ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ
Ո՜վ արդարութեան թլատուած լեզու,
Ցփնում ես աջ-ձախ լուտանքներ մաղձի,
Դու քո նենգաքօղ զազրախօսութեամբ,
Դարձել ես չարի լեզուն մայրենի:
Որպէս կեղծիքի անարգ բարեկամ
Որպէս գթութեան երդուեալ թշնամի,
Քո դաւանանքը՝ աւանդակորուս,
Ո՞ր արդար հոգում ցասում չի ծնի:
Ինչո՞ւ ժանտահոտ շուրթերդ թունոտ,
Էլ չեն բարբառում արդարութիւն,
Տրուել ես նիւթի կոյր պաշտամունքին,
Սփռել ամէնուր մահաբոյր շունչդ:
Մինչդեռ դու ունես հնարներ բոլոր,
Լացը խնդութեան ժպիտ դարձնելու,
Ի վերուստ տրուած իրաւասութեամբ,
Անեղծ երազներ յոյսով թրծելու:
Որքան էլ դժուար լինի քո ճամբան,
Քո վեհ կոչումին մի դաւաճանիր,
Եղիր անմեղի սուրբ նուիրեալը,
Անարդարութեան երթը խափանիր:
———————————————————-
Ձօն Արեգակին
Արեւի լոյսն է մեղմիկ մարմրում,
Հովն է գիշերուայ յուշիկ շնկշնկում,
Թափառ ամպերն էլ անշարժ քարանում,
Խոր քուն եմ մտնում մթնող երկնքում:
Դարձեալ մենակ եմ յոյզերիս ծովում,
Տխուր խոհերն են հոգիս համակում,
Այնքան վիշտ, հոգս կայ այս բիրտ աշխարհում
Անտարբեր ապրել չեմ կարողանաում:
Ո՞վ է արարել տաժանք ու տանջանք,
Մեր կեցութիւնը տառապանք դարձրել,
Ո՞վ է որորշել երկնային կեանքը
Սեւ ուրուականով մահուան աւարտել:
Արդարութիւնը յար արհամարւում,
Բիւր երազներ են մարում-մոխրանում,
Գիշերը որքան մռայլ մթագնում
Այքան աւելի եմ յուսահատւում:
Զգացի ինչպէս նոր օրը բացուեց,
Արեւը հեռու լեռներում ծագեց,
Սրբալոյս աղօթք իմ հոգում ծնեց,
Կեանքը յոյսերով, հաւատով լցուեց:
Արե՛ւ, դու միայն լոյս, ջերմութիւն չես,
Մեր յաւերժութեան առհաւատաչեան ես:
———————————————————
Բարի Լոյս, Բարի Մարդ
Երբ շուրջս ամէնուր սպանդ է, աղէտ,
Դաժան դաւերի հողմն է մոլեգնում,
Երբ ուրանում են ե՛ւ սէր, ե՛ւ հաւատ,
Գիշերը քնել չեմ կարողանում:
Ի՞նչ անեմ Աստուած, որ մարդն սթափուի
Իր նմաններին զուր չյօշոտի,
Չփարուի կրքին, պիղծ բնազդներին,
Առաքինութեան խորանին ծնկի:
Մութն տարտղնւում է, արեւը ծագում,
Աշխարհ սիրոյ ցոլքերով օծում,
Երբ «բարի լոյսով» բացւում է օրդ,
Ակամայ ժպտում, ապրել ես ուզում:
Սիրո՛ւմ ես մարդուն, բարուն հաւատում:
——————————————————————-
Կենսանպատակ
Բացարձակին հասնելու վազքն է խելագար
Բեղմնաւորում առօրեան քրտինքով վարար…
Հոծ ապշոպը շռինդն է արեան, ոսկորի,
Որ լեսւում է կարծր լանջին ժամաբեկորի:
Ո՛ւմ որ երգը հնչում է մէկին ու աստի,
Նա արեւից շորթել է կեանքը հաւաստի,
Իր պինդ ձեռքում նժոյգի բաշը հողմացիր
Արշաւում է ձորից լեռ, բարձունքը անծիր:
Ո՛ւմ որ սիրտը դոփում է կայտառ ու հզօր,
Ո՛ւմ որ սիրտը ստուար է, որպէս ծով խոր,
Նա ընկալում է հանուր վիշտը դժբախտի,
Որ լքուել է մենաւոր ու վտարանդի:
Նա՝ նպատակ ով ունի մտքում հրավառ,
Եւ իղձ ունի սրբասուրբ եւ սէր անկաշառ,
Ասուպի բոցն ունի նա, որ ձմռան ցրտում
Բորբոքել է խարոյկը կեանքի բացատում:
Բացարձակին հասնելու վազքն է խելագար,
Որին մէկը ձօնում է իր երգը վարար,
Որին մէկը իր սրտի ըղձանքն է հաշտում
Նպատակի ու սիրոյ մեծ լեռնադաշտում:
==================================================
Յաղթելու Ենք
Կրկին կաղկանձում, վայում են կրկին
Մեր արեանն ծարաւ շնագայլերը
Ինչպէ՞ս ունկնդրենք սին խոստումների,
Էլ ինչպէ՞ս լինենք համբերող, բարի:
Չար է, վատհոգի ոսոխը դժխեմ,
Ուստի ինչքան էլ բարին դաւանենք,
Չարին յաղթելու կերպը մենք գիտենք,
Մեր հողից ընդմիշտ հեռու պիտ վանենք:
Զինուո՛ր, մեր բազկին եկ ապաւինենք,
Հզօր մեր հոգով յաղթենք ոսոխին,
Հաւատանք մեր լոյս, շէնշող գալիքին
Յաղթութեան լոյսը դարերին տանենք: