ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մարտի 8ը Միացեալ Ազգերի Կազմակերպութեան կողմից հռչակուած է որպէս կանանց միջազգային տօն: Օրը խորհրդանշում է կանանց՝ հասարակութեան մէջ ունեցած դերի եւ իրաւունքների համար պայքարը, եւ օրուայ շրջանակներում նշւում է տարբեր ոլորտներում կնոջ ձեռքբերումներն ու նուաճումները:
Օրը լաւագոյն առիթ է եւս մէկ անգամ գնահատելու եւ վերարժեւորելու հայ կնոջ դերն ու ներդրումը ազգային եւ համաշխարհային իրականութեան մէջ:
Հայ կնոջ դերն ուրոյն է մեր ազգի պատմութեան ընթացքում. հաւատարիմ մնալով ի վերուստ սահմանուած՝ ՄԱՅՐ լինելու առաքելութեանը, հայ կինը միաժամանակ, ուժ ու կորով է հաղորդել հայ տղամարդուն ազգային գոյապայքարում, փայփայել ու սերունդներին փոխանցել ազգային ինքնութիւնը: Հինգերորդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայութեամբ, նախաքրիստոնէական շրջանում հայ կնոջը վերաբերուել են որպէս «մայր աղբիւր», «կենսատու», «շունչ եւ կեանք»: Անահիտը, հեթանոսական շրջանի գլխաւոր՝ Մայր աստուածուհին էր, ինչը վկայում է, որ մայրութիւնը համարուել է սուրբ եւ գերագոյն արժէք: Միաժամական, հայ կինը երբեք չի վարանել լինել ռազմի դաշտում՝ պայքարելով թշնամու դէմ Վարդանանց պատերազմից մինչեւ Սարդարապատի ու Արցախեան հերոսամարտեր ի դէմս Սօսէ մայրիկի:
19րդ դարի մշակութային վերածնունդը նաեւ հայ կնոջ զարթօնքի ժամանակաշրջանը խորհրդանշեց: Գրող ու հրապարակախօս Սրբուհի Տիւսաբը հայ կնոջ ազատութեան, կրթութեան ու հաւասարութեան առաջամարտիկներից էր: Յիշարժան է այն փաստը, որ Հայաստանի եւ աշխարհի առաջին կին դիւանագէտը՝ Դիանա Աբգարն էր, որ մեր երկրի առաջին դեսպանն էր հեռաւոր արեւելքում, Ճապոնիայում:
20րդ դարը նոր հնարաւորութիւններ ընձեռեց կանանց, ինչի արդիւնքում հայ կինը եւս վստահօրէն կարողացաւ ինքնարտայայտուել՝ մշակոյթի, գիտութեան, քաղաքականութեան, եւ այլ ոլորտներում: Ստեղծագործելու, արարելու անզուգական տաղանդով օժտուած հայ կնոջ վերելքը շարունակւում է այսօր Հայաստանում եւ հայրենիքից դուրս:
այ կնոջը մեծարելու եւ գնահատելու եւս մէկ գեղեցիկ առիթ նորանկախ Հայաստանում դարձաւ Ապրիլի 7ը: Մայրութեան եւ Գեղեցկութեան տօնը ազգային ամենասիրուած օրերից է՝ միաժամանակ լինելով նաեւ Հայ առաքելական եկեղեցու հիմնական տօներից մէկը՝ Աւետումը: Ըստ այդմ, Մարտի 8ից Ապրիլի 7ը յայտարարուած է որպէս կանանց միամսեակ:
Այս առիթը «Ասպարէզ»ը կը նշի իւրովի՝ միամսեակի շրջանում ներկայացնելով ազգային եւ համաշխարհային մակարդակում ներդրում ունեցած հայ կանանց:
ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ
Դիանա Աբգարը (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկեան) եղել է Հայաստանի առաջին Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչ եւ գլխաւոր հիւպատոս Ծայրագոյն Արեւելքում, Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ճապոնիայում, նաեւ՝ համաշխարհային արդի պատմութեան առաջին կին դեսպանը: Դիանան ծնուել է Բիրմայում (Մեանմար), արմատներով նորջուղայեցի հայերի սերունդների ընտանիքում, ովքեր այնուհետեւ տեղափոխուել են Հնդկաստան: 1890թ. ամուսնու՝ Միքայէլ Աբգարի հետ, Դիանա Աբգարը տեղափոխւում է Ճապոնիա բնակութեան: 1909թ. Ադանայում սկիզբ առած հայկական ջարդերը Դիանա Աբգարին հանգիստ չեն տալիս, եւ նա ուղիներ է որոնում՝ աշխարհին իրազեկելու եւ վերապրածներին աջակցելու համար:
Նա բազմիցս հանդէս է եկել հայ ժողովրդին նուիրուած դասախօսութիւններով, յօդուածներով, աշխատակցել է ճապոնական թերթին, որտեղ գրել է նաեւ անգլերէնով յօդուածներ՝ ներկայացնելով Հայոց Ցեղասպանութեան մասին («Ճշմարտութիւնը հայութեան ջարդերի մասին» (1910), «Հայկական Հարցը», «Դաւաճանուած Հայաստան» (1912)), եւ այլ: Նա նաեւ պատուէրով յօդուածներ է գրել «Թայմս», «Ֆիգարոյ» եւ այլ պարբերականների համար: Դիանա Աբգարի աշխատութիւններն ու 13 գրքերը, որոնցից ինը նուիրուած են Հայոց Ցեղասպանութեանը, ճապոնական հասարակութեանը ծանօթացրել են հայ ժողովրդին ու Եղեռնին:
Միաժամանակ, Դիանա Աբգարը կարողացել է ֆինանսական միջոցներ հայթայթել՝ օգնելով Ցեղասպանութիւնը վերապրածներին, ոմանց էլ տեղափոխելով ԱՄՆ:
1920 թուականի Յուլիսի 2ին Դիանա Աբգարը նշանակուել է Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ճապոնիայում, որից յետոյ Ճապոնիան դէ ֆակտօ ճանաչում է Հայաստանի Հանրապետութիւնը՝ հեշտացնելով հայուհու մարդասիրական գործունէութիւնը եւ փախստականներին տրուող օգնութիւնը: Նրա հովանաւորութիւնն են վայելել նաեւ Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հայերը:
Ժամանակակիցների վկայութեամբ՝ Դիանա Աբգարը եղել է կրթուած, կրօնասէր, քաղաքականապէս տեղեկացուած, գթառատ կին եւ մեծ յարգանք է վայելել պաշտօնակիցների ու գործընկերների շրջանում: Դիանա Աբգարը ծնուելով եւ բնակուելով հայրենիքից հեռու, մշտապէս մեծ սէր է դրսեւորել հայ ժողովրդի հանդէպ՝ հնարաւոր բոլոր միջոցներով օգտակար լինելով ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, երբեք չի եղել: Դիանա Աղաբեկի Աբգարը մահացել է 1937 թուականի Եոկոհամայում: