


The New York Times թերթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գիւղին՝ հրապարակելով լուսանկարչուհի Անահիտ Հայրապետեանի աշխատանքները:
Ինչպէս գրում է թերթը՝ լուսանկարչուհին Լեռնային Ղարաբաղում գտնուող իր հայրենի գիւղի հետ կապը պահպանելու համար փորձում է որտեղ էլ որ լինի՝ Skype-ով միանալ գիւղում ապրող իր տատի հետ: Նրանք խօսում են ամէն ինչից՝ այդ օրն ընտանիքի կովի տուած կաթից մինչեւ դարեր շարունակ այդ նոյն գիւղում ապրող ընտանիքի անդամների պատմութիւնները:
«Եթէ գնաք այդտեղ, կ՛իմանաք՝ ով եմ ես եւ ինչու եմ ես այսպիսին: Դա գեղեցիկ հանգստավայր չէ: 40 ընտանիքից բաղկացած փոքր գիւղ է՝ իրար չափազանց մօտ գտնուող հին տներով: Եկեղեցին այրուել է եւ երբեք չվերակառուցուեց: Բայց ես ինձ նման եմ այնտեղ», պատմել է 34ամեայ լուսանկարչուհին:
Այնուհետ The New York Times-ը պատմում է, թէ ինչպէս սկսուեց Ղարաբաղեան պատերազմը եւ ինչպէս կնքուեց 1994 թուականի հրադադարը: Թերթը յիշեցնում է անցած ամիս կրկին ակտիւացած ռազմական գործողութիւնների մասին:
Անահիտ Հայրապետեանը պատմում է, որ չնայած ծնուել է Լեռնային Ղարաբաղում, բայց մեծացել է Աբովեանում: Ամռանն այցելել է տատի տուն, այնտեղ է անցկացրել նաեւ դպրոցական արձակուրդները:
Նա գիւղում է եղել 1988 թուականի պատերազմի ժամանակ, երբ շատ տներ աւերուեցին եւ սպաննուեց Խծաբերդից եօթ երիտասարդ տղամարդ: Գիւղացիները վշտի մէջ էին: «Հինգ տարի երաժշտութիւն չէր հնչում, անգամ՝ հարսանիքի ժամանակ: Ամէն շաբաթ ողջ գիւղը գնում էր գերեզման, եւ միակ բանը, որ կարելի էր լսել, դա կանանց լացի ձայնն էր», պատմում է Հայրապետեանը:
Նա սկսել է լուսանկարել Խծաբերդը եւ շրջակայ գիւղերը 2006 թուականից: Չնայած նա ճանաչում է նրանց, ում նկարում է, բայց երբեմն դա դժուար է նրա համար: «Այնքան կորուստ ու ցաւ կայ ամէն ընտանիքի պատմութեան մէջ», ասում է նա:
Անահիտ Հայրապետեանը պատմել է, որ եթէ ընտրութիւն ունենար, կ՛ապրէր Խծաբերդում, որտեղ գիտի բոլորի անունները եւ նրանց նախնիների պատմութիւնները: