Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Ամերիկեան Ընտրութիւնները

$
0
0

0928lergamsar

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

 

Ամերիկան երկու կառավարութիւն ունի՝ «հանրապետական» եւ «դեմոկրատ», որոնք երկուորեակների պէս զարմանալի կերպով իրարից չեն տարբերւում իրենց քաղաքական հայեացքներով: Երկու համանիշ բառեր, մէկը միւսի տեղ գործածուող, որոնք 32 միլիոն դոլար ծախսելով, իրար դէմ ընտրական պայքար են մղում ամէն չորս տարին մի անգամ, ու չգիտես ինչի՞ համար:

Երեւակայեցէք մի արագիլ, որ չորս տարի մի ոտքի վրայ կանգնելուց յոգնած, ոտքը փոխում եւ չորս տարի էլ միւս ոտքի վրայ է կանգնում:

Մի փոփոխութիւն, սակայն, որ մինչ արագիլի վրայ ոչինչ չի ազդում, Ամերիկայի վրայ՝ 32 միլիոն դոլար է նստում:

Ինչքա՜ն շահած պիտի լինէր Ամերիկան, եթէ նա էլ որոշ պետութիւնների նման իր նախագահը ընտրեր եւ ամէն չորս տարին նոյնը կրկներ:

Ինչպէս ճաշարանի յաճախորդը հաւնած կերակուրին «ռեպետէ» է կանչում:

Չէ, ես այն կարծիքին եմ, որ աղքատ երկրին հանրապետական ռեժիմ չի սազի: Աղքատ երկիրը պէտք է թագաւոր ունենայ, անգամ կայսր, որ ամէն 4 տարին մէկը չփոխի:

Ամերիկեան ընտրական պայքարը շատ կողմերով նման է մարդ ու կնոջ կռիւներին: Երկուսն էլ կռւում են ցերեկով, մինչեւ մութն ընկնելը, մինչեւ գիշերային գրկախառնումները: Միայն այն տարբերութեամբ, որ ամուսնական կռիւները երբեմն լուրջ հետեւանքներ են ունենում, օրինակի համար, յաճախ մարդը թողնում է իր կնոջը ու ամուսնանում է ուրիշ կնոջ հետ, բայց ամերիկեան զոյգ կուսակցութիւնների հակամարտութիւնները վերջանում են հաշտութեամբ եւ չի պատահել դէպք, երբ կուսակցութիւններից մէկը Ամերիկան թողնի ու գնայ ամուսնանայ, ասենք՝ Անգլիայի կամ Ֆրանսիայի հետ:

Բարոյական տեսակէտից էլ զոյգերը տարբերւում են: Նախագահութեան ամերիկեան թեկնածուն արշաւում է երկրով մէկ եւ գովաբանելով ինքզինքը՝ առաջարկում է ընտրել իրեն:

Եթէ այս ձեւով կանայք էլ ման գային որեւէ երկրում եւ տղամարդկանց առաջարկէին իրենց կնութեան առնել՝ երեւակայո՞ւմ էք բարոյական ինչ կերպարանք կը ստանար յիշեալ երկիրը:

Բայց չնայած այս մասնակի տարբերութեան, հիմնականում ամուսինների եւ նախագահների վարքը իրար նման են:

Պատահում է սակայն, որ տարօրինակ բաներ են լինում նախագահական ընտրութիւններում:

Իսպանիայի նախագահ Ֆրանկօն, օրինակ, ընտրւում է առանց ժողովրդի մասնակցութեան: Ինքն իրան: Եւ այս քանի տարի է՜…

Այս բնական է ու բանական:

Եթէ մի նախագահ չի խունացել, չի մաշուել, չի ծակուել՝ ինչո՞ւ փոխել:

Ու միաժամանակ, ես հաւատում եմ, որ Ֆրանկօն ծակուի էլ, Իսպանիան նրան կը կարկատի ու կը հագնի:

Նա աղքատ երկիր է, չորս տարին մէկ չի կարող 32 միլիոն դոլոր ծախսել մի նախագահի վրայ:

 

1964թ.

 

ԼԵՌ ԿԱՄՍԱՐի այս անտիպ յօդուածը խմբագրութեանս տրամադրեց Վանուհի Թովմասեան


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles