ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Յովսէփ Նալպանտեանի նոր ստուարածաւալ գրքի անուանումն է «Սիրոյ Մատեան»: Ընդհանրապէս նրա բոլոր գրքերն են ստուարածաւալ: Մանաւանդ այս վերջինը, որ 650 էջից է բաղկացած:
– Աստուա՜ծ իմ,- մտածում եմ ես,- միթէ՞ սիրոյ թեմային վերաբերող հարիւրաւոր բանաստեղծութիւններ են գրել մեր դարերից եկած ու առ այսօր հրապարակի վրայ եղող անթիւ բանաստեղծներն ու գրողները, նոյնիսկ՝ հոգեւոր հայրեր, եւ հիմնականում՝ աշխարհիկ կեանքից զուրկ, վանքի պատերից ներս հայագիտութեան ամրոցի պատերը ճանկրտող հայագէտ գիտնականներ ու մատենագիրներ։
Մի քանի անգամ հաստափոր գիրքը թերթատելուց յետոյ տեսայ, որ իսկապէս, անխտիր մեր բոլոր իմացած կամ չիմացած գրողները հպուել ու շփուել են սիրոյ անեզր թագաւորութեան հետ, եւ ապրել են մշտապես սիրոյ ընկերակցութեամբ, շնչել են սիրոյ խնկաբոյր օդը, ֆիզիկապէս եւ հոգով տրուել են հեշտանքի պսպղուն խոյանքներին ու այդ ամէն զգացումներով հարստացած՝ բանաստեղծական հրաշագործումներ են իրականացրել:
Կարծես ճիշդ ժամանակին մատենագէտ Յովսէփ Նալպանտեանը հարիւր մէկ տոկոս ճշդութեամբ թիրախն ուղղեց նշանակէտին: Ասել կ՛ուզի՝ նա որսացել է ժամանակը, պահը, եթէ կ՛ուզէք: Համաշխարհային իրերայաջորդ անհաճոյ խմորումների մրցավազքի այս օրերին, մարդիկ կարծես մոռացել են սիրոյ մասին, եւ անհրաժեշտ է նրանց յիշեցնել աշխարհին խաղաղութիւն բերող, մարդկանց իրար հետ կապող, իրար հաշտեցնող, խոյանքներ ծնող ամենակարող երեւոյթի՝ սիրոյ մասին:
– Մարդի՜կ,- ցանկանում է ասել Նալպանտեանը,- ախր դուք մոռանում էք, որ Սէրն Է փրկելու աշխարհը. խնդրեմ կարդացէ՛ք աստուածատուր այդ զգացմանը նուիրուած՝ դարերով եկած հայրենի բանաստեղծութիւնը, վերականգնելու համար ձեր մասամբ կորած հաւատը:
Սիրոյն նուիրուած այս հատորը հեղինակը ձօնել է նախ կնոջը՝ Գարոլինին, եւ յետոյ «Բոլոր սիրող սրտերուն»:
Յովսէփ Նալպանտեանի «Սիրոյ Մատեան»ում ինձ ամէնից շատ դուր եկող հեղինակային տողն է՝ «Հատորը կատարեալ չէ» հաստատումը:
Բնաւ մի անհանգստանայ դրա համար, եղբա՛յր պատուական: Ոչինչ կատարեալ չէ բնութեան մէջ, նոյնիսկ, թող Տէրն ինձ ների՝ Աստուած անգամ կատարեալ չէ…
Սիրոյն վերաբերուող բանաստեղծութիւններ փնտռելիս, բնական է բացթողումներ էլ կը լինեն, վրիպումներ էլ: Ինչ խօսք, դու չէիր կարող ձեռքի տակ անցկացնել մի քանի հարիւրամեակի ընթացքում հայ իրականութեան մէջ տպագրուած ու սիրոյն նուիրուած տասնեակ հարիւրաւոր բանաստեղծութիւններ կամ պօէմներ։
Ամէն պարագայի, նկատելի աննշան թերութիւններով հանդերձ, նպատակային, արժէքաւոր գործ կարելի է համարել Յովսէփ Նալպանտեանի «Սիրոյ Մատեան»ը։
«Սիրոյ Մատեան»ը կարդալիս, մենք տարւում ենք բազում խորհրդածութիւններով, ինչպէս օրինակ՝
Սէրն է կեանքի իմաստն ու նշանաբանը: Սէր՝ հողագնդի բոլոր բարի երեւոյթների նկատմամբ. մարդ, արեւ, լուսին, աստղեր, բնութիւն, հայրենիք, ընտանիք, ընկեր, բարեկամ, եւ այլն:
«Եթէ մէկը սէր չէ ճաշակած, կարելի է համարել, թէ ան չէ ապրած», ասում է Մոլիէրը: Մենք էլ մեր կողմից աւելացնենք. Սէրն է կեանքի իմաստն ու նշանաբանը: Աւանդական ընտանիք կազմելու առաջին նախապայմանը սէ՛րն է: Նոյնիսկ աշխարհի տիրակալները շատ հարցեր լուծում են սիրոյ ազդեցութեան, հեշտանքի ու վայելքի, հաճոյքի տպաւորութեան տակ:
Էլ ի՜նչ գրող, արուեստագէտ, նկարիչ, կամ երաժիշտ՝ առանց սիրոյ: Պատկերացրէք. ի՞նչպէս կարող է բանաստեղծը կամ երաժիշտը սիրոյն նուիրուած բանաստեղծութիւն կամ երգ յօրինել, եթէ նա չի ապրել սիրոյ աստուածային շնորհով:
Յովսէփ Նալպանտեանի «Սիրոյ Մատեան»ը աւելի ամբողջական ու իմաստալից է դարձել, շնորհիւ աշխարհի տարբեր մասնագիտութիւնների տէր նշանաւոր գործիչների՝ սիրոյ մասին իրենց արտայայտած ասոյթների տեղադրումը գրքի տասնեակ առ տասնեակ էջերի վարի դատարկ մասերում:
Նալպանտեանի հաւաքածուի մէջ կան հեղինակ-անուններ՝ թէ՛ հնուց եկած եւ թէ մեր օրերում ապրող, որոնք, կարծում եմ, անծանօթ կը լինեն շատերին:
Վերեւում ես ասացի, որ իմ ամենահաւանած տողը սա է. «Հատորը կատարեալ չէ»: Գովելի է մատենագէտ Նալպանտեանի համեստութիւնը, որից էլ ազդուած ու հաւատով, որ բարեկամս ինձնից չի նեղանայ, ինձ թոյլ եմ տալիս անել մի քանի՝ առաջին հայեացքից աննշան թուող դիտողութիւններ:
Ինձ համար բնաւ համոզիչ չէ մեր ժողովրդի դարերից եկած հարիւրաւոր բանաստեղծներին կողք կողքի շարելը, էն էլ՝ մականուան այբբենական սկզբունքով: Նրանք պէտք է բաժանուէին ըստ դարաշրջանի՝ վաղ միջնադար, վերածնունդ, միջնադար, 18-19րդ դար, 20րդ եւ 21րդ դար սկզբունքով: Նման այբբենական դասաւորման պատճառով, արտաքուստ նոյն նժարի վրայ են դրուել Կոմիտասն (թէ ինչո՞ւ չի դրուել հանճարի անուն-մականունը՝ Սողոմոն Սողոմոնեան, անհասկանալի է. (Հեն. Ա.) ու Կիմա Կիրակոսեանը, նաեւ Յովհաննէս Թումանեանի կողքին՝ ինձ համար անծանօթ Աստղիկ Թոփճեանը, եւ 13-14րդ դարի Կոնստանտին Երզնկացու հարեւանութեամբ էլ՝ Անահիտ Երեմեանի գողտրիկ բանաստեղծութիւնը: Մեր այս սիրասուն կանանց բանաստեղծական արուեստը պիտի որ արժեւորուի մեր օրերի չափանիշներով, թէ չէ՝ ինչի՞ նման են դարակազմիկ այս թռիչքները…
Եւ յետոյ, հակադրութիւն կայ բովանդակութեան ցանկի եւ հատորի էջերում տեղադրուած անուն-մականունների գրելաձեւի մէջ: Եթէ Բովանդակութեան ցանկում հեղինակը որդեգրել է մականուն-անուն սկզբունքը, ինչ որ ընդունուած ձեւ է բառարաններ կազմելիս, ապա գրքի էջերում ճիշդ հակառակն է, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին ընդունուած է բարձրաձայնել ժողովրդի մէջ, եւ որին էլ վարժուած ենք բոլորս, ինչպէս ասենք՝ Եղիշէ Չարենց, Վահրամ Ալազան, կամ էլ՝ Գուսան Շերամ: Դէ արի ու ասա՝ Չարենց Եղիշէ, Դպիր Պաղտասար, կամ էլ՝ Շերամ Գուսան: Յստակօրէն երեւում է հեղինակի շտապողականութիւնը, թէ ինչո՞ւ՝ դժուար է հասկանալ:
Նալպանտեանի գրքում կան բազմաթիւ հեղինակներ, որոնք չեն ներկայացուած իրենց իսկական անուն-մականուններով, ինչպէս ասենք՝ Զահրատն ու Գուսան Շերամը եւ այլոք:
Ինձ համար, Յովսէփ Նալպանտեանի գրքի բանաստեղծութիւնների մէջ ամենասիրելի քառեակը պատկանում է 15րդ դարի հսկայ Նահապետ Քուչակին: Գրքի կազմողը, դժբախտաբար, այն տեղադրել է մատեանի 185րդ էջի վարի հատուածում, որ հազիւ է աչքի զարնում: Ահա՛ այն.
«Երբ որ սէրն գայ մարդուն՝
Ոչ մանուկ ասէ, ոչ տղայ,
Ոչ աշխարհական կ՛ասէ,
Ոչ երէց, ոչ աբեղայ»:
Սիրոյ թեման մշտապէս առաջնային է եղել իմ՝ 60ամեայ ստեղծագործական կեանքում: Իմ թէ՛ երաժշտական, թէ՛ գեղարուեստական ստեղծագործութիւններում մշտապէս առաջնորդւում եմ հայրենիք եւ սէր սկզբունքով: Ես ունեմ իմ պատկերացումը սիրոյ վերաբերեալ, որն է՝ «Առանց սիրոյ ապրելը՝ ապրել չէ, այլ գոյութիւն ունենալ է…»: Նշանակում է՝ սէրը տարիք ու սեռ չի ճանաչում: Ուրեմն՝ «Սիրոյ Մատեան»ի հեղինակ Յովսէփ Նալպանտեանի թոյլտուութեամբ, ես ինձ թոյլ եմ տալիս այստեղ տեղադրել իմ «Յայտնութիւն» բանաստեղծութիւնը, որը կարող էր տեղ գտնել իր «Սիրոյ Մատեան»ում՝ թէկուզեւ բովանդակութեան առումով. մի թեմա, որը որքա՛ն նկատեցի բացակայում էր նրա գրքում: Ուրեմն՝ այսպէս.
«Դու եկար միանգամից,
Հէնց այդպէս, պատահաբար,
Եկար, որ ինձ յիշեցնես անվերջ,
Որ չի մարել իմ մէջ կրակը դեռ:
Մնացի շուար, մոլոր,
Հայեացքիդ դէմ ես անզօր,
Սակայն դու ինձ յուշեցիր միշտ,
Որ չի մարել իմ մէջ կրակը դեռ:
Սէրը միշտ տարիք չունի,-
Ասիր դու ու հեռացար,
Ու յոյսով լի թողիր դու ինձ,
Որ իմանամ իմ մէջ կրակ կայ դեռ»:
Իմ սիրելի բարեկամ Յովսէփ Նալպանտեան, դու՝ որպէս մեր օրերի ակնառու մատենագէտ, մատենագիտութեան սկզբունքով պիտի մօտենայիր այս անչափ կարեւոր թեմային, որ սէրն է: Թէկուզ ծանօթագրութիւններ տայիր անծանօթ հեղինակների մասին: Ախր ամբողջ աշխարհն է «սէր»ով պատած: Մենք բոլորս էլ դրանով ենք ապրում ու շնչում՝ անկախ մեր տարիքից, եւ երբեք չգիտենք, թէ մէկ էլ ե՞րբ է սէրը թակելու մեր դուռը: Ժողովրդական առածն ասում է՝ «Սէրը աթարին (գոմաղբ) էլ է կպչում»:
Ամէն պարագայի, շնորհակալ գործ ես արել: Դէն նետիր իմ կողմից արուած մանր-մունր դիտողութիւնները: Մեծ գործի մէջ միշտ էլ սխալներ կը լինեն: Ամէնքս էլ սխալական ենք: Չի սխալւում նա, ով ոչինչ չի անում: Կարեւո՛րը գործ անելն է եւ միշտ ասելիք ունենալը: Իսկ դու վարպե՛տ ես ասելիքի մէջ: Ուրեմն՝ առաջ: