ԶԱՐԵՀ ԱՃԷՄԵԱՆ
Երբեմն մարդու թւում է, որ ամէն ինչ ասուած է մի որոշակի նիւթի մասին, ամէն ինչ գրուած ու պատմուած է: Երեւի որոշներին այդպէս է թւում, երբ Հայոց Ցեղասպանութեան մասին նոր գիրք է հրատարակւում: Անկեղծ լինելու համար պէտք է խոստովանեմ. երբ զրուցակիցս ինձ տեղեկացրեց, որ իր ջանքերով մի նոր գիրք է հրատարակուել Հայոց Ցեղասպանութեան մասին, ես էլ որոշ վերապահութեամբ մօտեցայ նիւթին: Սակայն շատ շուտ ինձ յայտնուեց, որ ինչպէս պարսկական առակն է ասում՝ «Քանի բերնից էլ լսեմ կրկնողութիւն չէ»:
Խօսքը վերաբերում Ֆայէզ Էլ Ղոսէյնի վկայութիւնների գրքին, որ անցնող Օգոստոսին լոյս տեսաւ իրանական շրջանակներում լաւապէս ճանաչուած եւ Լոս Անջելեսի մէջ աշխատող «Շերքաթէ Քեթաբ»ի միջոցով: Աւելի քան 700 էջերից բաղկացած գիրքը ներառում է Ֆայէզ Էլ Ղոսէյնի վկայագրութիւնները Հայոց Ցեղասպանութեան մասին պարսկերէն, գերմաներէն, արաբերէն, ռուսերէն, ֆրանսերէն, անգլերէն եւ հայերէն, իսկ հայերէնի բաժնում ներառուած են արեւմտահայերէն եւ արեւելահայերէն թարգմանութիւնները:
Այս սքանչելի հաւաքածոն լոյս է տեսել արեւելագէտ, պարսկագէտ, լեզուաբան դոկտ. Յովհաննէս Յովհաննէսեանի ջանքերով: Դոկտ. Յովհաննէսեանը ծնուել է 1938 թուականին, Թեհրանում: Իր մանկութիւնը անցել է Թեհրանի ամենահին թաղամասերից՝ Լալէ- զար փողոցում, իր վկայութեամբ նման միջավարում ապրելը խոր ազդեցութիւն է թողել իր վրայ պարսկերէնը ու պարսիկ գրականութիւնը մօտից սերտելու եւ սիրելու իմաստով: Յաճախել է Քուշէշ Ազգային դպրոցը եւ սովորել է հայերէնի նուիրեալ ուսուցիչներից, ինչպիսք են եղել Արամ Երեմեանը, Ռուբէն Աբրահամեանը եւ ուրիշներ: Ապա յաճախել է Թեհրանի ամենահին դպրոցը «Դար օլ Ֆոնուն», որտեղ եղել է ոչ միայն միակ հայ աշակերտը, այլ նաեւ միակ հայը, որ պարսկերէն գրականութեան ճիւղում էր ուսանում: Այդ շրջանի իր դասընկերները ապագայում դարձել են իրանական գրականութեան յայտնի դէմքեր, դրանց շարքում է Մոհամադ Ալի Սեփանլուն, պատմաբան Նասէրէ Շահինփար եւ ուրիշներ: Իր բարձրագոյն ուսումը շարունակել է Թեհրանի համալսարանի Պարսկերէնի եւ պարսիկ գրականութեան ճիւղում եւ ապա «Դանէշսարայէ Ալի» համալսարանում: Համալսարանում եւս աշակերտել է պարսկական լեզուի մի շարք տիտաններին, ինչպիսիք են բառարանագիր Մահամադէ Մոինը, իսլամական միստիցիզմի մասնագէտներ Բադիոլզաման Ֆորուզանֆար, Սադէղ Գոհարի եւ ուրիշներ: Միաժամանակ հետեւել է նաեւ անգլերէնի եւ գերմաներէնի դասընթացքներին եւ պաշտօնավարել նոյն համալսարանի պատմութեան, պարսկերէնի եւ անգլերէնի ֆակուլտետներում: Իր բարձրագոյն ուսումը մինչեւ դոկտորական շարունակել է Անգլիայի «Քեմբրիջ» համալսարանում:
1971 թուականին համալսարանում իր պաշտօնավարութեան ժամանակ Թեհրանի համալսարանի հրատարակչական մարմինը հրատարակել է իր առաջին գիրքը՝ յայտնի փիլիսոփայ Սուֆի Մոլանա æալալեդին Ռումիի մասին: Նշեալ գիրքը երկու լեզուներով մէկնաբանում է Մոլավիի «Մասնավի Մաանավի» ինքնատիպ ստեղծագործութիւնը: Սոյն աշխատութիւնը օրին շահել է Իրանի լաւագոյն գրքի թագաւորական մրցանակը գրականութեան ճիւղում: Այս յաջողութիւնից յետոյ Թեհրանի համալսարանի հրատարակչական մարմինը նրան համագործակցութեան է հրաւիրում իբրեւ հրատարակչատան գլխաւոր խմբագիր: Իր աշխատանքի եւ ուսումնասիրութիւնների կողքին, թարգմանել, խմբագրել ու հրատարակել է նաեւ մի շարք այլ գրքեր, որոնց շարքին են՝ «Պատմութեան Ուսումնասիրութեան Մեթոդիկա», «Նոթագրութիւններ Էբնէ Արաբիի «Խոսուս Ալ Հեքամ» Գրքի Մասին», «Իրանը Սահմանադրական Յեղափոխութեան Սեմին», «Իրանական Մշակութային Ժառանգութիւնը Միջին Ասիայում» եւ այլ գրքեր, դասախօսութիւններով ու յօդուածներով իրանական հանրութեան է ներկայացրել Մատենադարանը եւ Հրաչեայ Աճառեանին:
Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ փոխադրուել է Անգլիա եւ «Քեմբրիջ» համալսարանում դասաւանդել է պարսկերէն եւ պարսիկ գրականութիւն:
Դոկտ. Յովհաննէսեանը 2002 թուականին ընտանիքով փոխադրուել է Միացեալ Նահանգներ, Գլենդել: Իր բարեկամ՝ Նորայր Համբարչեանի միջոցով, որը ապրում է Գերմանիայում, տեղեկանում է գերմաներէնի թարգմանուած մի գրքի մասին, որը Ֆայէզ Էլ Ղոսէյն անունով մի արաբ պաշտօնեայի տեսագրութիւններն են Հայկական Ցեղասպանութեան մասին: Յովհաննէսեանը սկսում է ուսումնասիրել սոյն գրքի պատմութիւնն ու իր փնտռտուքն է սկսում հեղինակի եւ գրքի թարգմանութիւնների մասին, միաժամանակ Յովհաննէսեանի խնդրանքով Նորայր Համբարչեանը սկսում է գրքի թարգմանութիւնը գերմաներէնից պարսկերէնի: Նորայր Համբարչեանը ոչ միայն բծախնդրօրէն թարգմանում է գիրքը, այլ նաեւ ճամբորդում է Միացեալ Նահանգներ՝ Յովհաննէսեանի հետ թարգմանութիւնները վերանայելու եւ սրբագրելու համար:
Ֆայէզ Էլ Ղոսէյնը բէդէուի արաբ է, Հորան նահանգի Էլ Սոլութ ցեղից: Իր ուսումը ստացել է Պոլսում: Ծառայել է Դամասկոսի վալու եւ ապա Խարբերդի գայմագամի կազմում: Ապա զբաղուել է փաստաբանութեամբ Դամասկոսում: Դամասկոսում ընտրւում է տեղի ընդհանուր ժողովի պատգամաւոր, իսկ պատերազմը ծագելով, հրաման է ստանում ստանձնել գայմագամի պաշտօնը, որը մերժում է՝ իրաւագիտութիւնը աւելի հանգիստ եւ շահաւէտ նկատելով: Իր մերժումը պատճառ է դառնում, որ իրեն կասկածեն իբրեւ անկախութեան ձգտող արաբական կազմակերպութեան անդամ, որ այդ օրերին կազմուել էր Լիբանանում եւ ձգտում էր Անգլիայի եւ Ֆրանսիայի հովանաւորութեամ թրքական լծի տակ գտնուող ազգերին մղել անկախութեան: Ֆայէզ Էլ Ղոսէյնը ձերբակալւում եւ դատւում է: Հակառակ նրան, որ դատարանը նրան ազատ է արձակում æեմալ Փաշայի կարգադրութեամբ նրան Կարին են փոխադրում, սակայն երբ Տիգրանակերտ են հասնում, լուր են ստանում, որ ռուսները արդէն հասել են Հասան Ղալէ եւ այդ պատճառով նրան յանձնում են Տիգրանակերտի վալիին:
Միառժամանակ դարձեալ բանտում մնալուց յետոյ ապրում է Տիգրանակերտում, որտեղ եւ մօտից ծանօթանում է հայ ժողովրդի գլխին գալիք արհաւիրքի մասին: Իր նախկին կապերի ու շփումների շնորհիւ նաեւ անմիջական տեղեկութիւններ է ստանում թուրք պաշտօնեաներից այն բոլոր չարիքների մասին, որից այդ օրերին անցնում էր հայ ժողովուրդը: Իր լուրերի աղբիւրներն են եղել բարձրաստիճան թուրք պաշտօնեաներ Վանից, Բաղէշից, Խարբերդից, Հալէպից եւ Կարինից: Վերջապէս ինքը եւս վտանգը զգալով որոշում է փախչել Տիգրանակերտից եւ անցնում է մինչեւ Բասրա: Այստեղ իր մէջ յղանում է այն միտքը, որ այս պատմութիւնը պէտք է գրի առնի «իբրեւ ծառայութիւն ճշմարտութեան եւ տաճիկներից հալածուած մի ժողովրդի դատին»: Իր նախաբանի մէջ նաեւ նշում է, որ այս գրութեամբ պաշտպանում է նաեւ «իսլամական հաւատքը», որ նոյնը չէ այս վայրագութիւններին տուն տուող ֆանատիկութեան հետ: Նախաբանը գրուել է 1916 թուականի Սեպտեմբեր 1ին, Բոմբէյում:
Յովհաննէսեանի ջանքերով հավաքագրուել են բնագիրն ու եօթը թարգմանական օրինակները: Տարբեր թարգմանութիւնների մէջ ներառուած ծանօթագրութիւնները համեմատուել ու համառօտագրուել են: Բանասէրի մանրակրկիտ բծախնդրութեամբ յայտաբերուել են զանազան թարգմանութիւնների մէջ կր-ճատուած բաժինները, որոնց մասին մանրամասն նշուել է իր գրչին պատկանող ծաւալուն նախաբանի մէջ: Երկու լեզուներով նախաբանները (անգլերէն եւ պարսկերէն) ամբողջացնելու են յատկապէս օտարալեզու ընթերցողների տեղեկութիւնները հայութեան եւ Ցեղասպանութեան մասին: Ծաւալուն նախաբանների տարբեր բաժիններում թարգմանաբար ներկայացուած են ոչ միայն տեղեկութիւններ հեղինակի մասին, այլ նաեւ Հայոց Ցեղասպանութեան եւ յարակից խնդիրների մասին: Աւելի քան 700 էջերից բաղկացած ծաւալուն գիրքը պարկերազարդ է եւ ունի աւելի քան 50 նկարներ: Իր տեսակի մէջ եզակի եւ արժէքաւոր մի հրատարակութիւն, որ ոչ միայն պիտանի աղբիւր է դառնալու պատմութիւն ուսումնասիրող համալսարանականների եւ բանասէրների համար, այլ նաեւ հետաքրքրական է նշեալ լեզուներից որեւէ մէկին տիրապետող հասարակ ընթերցողի համար:
Իմ հարցումին՝ թէ այս գիրքը ինչո՛վ է տարբերւում Հայոց Ցեղասպանութեան մասին գրուած այլ գրքերից, պարզապէս պատասխանում է. «Մի բան, որ պատմութեան ճշգրտութիւնը հարցական է դարձնում ժամանակի ընթացքում այլեւայլ անձանց սեփական մեկնաբանութիւնները, յաւելումներն ու կրճատումներն են: Սա ուղղակի ականատեսի վկայութիւններ է, առանց երրորդ անձի միջամտութեամբ»:
Ցանկացողները գիրքը ստանալու համար կարող են դիմել «Սարդարապատ» գրախանութ, «Շերքաթէ Քեթաբ» կամ այցելել նոյն ընկերութեան կայքէջը՝ www.ketab.com: