ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Մարդիկ կան, որ ծնւում են, ապրում եւ մեռնում են կեանքի գծուած, բոլորի կողմից ընդունուած ճանապարհով: Իսկ կան ոմանք, որ դուրս են գալիս դրանից, մեծ զոհողութիւններով, տուրքով, երբեմն նոյնիսկ կեանքի հաշուին, գծում են սեփական ուղի, եւ դա շատ է դժուար: Դժուար է, քանի որ տարբեր է սովորականից: Անընդունելի է եւ խորթ, նոյնիսկ՝ եթէ ճիշդ է: Խիստ է, չունի զիջումներ, ներումներ, չկայ ետդարձ: Բայց եթէ կարողացար ամէն գնով ստեղծել այդ ճամբան, հասնել քո նպատակին, ուրեմն դու հետք ես թողել ու դրոշմուել ես կեանքի յաւիտենական պաստառի վրայ:
Այդ տեղը եւ նրա յաւերժութիւնը դու չես կարող որոշել: Անձի կատարած գործի կարեւորութեամբ եւ արժէքով հաւասարակշռւում են կշէռքի նժարները եւ, անցնելով պատմութեան եւ ժամանակի խաչմերուկներից որոշում են այն:
Սովորական ճանապարհներով գնում է մարդկութեան մեծ մասը. այն հեշտ է, գրաւիչ, դիւրընթաց, պէտք չունես շատ մտածելու: Իսկ երբ ճեղքում ես նոր արահետ, կայանում ես դու եւ ունենում ես քո տեղը: