր մարդիկ» խումբը, հնչիւնաւորում է հայ երաժիշտների երգեր, «Դորիանս» ռոք խմբի հետ մասնակցում է յայտնի հիթերի ստեղծմանը:

Արտէոմ Մանուկեանն ուրոյն տեղ է գրաւում հայ երաժշտական կեանքում՝ լինելով նոր սերդնի լաւագոյն ու սիրուած երաժիշտներից: 2010 թուականին սիրոյ հետքերով Արտէոմը տեղափոխւում է Միացեալ Նահանգներ: Անձնական կեանքում փոփոխութիւնը նրա համար դառնում է նաեւ ստեղագործական նոր վերելքների սկիզբ: Լինելով բազմատաղանդ երաժիշտ, Արտէոմ Մանուկեանը կարճ ժամանակում ամերիկեան փոփ եւ ջազ աշխարհում հաւասարապէս ընդունւում ու գնահատւում է: Կարճ ժամանակում նրա ցանկը համալրւում է յայտնի կատարողների ու խմբերի հետ համագործակցութեամբ, այդ թւում՝ Բոբի Բրաուն, DMC լեգենդար ռեփ-ռոք խումբը, Մէյսի Գրէյ, Նատաշա Բեդինգֆիլդ, Ռիկի Մարտին, Դրակօ Ռոսան, որի «Գրեմմի» շահած Վիդա ալբոմում նուագում է նաեւ Արտէոմը: Հայ երաժիշտներից Մանուկեանը ստեղծագործում է Վարդան Օվսեփանի, Տիգրան Համասեանի, Բէյ Ռուի հետ, միաժամանակ՝ հանդէս է գալիս աշխարհահռչակ ջազմենների հետ տարբեր խմբերում: Արտէոմ Մանուկեանի կատարումներին կարելի է հանդիպել հոլիվուդեան մրցանակակիր բազմաթիւ ֆիլմերում:

2014 թուականը Արտէոմ Մանուկեանի երաժշտական գործունէութեան նոր փուլը նախանշեց: Նոտաների ու հնչիւնների աշխարհում տարիներով դեգերումները բերում են տրամաբանական եւս մէկ հանգրուանի: Արտէոմ Մանուկեանը ներկայանում է նաեւ որպէս երգահան: Բացառիկ ընդգրկունութիւն ունեցող այս երաժիշտն իր առաջին ձայնասկաւառակում ամփոփում է տարիների ընթացքում հաւաքածն ու միաժամանակ սկիզբ է դնում ստեղծագործական նոր շրջանի: Արտէոմը խոստովանում է, որ վերջապէս գտել է իր մեկնակէտը:

Արտէոմ Մանուկեանի «Սիթիզեն» ձայնասկաւառակի շնորհանդէսը տեղի կ՛ունենայ Հինգշաբթի, Յունիսի 18ին, երեկոյեան ժամը 9ին, «Բլու Ուէյլ» ջազ ակումբում: (Blue Whale Jazz Club, Weller Court, 123 Astronaut E S Onizuka St #301, Los Angeles, CA 90012)

0618artyomM


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles