


ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Հրապարակի վրայ է ՀՀ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմաբան Արտակ Մովսիսեանի «Տաս հայ ականաւոր արքաներ» գիրք-ալբոմը: Հայոց պատմութեամբ հետաքրքրուող հասարակութեան լայն խաւերի համար նախատեսուած այս հանրամատչելի աշխատութիւնը (Երեւան, «Զանգակ» հրատ., 2012), առաջին իսկ հայեացքից գրաւում է ընթերցողին ոչ միայն արտաքին շքեղ տեսքով եւ նկարների բարձրորակ տպագրութեամբ, այլեւ՝ բովանդակութեամբ: Հայոց պատմութեան կարեւորագոյն հանգրուաններն ընդգրկող եւ հայ արքաների մասին կարեւոր տեղեկութիւններ հաղորդող գործ է այն, որ կարդացւում է մեծ հետաքրքրութեամբ: Ներկայացուած է Հայաստանի հնամեայ պատմութիւնն իր փառահեղ անցեալով եւ իմաստուն թագաւորներով: Հեղինակին յաջողուել է սեղմ տողերի մէջ ամփոփել եւ ընթերցողին հաղորդել կարեւորագոյն պատմական փաստեր ու թուականներ, որպէս աղբիւր օգտագործելով եւ մէջբերումներ կատարելով հայ եւ օտար պատմիչներից (Մ. Խորենացի, Է. Կողբացի, Փ. Բիւզանդ, Պլուտարքոս, Ստրաբոն): Պահպանելով ժամանակագրութեան թուական յաջորդականութիւնը, հեղինակը ընտրել է առանձնայատուկ կարեւորութիւն ունեցող տաս արքաների: Հեղինակի վկայութեամբ, գրքում ընդգրկուած ականաւոր հայ արքաների թիւը չի սահմանափակւում 10ով, բայց որոշ հանգամանքների պատճառով առայժմ այսքանն են նշուած գրքում:
Արամ Նահապետ.- Պատմահայր Խորենացուց կատարած մէջբերումով հեղինակը նկարագրում է Հայկ Նահապետի արքայատոհմից սերած Արամին, որպէս քաջ եւ հայրենասէր թագաւոր, որ լաւ էր համարում մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թէ ինչպէս են օտարազգի ցեղերը ոտնակոխ անում այն: Նա բազմաթիւ յաղթական պատերազմներ է մղել զաւթիչների դէմ, գրաւելով նոր տարածքներ եւ ընդարձակելով երկրի սահմանները: Նրա անունով էլ օտարները մեր երկիրը կոչում են Արմէնիա:
Արգիշտի Ա.- Հիմնուելով Խորխոռեան ժայռափոր արձանագրութիւններին, հեղինակը նշում է, որ Վանի հայկական թագաւորութիւնը հզօրութեան գագաթնակէտին է հասնում հայոց մեծ տիրակալ Արգիշտի Ա.ի օրօք (Ն. Ք. 786-764թ.թ.): Նրա մղած յաղթարշաւները ուղղուած են եղել հայկական լեռնաշխարհի տարբեր ցեղերը եւ տարածքները Ուրարտու պետութեան մէջ միաւորելու նպատակին: Նոր արշաւանքներ ձեռնարկելով, Արգիշտին իր տէրութեանն է միացնում նոր տարածքներ ընդլայնելով Հայաստանի սահմանները, այն վերածելով աշխարհակալութեան: Այս արքայի ջանքերի շնորհիւ է որ ստեղծւում է Վանի (Բիայնիլի-Ուրարտու-Արարատ) հայկական գերհզօր տէրութիւնը:
Ռուսա Բ.- Վանի թագաւորութեան վէրջին մեծ տիրակալի՝ Ռուսա Բ դիւանագէտ արքայի նուաճումների մասին է պատմում յաջորդ դրուագը: Պատմութիւնը նրա մասին ժլատ տեղեկութիւններ է պահպանել: Յայտնի է, որ սկզբից եւեթ նա նոր քաղաքներ է հիմնադրել, որոնցից մէկը Թեշեբայինն է՝ Երեւանի ներկայիս Էրեբունի թաղամասում գտնուող Կարմիր բլուրը: Նրա օրօք կառուցուել են ջրանցքներ, ոռոգման սիստեմներ, բերդեր եւ դղեակներ: Ծաղկում են ապրել արուեստն ու արհեստները: Իր խորաթափանց դիւանագիտութեան շնորհիւ Վանի թագաւորութեան թշնամի համարուող կիմմերներին նա կարողանում է դարձնել Հայաստանի բարեկամ, վտանգի սլաքն ուղղելով դէպի Ասորեստան:
Տիգրան Ա.- Հայոց արքաների ընտրեալ տասնեակին մաս է կազմում նաեւ Երուանդեան հարստութեան ներկայացուցիչ Տիգրան Ա. թագաւորը: Հայկական աւանդական պատմագրութիւնը փառաբանում է նրան, որպէս հզօր եւ յաղթական թագաւոր, որ շատ պատերազմներ է մղել, ընդլայնելով հայկական տէրութեան սահմանները: Նա պայքարել է յանուն ազատութեան եւ անկախութեան եւ՝ ճանաչուել որպէս իմաստուն առաջնորդ:
Տիգրան Բ. Մեծ.- Յաջորդ դրուագում հեղինակն անդրադառնում է հայոց պատմութեան եւ յատկապէս՝ հայ արքաների մէջ բացառիկ տեղ գրաւած՝ Տիգրան Բ. (Մեծ)ին, ով իր գահակալութեան ընթացքում կարողացաւ ստեղծել հզօր աշխարհակալութիւն, որի սահմանները եւ քաղաքական ազդեցութիւնը տարածւում էին՝ Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչեւ Կովկասեան լեռներ եւ Կասպից ծով, Սեւ ծովից մինչեւ Պարսից ծոց եւ Հնդկական ովկիանոս: Հասնելով իր հզօրութեան գագաթնակէտին, Հայկական կայսրութիւնը իր բոլոր տարածքներով միասին զբաղեցնում էր 3 մլն. քառ. կմ. տարածք: Տաղանդաւոր ղեկավարի եւ իսկական առաջնորդի կերպարը մարմնաւորող այս թագաւորը նաեւ սիրուած է եղել իր ժողովրդի կողմից. այս առումով ուշագրաւ է յոյն պատմիչ Պլուտարքոսի վկայութիւնն այն մասին, թէ մայրաքաղաք Տիգրանակերտի կառուցման ժամանակ, արքայի հանդէպ տածած սիրուց եւ յարգանքից մղուած, մարդիկ մրցում էին իրար հետ՝ մայրաքաղաքը աւելի գեղեցկացնելու համար:
Արտաւազդ Բ.- Տիգրան Մեծին յաջորդում է նրա որդին՝ Արտաւազդ Բ., ում գահակալութիւնը համընկնում է պարթեւների դէմ հռոմէացի զօրավարներ՝ Կրասոսի եւ Անտոնիոսի կատարած արշաւանքների ժամանակաշրջանին: Արտաւազդ Բ. արքան կարողացել է հմտօրէն օգտուել պարթեւա-հռոմէական հակասութիւններից: Նրա օրօք, հայ-պարթեւական դաշինքը եւ հռոմէացիների պարտութիւնը աւելի եւս ամրապնդում են Հայաստանի անկախութիւնը: Պատմութեան մէջ այս արքան յայտնի է նաեւ որպէս թատերագիր եւ իմաստասէր թագաւոր:
Տրդատ Գ. Այս անուան հետ է կապւում Հայաստանում քրիստոնէութեան յաղթանակը: Այս թագաւորութեան ընթացքում իրագործւում են մի շարք ծրագրեր՝ հարկային սիստեմի կարգաւորում, նոր վիճակագրութիւն եւ ամէնակարեւորը՝ ամրապնդւում է հայկական պետութիւնը եւ հաստատւում է երկրի ներքին կայունութիւնը: Ինչպէս հեղինակն է նշում՝ «Վերականգնելով եւ ամրապնդելով Մեծ Հայքի անկախութիւնը, Տրդատ Գ. վերահաստատեց Արտաշէսեան սահմանները»:
Պապ թագաւոր.- Հայոց պատմութեան մէջ առանձնայատուկ է Պապ թագաւորի՝ որպէս փայլուն պետական գործչի եւ ամէնաերիտասարդ արքայի դերը: Արշակունեաց գահն ստանձնելով պատանի հասակից, կատարել է մի շարք բարեփոխումներ, ինչպէս օրինակ՝ եկեղեցու իրաւունքների սահմանափակում եւ նրան վճարուող տասանորդի վերացում եւ այլն: Բայց ամէնակարեւորն այն է, որ Պապ թագաւորը վարել է ազգային քաղաքականութիւն՝ Հայկական թագաւորութեան երբեմնի հզօրութիւնը վերականգնելու, պետութիւնը կեդրոնացնելու եւ այն ուժեղացնելու ուղղութեամբ, որ ինքնին պետական մտածողութեան լաւագոյն օրինակներից է:
Աշոտ Ա. Բագրատունի.- 8րդ դարում, Հայաստանը գտնւում էր Արաբական խալիֆաթի տիրապետութեան տակ. արաբները գրեթէ ոչնչացրել էին Մամիկոնեանների ազնուական տոհմը: Արաբների դէմ մղուող ազգային-ազատագրական շարժումները ղեկավարելու գործը իր ձեռքն է վերցնում Բագրատունիների իշխանութիւնը: Յետագայում խալիֆաթը ճանաչում է Աշոտ Բագրատունիին որպէս Հայաստանի իշխան՝ նրան շնորհելով «Իշխանաց իշխան» տիտղոսը: Աշոտ Ա. ճանաչուել է որպէս կրթուած, խոհեմ եւ հեռատես պետական գործիչ, որ դիւանագիտական քայլերի դիմելով, պայքարում էր երկրի անկախութեան վերականգնման ուղղութեամբ, որն արդիւնաւորւում է Հայկական թագաւորութեան անկախութեան վերականգնումով:
Լեւոն Բ. Մեծագործ.- Հայոց արքաների տասնեակն ամբողջացնում է Կիլիկեան հայկական թագաւորութեան Լեւոն Բ. Մեծագործ արքան (12-13րդ դար), Ռուբինեանների տոհմից: Նա յաջողութեամբ պայքարել է սելճուկների արշաւանքների դէմ: Վտարելով խաչակիրներին, Լեւոն Բ. իր իշխանութիւնը հաստատում է Կիլիկիայում: Ընդարձակում է երկրի սահմանները, բարձրացնելով նրա քաղաքական հեղինակութիւնը Արեւելքում: Լեւոն Բ. յատուկ կարեւորութիւն է տուել ազգի կրթական եւ կրօնական դաստիարակութեանը, հիմնել է վանքեր եւ դպրոցներ: Այս արքան ցանկացել է բոլոր տարածքների միաւորումով ստեղծել Հայկական հզօր թագաւորութիւն:
Յարկ է աւելացնել, որ հին աշխարհի գրեթէ բոլոր հայ տիրակալների մտածողութեան մէջ հիմնական ուշադրութիւնը ուղղուած է եղել հայրենի սահմանների ընդլայնման վրայ՝ որպէս երկրի հզօրացման եւ ժողովրդի գոյատեւման կարեւոր պայման: Ի տարբերութիւն այսօրուայ մեր ղեկավարների՝ հին աշխարհի հայ արքաները օժտուած են եղել պետական մտածողութեամբ եւ մարդկային բարձր յատկանիշներով: Գրքի արժանիքներից մէկն էլ այն է, որ հակիրճ լինելով հանդերձ, հեղինակին յաջողուել է ընթերցողին ներկայացնել մեր պատմութեան կարեւորագոյն դէպքերն ու դէմքերը, որոնք իրենց դրոշմն են թողել յետագայ դարերի վրայ: Ինչպէս նախորդ գրքերը, այս մէկը եւս, Արտակ Մովսիսեանի լաւագոյն գործերից է, որն ընթերցողին ստիպում է մտորել մեր անցեալի ու ներկայի, մեր յաղթանակների ու պարտութինների, մեր ձեռքբերումների ու կորուստների, ինչպէս նաեւ՝ մեր սխալների մասին:
Ներկայ մեր սերնդին որպէս պատգամ են հնչում գրքի հեղինակի հետեւեալ տողերը. «Այսօր, երբ արդէն մեր երկիրն անկախացել է, հայ ականաւոր արքաների գործերը պէտք է օրինակ ծառայեն եւ ոգեշնչեն այսօրուայ եւ վաղուայ մեր ղեկավարներին: Այս արքաները մեր ազգի բարձրագոյն կարգի կերպարներն են եւ որպէս հայ ղեկավարներ՝ մեզ են ժառանգել լաւ օրինակներ»:
Ուշագրաւ է գրքի վերջաբանը, ուր հեղինակը մէկ առ մէկ ներկայացնում է հայոց արքաներին բնորոշ եւ ընդհանրական արժանիքները: Նշենք մի քանիսը. «Հայ թագաւորը հայրենասէր է, նա նախընտրում է մեռնել իր ազգի համար, քան՝ տեսնել օտար զաւթիչներին հայրենի հողի վրայ, նա հզօր է եւ խիզախ: Նա նուաճող է, տիրակալ եւ ազատարար: Նա կարող է զօհաբերել իր կեանքը հայրենիքի համար: Նա ստեղծում է մարդկային սկզբունքների վրայ հիմնուած միջազգային օրէնքներ: Նա ստեղծագործ է եւ սիրում է իմացութիւն եւ իմաստութիւն: Նա իր ժողովրդի կողմից յարգուած անձ է եւ կրում է՝ «Մեծ», «Բարեպաշտ», «Մեծագործ» անունները: Նա՝ թագաւորն է Հայոց աշխարհի»: