«Էլեմենտ Բենդ»ը վերադառնում է նոր երգացանկով, որն առաջին անգամ հանրութեանը կը ներկայացնի Յունիսի 20ին, Փասադենայի «Լեւիթ Փաւիլիոն»ում: «Մեր ունկդիրներն ու երկրպագուները երկար ժամանակ սպասում էին մեր կողմից նոր երգերի, եւ ուրախութեամբ պէտք է յայտնեմ, որ վերջապէս այդ պահն եկաւ: Ներկայացնելու ենք տասը նոր ստեղծագործութիւններ, որոնք տեղ են գտնելու մեր առաջիկայ ալբոմում: Դրանք՝ մեր ոճին համահունչ, հիմնականում հայկական ժողովրդական երգեր են՝ նոր գործիքաւորմամբ եւ ձեւաւորմամբ», տեղեկացնում է «Էլեմենտ Բենդ»ի հիմնադիր, երաժիշտ Արա Դաբանջեանը:
Նրա հաւաստմամբ, մէկ ու կէս ժամ տեւող համերգի ընթացքում կը հնչեն նաեւ իրենց հին ու սիրուած երգերը, նորերի հետ միասին, որոնք Դաբանջեանը յոյս ունի, որ նոյնպէս կը դառնան սիրելի: Ըստ խմբի հիմնադրի, տարիների ընթացքում թէեւ խմբի երաժիշտները փոխւում են, սակայն ոգին նոյնն է, եւ Յունիսի 20ի համերգին «Էլեմենտ»ը կը ներկայացնի հանդիսատեսին հարազատ դարձած երաժշտութիւնն իր ողջ ներկապնակով:
Հեղինակաւոր «Լեւիթ Փաւիլիոն»ն իր այս տարուայ համերգաշրջանի համար ընտրել էր «Էլեմենտ Բենդ»ին: Ամերիկեան այս կազմակերպութեան նպատակն է կենդանի երաժշտութիւնը հասանելի դարձնել բոլորին՝ խթանելով սէրն արուեստի նկատմամբ, տօնելով մշակութային բազմազանութիւնն ու միաւորելով ու զօրացնելով համայնքները: Ամրան ընթացքում, Փասադենայի բացօթեայ բեմում, տարբեր ոճերի երաժշտութեամբ հանդէս են գալու շուրջ 50 կատարողներ ու խմբեր:
Յունիսի 20ին նախատեսուած համերգն անվճար է, սկիզբը՝ երեկոյեան 7։30ին: «Լեւիթ Փաւիլիոն»ի հասցէն է՝ 85 E. Holly , Pasadena, California:
Այս համերգը նաեւ լաւագոյն առիթ է ամառային երեկոն անցկացնելու ընտանիքի ու ընկերների հետ՝ հայկական երաժշտութեան ներքոյ:
Տեղեկանք. 2005թ.ին ստեղծուած «Էլեմենտ Բենդ»ը (Element Band) ներկայացնում է հայկական ազգային երգեր՝ իւրատեսակ գործիքաւորմամբ ու կատարմամբ: Խմբի հիմնական երգացանկում հայկական ժողովրդական, նաեւ՝ աշխարհի այլ էթնիկ երգերի մշակուած տարբերակներ են: «Էլեմենտ Բենդ»ի հիմնադիրն ու անդամները իրենց երաժշտութեանը կոնկրետ ժանր չեն վերագրում եւ բնութագրւում են՝ որպէս «աշխարհի երաժշտութիւն» (world music):