ՄԱՐԻ ԹԱՐԵԱՆ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ) գաղտնազերծած արխիւային փաստաթղթերում յիշատակումներ կան Սովետական Հայաստանի տարածքում ատոմային ռումբի ստեղծման գործարանի մասին, որոնք լայնօրէն տարածուեցին լրատուամիջոցների կողմից:
Խօսքը, մասնաւորապէս, այս փաստաթղթի մասին է, որն իրականում բուն ԿՀՎի փաստաթուղթ չէ, այլ տեղեկանք՝ պատրաստուած Շուէդիայում լոյս տեսնող պարբերականի հրապարակման հիման վրայ: Աւելին, փաստաթղթի վրայ յստակ երեւում է՝ This is unevaluated information մակագրութիւնը, որը թարգմանաբար նշանակում է, որ տեղեկատուութիւնը չի ստուգուել եւ գնահատուել:
«Մեդիամաքս»ը ուսումնասիրել է եւս մի քանի փաստաթուղթ ԿՀՎ գաղտնազերծած արխիւից, որոնք վկայում են այն մասին, որ ամերիկեան հետախուզութիւնն անտարբեր չէր 1944թ.ին հիմնադրուած Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հանդէպ: Հետաքրքրութեան հաւանական շարժառիթներից մէկն այն էր, որ ինստիտուտի հիմնադիրներից մէկը՝ Աբրահամ Ալիխանովը Իգոր Կուրչատովի հետ մասնակցել էր ԽՍՀՄում առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին:
1951թ.ի Նոյեմբերի 21ով թուագրուած փաստաթղթում նշւում է, որ Երեւանի մերձակայքում ատոմային հետազօտութիւնների ինստիտուտ է տեղակայուած: Բացի կոնկրետ կորդինատներից, յայտնում են, որ այն ստեղծուել է երկու հայ եղբայրների կողմից:
Ա. Ի. Ալիխանեանի անուան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) փոխտնօրէն Սարգիս Թարոյեանի համոզմամբ, լաբորատորիան ատոմային ռումբի ստեղծման հետ առնչութիւն չի ունեցել:
«Այդ ժամանակ առասպելներ էին տարածւում Ֆիզիկայի ինստիտուտի մասին, ասում էին՝ ինստիտուտն այնպիսի սարքաւորում է ստեղծել, որը հեռուից կանգնեցնում է մեքենաների ընթացքը: Սեւանայ լճում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները եւս առասպելների ժանրից է: Սեւանի յատակին երբեւէ գիտական սարքաւորում չի տեղադրուել, չնայած կոսմիկական ճառագայթների դիտակներ ստեղծելու ծրագրեր կային», «Մեդիամաքս»ին ասել է Սարգիս Թարոյեանը:
Ըստ նրա, Սեւանի յատակին ռումբ ստեղծելը տեխնիկապէս հնարաւոր չէր, քանի որ աւելի ծախսատար կը լինէր: «Սեւանը, ի հարկէ, կարող էր օգտագործուել որպէս բնական միջավայր, որի ջրային պատնէշը պաշտպանում է ռադիօակտիւ ճառագայթներից: Բայց Հայաստանի տարածքում ընդհանրապէս չեն զբաղուել միջուկային ռումբի ստեղծման աշխատանքներով», «Մեդիամաքս»ին պատմել է Սարգիս Թարոյեանը:
ԱՄՆ ԿՀՎ աշխատակիցների աչքից չեն վրիպել նաեւ Աբրահամ Ալիխանովի՝ Հայաստանում արած ուսումնասիրութիւնները տիեզերական ճառագայթների ոլորտում: Մինչեւ 1960ականները Ալիխանով եւ Ալիխանեան եղբայրներն ուսումնասիրութիւններ են արել Արագած սարի վրայ իրենց հիմնադրած տիեզերական Ճառագայթների կայաններում, որտեղ բացառապէս ճառագայթների յատկութիւնների հետազօտմամբ են զբաղուած եղել:
Այս ուսումնասիրութիւնների վերաբերեալ 1948թ.ի Յուլիսի 9ով թուագրուած փաստաթղթում նշւում է.
«Վարիտրոններ (տատանում) կոչուած նոր ներատոմային մասնիկների բացայայտումը տիեզերական ճառագայթներում նշանակալի ձեռքբերում է Խորհրդային միջուկային հետազօտութիւնների բնագաւառում: Բացայայտումն արուել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրութիւնների ժամանակ, Խորհրդային Հայաստանում տեղակայուած լաբորատորիայում, հայ երկու միջուկային ֆիզիկոսների կողմից: Հաւատացած ենք, որ այդ երկու հայ ֆիզիկոսները Ալիխանովը եւ Ալիխանեանն են»:
Ինչ վերաբերում է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի շուրջ միջազգային համայնքի հետաքրքրութեանը, ապա, փոխտնօրէնի խօսքով, այն յատկապէս մեծացել է, երբ 1967թ.ին ստեղծուել է մասնիկների առաջին արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»), որն իր մեծութեամբ երկրորդն էր աշխարհում:
«Մեր աշխատանքների թէ՛ որակը, թէ՛ քանակը բաւական մեծ էր, Երեւանը դարձաւ տարրական մասնիկների եւ միջուկային ֆիզիկայի հետազօտութիւնների՝ աշխարհի խոշոր կենտրոններից մէկը: Սա աւելի բարձրացրեց հետաքրքրութիւնը միջազգային հանրութեան մօտ, նոյնիսկ Նոբելեան մրցանակակիրներ էին այցելում, Արտէմ Ալիխանեանի ղեկավարութեամբ բազմաթիւ միջազգային գիտաժողովներ էին անցկացւում», ասել է Սարգիս Թարոյեանը:
Արագացուցչի շահագործումից յետոյ ինստիտուտը միջազգային հանրութեան մօտ առանձնապէս յայտնի դարձաւ անցումային ճառագայթման նոր տիպի դետեկտորների ստեղծմամբ, որոնք նոր հնարաւորութիւններ էին բացում աշխարհի միւս գիտական կենտրոնների փորձարարների համար: Ալիխանեանի հետազօտութիւններն արդիւնք տուեցին 1970ականների վերջին, եւ այդ դետեկտորներն աշխարհում լայն տարածում գտան:
ԱՄՆ ԿՀՎի արխիւային թղթերում Ալիխանովի անունը տասնեակ անգամ յիշատակւում է: Ամերիկեան հետախոյզների ուշադրութեան կենտրոնում էին նաեւ նրա տպագրած յօդուածները: