![0322arnobabajanian]()
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Սովորաբար, իւրաքանչիւր օր, առաւօտ կանուխ առաջին գործս է լինում համակարգիչ բանալը՝ աշխարհի, ի մասնաւորի հայ աշխարհի նորութիւններին տեղեակ լինելու համար: Ճիշդ է, ամէնօրեայ «Ասպարէզ»ն ստանում եմ, ինչպէս եւ միւս թերթերը, բայց նորութիւններին տեղեակ լինելու համար այդ լրագրի վրայ յոյս դնել չի լինի, որովհետեւ, ոչ թերթի խմբագրութեան մեղքով, օրաթերթը վեջին մէկ-երկու տարուայ ընթացքին օրը օրին չի հասնում բաժանորդին: Օրինակ, այս շաբաթուայ ընթացքում երկու օրուայ թերթ եմ ստացել՝ երկուսն էլ նախորդ շաբաթուայ համարներ:
Բոլորիս է յայտնի ողջ Ամերիկայի տարածքին վերջին մի քանի տարում սնանկութեան աստիճանի հասած ամերիկեան փոստային ծառայութեան պժգալի պատմութիւնը:
Այժմ գանք մեր բուն նիւթին: Դիմատետրի բազմաթիւ նիւթերի մէջ առաջինը, որ գրաւեց ուշադրութիւնս, հետեւեալն էր. ինձ բոլորովին անծանօթ մի հեղինակ՝ Քոչար Ոսկանեան անունով (հաւանաբար յօրինուած անուն-մականուն), ռուսերէն երկարաշունչ մի յօդուած էր գրել տաղանդաւոր դաշնակահար եւ հանճարեղ կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանի մասին՝ կապուած նշանաւոր հայորդու ծննդեան 95ամեակի հետ:
Յօդուածի հեղինակը բաւական ցայտուն սարկազմով (սարկազմ՝ կծու, սպաննիչ ծաղր) հարուածի տակ էր դրել Հայաստանի մշակոյթի նախարարութեանը, որ արժանիօրէն չի նշել հենց միայն երաժշտական գլուխ-գործոց եղող «Հերոսական բալլադ»ով հայ ժողովրդին հերոսացնող Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95ամեակը, այլ բաւարարուել է մի խումբ անյայտ մարդկանց հետ ծաղկեփունջ (գուցէ եւ ծաղկեպսա՞կ… չգիտենք) դնելով Երեւանի ամենահին, «Թոխմախ» անունով յայտնի գերեզմանատանը հանգչող կոմպոզիտորի գերեզմանի վրայ:
Յօդուածի բովանդակութիւնից դժուար չէր ենթադրել, որ հեղինակը Առնօ Բաբաջանեանի ընտանիքին մօտ կանգնած անձնաւորութիւններից մէկն է, որովհետեւ նա երգահանի ծննդեան թուականի հետ կապուած մի այնպիսի յայտարարութիւն է անում, որը չկայ եւ կամ ես չեմ հանդիպել կոմպոզիտորին նուիրուած որեւէ աշխատութեան մէջ:
Քոչար Ոսկանեանը գրում է, որ Առնօ Բաբաջանեանը ծնուել է 1921 թուականի ոչ թէ Յունուարի 22ին, այլ 21ին, այսինքն Ռուսական յեղափոխութեան առաջնորդ Լենինի մահուան օրը: Եւ, միանգամայն խելացի որոշումով, նորածին Առնոյի համար ծննդեան թուականի հետ կապուած, հետագայում հասարակութեան մէջ անհամ համեմատութիւններից զերծ պահելու մտահոգութիւնից դրդուած, ծնողները անսալով պատկան մարմնի թելադրանքին, համաձայնուել են մէկ օր առաջ տանել երեխայի ծննդեան թուականը եւ հաստատել Յունուարի 22ը:
Ոսկանեանի յօդուածից երեւում է, որ որեւէ լուրջ միջոցառում՝ կապուած Առնօ Բաբաջանեանի յոբելեանի հետ, տեղի չի ունեցել Երեւանում:
Ի հակադրութիւն հայաստանեան նման անհաճոյ երեւոյթի բացայայտման, յօդուածագիրը Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95ամեակին նուիրուած, Մոսկուայում կայացած մէկ ժամ տեւողութեամբ փառահեղ համերգ-երեկոյի տեսագրութիւնն է հրամցնում հասարակութեանը:
Եւ ի՜նչ համերգ. բեմում սիմֆոնիկ նուագախումբ եւ չորս տղամարդ երգիչներ՝ քառեակ կազմած, պանծացնում են Առնօ Բաբաջանեանի երաժշտութիւնը: Այս անգամ արդէն նորովի հնչողութեամբ, ֆիլմերի համար գրուած նրա երաժշտութիւնը վերածած երգերի, անուանի ռուս բանաստեղծների տեքստերի հիման վրայ: Հանդիսասրահում ցնծութիւն է, հրավառութիւն:
Նայում, լսում ես այս ամէնը, եւ հոգիդ փառաւորւում է այն գիտակցութեամբ, որ մենք՝ հայերս էլ ունենք արժէքներ, մեծութիւններ, ինչպէս իրենք՝ ռուսները, եւ կարող ենք հարստացնել իրենց արուեստի գանձարանը մեր համաշխարհային արժէքներով:
Այո, գաղտնիք չէ, որ ռուսները խելակորոյս կերպով են սիրում Բաբաջանեանի երաժշտութիւնը, ի մասնաւորի նրա երգերն ու ֆիլմերի համար գրած երաժշտութիւնը: Դէ, մենք էլ՝ հայերս, մի քանի տարին մէկ «Երեւան-70» երաժշտական փառատօն ենք անցկացնում ինչպէս Երեւանում, այնպէս էլ Լոս Անջելեսում, որի ծրագրի մէջ եղող երգերի առիւծի բաժինը մշտապէս յատկացւում է Առնօ Բաբաջանեանի երգերին:
Քոչար Ոսկանեանի գրութեան մէջ շատ դառը տողեր կան՝ Բաբաջանեանի անբուժելի հիւանդութեան եւ մահուան հետ կապուած: Ես դեռ էն հին օրերից, 1960ական թուականներից գիտէի կոմպոզիտորի սոսկալի ծանր, անբուժելի հիւանդութեան մասին: Գիտէի, որ նա դեռ երիտասարդական տարիներից տառապում էր արեան քաղցկեղով:
Յօդուածագիրը միանգամայն իրաւացիօրէն, սրտի ցաւով է նկարագրում Առնօ Բաբաջանեանի մահուան եւ թաղման մանրամասների մասին: Պարզւում է, որ ինքը՝ Բաբաջանեանն է կտակ թողել, որպէսզի իրեն հողին յանձնեն Հայաստանում, հակառակ պարագային, եթէ այդ կտակը չլինէր, անկասկած նրան կը թաղէին Մոսկուայում:
Եւ տարօրինակն այն է, որ այդ օրերի (1983 թուական) Հայաստանի իշխանաւորները, ի մասնաւորի կուսակցութեան առաջին քարտուղարը, որ անուն էր հանել որպէս ազնիւ, մաքուր, դասական երաժշտութեան գիտակ, վախենալով մոսկովեան իշխանութիւններից (միանգամայն անտեղի), չհամարձակուեց Առնօ Բաբաջանեանին արժանիօրէն թաղել Կոմիտասի անուան այգու պանթէոնում՝ հայ մշակոյթի եւ գրականութեան մեծերի հարեւանութեամբ:
Արդիւնքում՝ Բաբաջանեանի դին հողին յանձնուեց, ինչպէս վերը նշեցի, Երեւանի ամենահին՝ «Թոխմախգէօլ»ի գերեզմանատանը, հայ բեմի անզուգական վարպետ Աւետ Աւետիսեանի եւ… որքան էլ արտառոց հնչի, անկախ Հայաստանի առաջին տարիներին անփառունակ վախճանով կեանքին հրաժեշտ տուած Հայաստանի գլխաւոր դատախազ Հենրիկ Խաչատուրեանի հարեւանութեամբ:
Տարօրինակ է, չէ՞, բարեկամներ. Բաբաջանեան եւ նրա կողքին՝ հսկայական տարածութիւն զբաղեցնող պետական, քաղաքական գործիչ:
Դիմատետրի մէջ կողք-կողքի տեղադրելով երեք տապանաքարերի լուսանկարները, գրող-լուսանկարիչը նպատակ է ունեցել հասարակութեան ուշադրութիւնը բեւեռել արտառոց «եղբայրական գերեզմանի» վրայ, միեւնոյն ժամանակ առաջարկելով, միանգամայն իրաւացի, երկու խոշորագոյն արուեստագէտների շիրիմները տեղափոխել Երեւանի քաղաքային պանթէոն:
Հազիւ յօդուածի ընթերցումն աւարտած, թանձր մտքերի մէջ թաղուած իմ ուղեղը անկոչ հիւրի դրան զանգից վերադաձաւ դէպի իրականութիւն: Մտերիմ բարեկամ էր եկողը: Ինչպէս ժամանակին Երեւանում, էն լա՜ւ, անհոգ երիտասարդական տարիներին, առանց զանգ տալու, առանց ժամադրութեան: «Ձեր կողմերում էի, ասի գնամ տեսնեմ ո՞նց են մերոնք», հազիւ շքամուտքից ներս մտած ասաց նա ու առօք-փառօք տեղաւորուեց յարմարաւէտ բազկաթոռի մէջ՝ միանգամայն պարզ, ակնառու ձեռքի շարժումներով հասկացնել տալով, որ այնքան էլ շուտ գնալու մտադրութիւն չունի:
Ես վերադարձայ աշխատասենեակ, անջատեցի համակարգիչը՝ յետոյ կրկին վերադառնալու համար ծանօթ նիւթին: Ճիշդ էր ենթադրութիւնս. մինչեւ «իրեն լաւ չտեսաւ», ինչպէս ասում են ուտող-խմող տղերքը, բարեկամս չհեռացաւ մեր տնից:
Նրա մեկնելուց յետոյ անմիջապէս անցայ համակարգչի առջեւ՝ ծանօթ նիւթը կրկին ընթերցելու եւ նշումներ անելու մտադրութեամբ, սակայն… որքան էլ փորձեցի, հնարաւոր չեղաւ Դիմատետրի մէջ գտնել Առնօ Բաբաջանեանին վերաբերուող նիւթը:
Աներեւոյթ ուժեր եւ աներեւոյթ ձեռքեր հանել էին համակարգչից իրենց վարկաբեկող եւ, ինչո՞ւ չէ, իրենց ստորացնող նիւթը: Մենք շատ ենք հանդիպում նման երեւոյթների, մենք դրա փորձառութիւնն ունենք…
…Ամբողջ գիշեր չկարողացայ քնել, անընդհատ Առնոյի հետ էի: Իմ մտապատկերում վերակենդանացան դէպքեր, իրադարձութիւններ՝ կապուած Առնօ Բաբաջանեանի հետ, որոնց բովանդակութեանը այժմ սիրով կը ծանօթացնեմ ընթերցող հասարակութեանը:
Սկզբից ասեմ, որ Առնօ Բաբաջանեանին ժամանակին բնաւ չեն շփացրել հայաստանեան մամուլն ու հեռուստատեսութիւնը: Նրա մասին քիչ է գրուել: Եւ որովհետեւ նա մշտապէս Մոսկուայում էր բնակւում, միայն ժամանակ առ ժամանակ էր յայտնւում Երեւանում, շատ անգամ էլ անուշադրութեան մատնուելով Հայաստանի պատկան մարմինների կողմից:
Մեր ասածը փաստելու լաւագոյն ապացոյցը հետեւեալ պատմութիւնն է:
1971 թուականի Յունուարի 20ին, այսինքն 45 տարի առաջ, ինձ է հեռաձայնում Հայաստանում բաւական սիրուած ու տարածուն «Աւանգարդ» թերթի խմբագիրը.
«Հենրիկ, երկու օր յետոյ, այսինքն ամսի 22ին Առնօ Բաբաջանեանի 50ամեակն է, խնդրում եմ վաղն առաւօտեան յօդուածը սեղանիս լինի», առարկութիւն չվերցնող տոնով կարգադրում է խմբագիրը:
– Այդ ինչպէ՞ս, մէկ օրուայ ընթացքում այդպիսի լուրջ յօդուած գրե՞լ կը լինի, ինչո՞ւ նախապէս չէք ասել… աւելի ճիշդ կը լինի, եթէ դիմէք որեւէ երաժշտագէտի:
– Մենք միայն քիչ առաջ իմացանք այդ մասին, Անասեան, էն էլ խմբագրութիւն եկած մի երաժշտից: Տարիների փորձով ես գիտեմ, որ միայն դու կարող ես մէկ օրուայ ընթացքում արժէքաւոր յօդուած գրել Առնոյի մասին: Վաղը միւս օր միւս թերթերը կը տպեն, իսկ մենք խայտառակ կը լինենք, եթէ չ՛անդրադառնանք այդ յոբելեանին:
Ինչեւէ. յաջորդ օրն իսկ Առնօ Բաբաջանեանի 50ամեակին նուիրուած յօդուածս «Աւանգարդ» թերթի խմբագրի սեղանին էր: Յօդուածը լոյս տեսաւ թերթի 1971 թուականի Յունուարի 23ի համարում:
Եւ, որքան էլ տարօրինակ ու զարմանալի, եթէ յիշողութիւնս ինձ չի դաւաճանում, միայն «Աւանգարդ» թերթն էր, որ անդրադարձաւ Առնօ Բաբաջանեանի յոբելեանին:
Հետագայում, արդէն Միացեալ Նահանգներում, ես այդ նոյն յօդուածը տեղադրեցի 1992 թուականին Լոս Անջելեսի «Անի» տպարանում հրատարակուած իմ «Ա՜յս Եմ Ես» շարքի երկրորդ հատորում:
1960ականների վերջին, երբ համատեղութեան կարգով վարում էի Հայկական ռադիոյի ֆոնդային ձայնագրութիւնների բաժինը, Առնօ Բաբաջանեանը երաժշտական խմբագրութեանն էր ներկայացրել իր նոր գործը՝ «Յորժամ» հոգեւոր մեղեդու մշակումը՝ լարային նուագախմբի եւ անզուգական երգչուհի Լուսինէ Զաքարեանի համար:
Ես, ի պաշտօնէ հետեւում էի ձայնագրութեանը եւ մտքեր փոխանակում Առնոյի հետ, բայց դժուարանում էի նրան հասկացնել, որ այո, ձայնագրութիւնը կը լինի, Լուսինէն էլ կ՛երգի, բայց ռադիոյով եթեր սփռել չի լինի: Երեւի նա չգիտեր, որ հայկական հոգեւոր երաժշտութիւն արգիլուած էր ռադիոյով հաղորդել:
Ձայնագրութիւնը հոյակապ ստացուեց եւ մտաւ ձայնադարանի փակ ֆոնդ: Այդ նշանակում էր, որ դու քո պատասխանատուութեամբ կարող ես այդ ձայնագրութիւնից օգտուել՝ մի փոքր մաս կամ հատուած վերցնելով նրանից, այն էլ որեւէ գրական-երաժշտական հաղորդման մէջ:
Երաժշտական հաղորդումների խմբագրութեան գլխաւոր խմբագիր, տաղանդաւոր լրագրող եւ հիանալի թարգմանիչ Արմէն Յովհաննիսեանի հետ ուղիներ էինք փնտռում Առնոյի այդ հրաշալի մշակումը եթեր տալու համար, բայց չէինք գտնում:
Եղաւ այնպէս, որ Արմէնը պիտի գնար Մոսկուա գործուղման: Ինչպէս նախկինում, ես էի փոխարինելու նրան: Ձայնադարանի տնօրէնուհին, տիկին Ռոզան միայն Արմէնի ստորագրութեամբ իրաւունք ունէր փակ ֆոնդից որեւէ ձայնագրութիւն դուրս հանելու: Որոշել էի, ինչ գնով էլ լինի՝ Առնոյի գործը հասցնել ռադիօունկնդրին, հաշուի չառնելով անգամ աշխատանքից վտարուելու վտանգը: 1965ի դէպքերի յիշողութիւնը դեռ թարմ էր մարդկանց երեւակայութեան մէջ:
Առանց երկար-բարակ, ծանր-թեթեւ անելու, քայլերս ուղղեցի դէպի ձայնադարան.
– Տիկին Ռոզա, խնդրում եմ բերէք Առնօ Բաբաջանեանի գործի օրերս կատարուած ձայնագրութիւնը, օգտագործելու եմ իմ մի հաղորդման մէջ,- միագամայն ինքնավստահ, առանց յուզումի դիմեցի տիկնոջը:
– Ախր, Հենրիկ ջան, էդ ձայնագրութիւնը փակի տակ է… եւ յետոյ, գիտես էլի, Արմէնի ստորագրութիւնն է պէտք…
– Ինչ է, չգիտե՞ս, որ նա քաղաքում չէ, եւ ես եմ նրան փոխարինում:
– Ի՞նչ իմանամ, Հենրիկ ջան… գիտես չէ՞, թէ ես քեզ որքան եմ սիրում, յանկարծ բան-ման դուրս չգա՞յ…
– Չէ, չէ՜, մի անհանգստանայ, մի փոքր հատուած եմ օգտագործելու:
Օրը Հինգշաբթի էր, ես միայն մէկ օր ունէի յանդուգն մտայղացումս իրագործելու համար: Երկուշաբթի Արմէնը գալու էր աշխատանքի: Ինձ մնում էր միայն Ուրբաթ օրը: Մտնում եմ Հայկական երաժշտութեան հաղորդումների խմբագրութիւն.
– Օֆելիա Արտէոմովնա, դուք Կիրակի օրուայ Պատուէրով համերգը կազմե՞լ էք,- դիմում եմ աւագ խմբագիր, եօթանասունին բարեւ ասող օրիորդին։
– Ոչ, դեռ չեմ կազմել, բայց պատրաստւում եմ սկսել, շա՜տ պատուէրներ կան, մանաւանդ գիւղերից:
– Ինչ լա՜ւ, Օֆելիա Արտէոմովնա, այս Կիրակի օրուայ Պատուէրով համերգը ես եմ կազմելու, դուք ձերը թողէք յաջորդ Կիրակի օրուայ համար:
– Մաղարիչ ունէք, մաէստրօ, ես էլ պատրաստւում էի ձեզ խնդրել, որ թոյլ տաք այսօր աւելի վաղ թողնել աշխատանքը:
– Ազատ էք, կարող էք հիմա իսկ գնալ, Օֆելիա Արտէոմովնա:
Վերադարձայ աշխատասենեակս ու, ինչպէս ասում են՝ անցայ հեռախօսի գլխին.
– Արարա՜տ… որտե՞ղ ես, դասասենեակո՞ւմ թէ կաբինետում (Արարատ Քոչարեանը Երեւանի Շահումեանի շրջանի Մետաքսի կոմբինատի բանուորական միջնակարգ դպրոցի տնօրէնն է):
– Կաբինետում եմ, ի՞նչ կայ, ի՞նչ է եղել Հենրիկ, ձայնդ մի տեսակ տագնապալից է հնչում:
– Ամէն ինչ լաւ է, Արարատ: Հիմա ինձ ուշադիր լսիր: Քո այդ բանուոր «աշակերտներից» մի տաս-տասնհինգ հոգուց պատուէր ես վերցնում, թէ իւրաքանչիւրն ի՞նչ երգ կամ մեղեդի կ՛ուզենայ լսել Կիրակի օրուայ Պատուէրով համերգի ժամանակ: Քեզ մի ժամ ժամանակ, ոչ աւելի:
– Հենրիկ ջան, էդ ի՞նչ բանի ես ախպե՜ր, ի՛նչ համերգ, ի՛նչ պատուէր…
– Արարատ, դու ինձ զարմացնում ես, ի՞նչ է, դու էս աշխարհից չե՞ս… հեչ պատուէրով համերգ չե՞ս լսել Կիրակի օրերին…
– Լսել եմ, ինչպէ՞ս չեմ լսել…
– Դէ՜, եթէ լսել ես, սա էլ դրանցից մէկն է: Շարունակեմ ասելիքս: Պատուէրներից մէկը պարտադրաբար պիտի լինի միջնադարեան «Յորժամ» հոգեհանգստեան մեղեդին՝ Լուսինէ Զաքարեանի կատարմամբ: Ընտրիր այնպիսի մէկին, որը քիչ-միչ կարդացած լինի:
– Այդ ի՞նչ ես անում, եղբա՛յր, յեղափոխութի՞ւն… ռադիոյով հոգեւոր ե՞րգ…
– Այո, Արարատ, մենք միասին ենք յեղափոխութիւն անելու…
– Հասկացայ, Հենրիկ, հիմա հասկացայ, միայն թէ ինձ համար պարզ չէր, թէ ինչ էր գործի անուանումը:
– «Յորժամ», երկու վանկ է, Յոր-ժամ…
– «Յորժամ»… լա՜ւ… բա էդ խեղճ աղջիկն ի՞նչ գիտի, թէ ինչ է Յորժամը, իսկի ես չգիտեմ:
– Յորժամ՝ գրաբարից է գալիս եւ նշանակում է՝ երբ որ, երբ: Մի խօսքով՝ կարելի է ասել նաեւ այն ժամանակ: Մարդ ես, եթէ այդ աղջկան հարցնող լինի թէ որտեղի՞ց է լսել այդ մեղեդին, թող ասի, որ լսել է Էջմիածնի Մայր եկեղեցում, պատարագի ժամանակ, Լուսինէ Զաքարեանի կատարմամբ:
– Եղաւ, Հենրիկ, հասկացայ… բայց դու չգիտե՞ս, որ ես կուսակցական եմ, այդ ի՞նչ հակախորհրդային յանձնարարութիւն ես տալիս ինձ:
– Լսի՜ր, ընկեր կուսակցական, բա ինչի՞ ես գալիս եկեղեցի, դեռ մոմ էլ ես վառում…
– Ես քո պատարագները լսելու համար եմ գալիս…
– Գիտեմ: Կիրակի օրն էլ պատուէրով համերգի ընթացքին կը լսես Առնօ Բաբաջանեանի մշակած «Յորժամ»ը՝ Լուսինէ Զաքարեանի կատարմամբ:
… Բաւական երկար տեւեց չարաբաստիկ համերգի պատրաստելը: Որոշել էի մի քանի նախադասութեամբ ներկայացնել թէ՛ Բաբաջանեանին, թէ՛ կատարուող ստեղծագործութեանը եւ թէ սքանչելի երգչուհուն, որ նոր-նոր էր արժանացել համընդհանուր ճանաչման: Հետագայում հասկացայ, որ նման մօտեցմամբ, ես թեթեւացրել էի իմ մեղքը՝ «արգելուած պտուղը» հրամցնելով հասարակութեանը:
Ես մերոնց տեղեակ չէի պահել երեւոյթի մանրամասների մասին, միայն խնդրեցի, որ բոլորս մէկտեղուենք մեր խոհանոցում՝ լսելու պատուէրով համերգը: Երեւանում սովորութիւն է ռադիոընդունիչը խոհանոցի պատին ամրացնելը: Եկաւ «Յորժամ»ի պահը, եւ բոլորս քարացանք: Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ մինչեւ մեղեդու աւարտը եւ նրանից յետոյ էլ մի քանի վայրկեան: Երկար լռութիւնից յետոյ հայրս էր խօսողը.
– Էս ի՞նչ է, Հենրիկ, արդէն թոյլատրւո՞ւմ է հոգեւոր երաժշտութիւն հաղորդել ռադիոյով:
– Ո՛չ, հայրիկ, չի՛ թոյլատրւում: Այդ ես է, որ խախտել եմ օրէնքը: Ինչո՞ւ պիտի ազատօրէն կարողանանք եթեր սփռել Բախի, Մոցարտի, Բեթհովենի հոգեւոր երաժշտութիւնը, իսկ մերը՝ հայկականը ոչ: Ի՜նչ տխմար որոշում է, չէ՞, հայրիկ: Մի խօսքով, մի քանի խոչընդոտներ յաղթահարելուց յետոյ ես հասայ իմ նպատակին: Թէ գործից պիտի հանեն, թող հանեն:
Առանց մի խօսք ասելու հայրիկս յուշիկ քայլերով գնաց դէպի իր աշխատասենեակը՝ մինչ այդ մի անմեղ ժպիտ պարգեւելով ինձ:
Երկուշաբթի առաւօտեան, սովորականից աւելի նկատելի հագուստ-կապուստով գնում եմ ռադիոկոմիտէ: Նախամուտքին, դռների առջեւ կանգնեցնում է ծանօթ ոստիկանը.
– Անասեան՝ նախագահի մօտ:
– Գիտեմ, ես սպասում էի դրան:
Նախագահի քարտուղարը ինձ տեսնելով՝ շանթահար եղածի պէս վեր թռաւ տեղից ու.
– Ընկեր Անասեան, խնդրում եմ մի րոպէ սպասէք, հարցնեմ տեսնեմ կարո՞ղ է հիմա ձեզ ընդունել թէ ոչ:
– Սիրո՜վ, Նունիկ ջան, բայց ինչո՞ւ ես մի տեսակ վախեցած…
– Չգիտե՜մ, չգիտեմ… ձեր մասին եմ մտածում…
Յստակ էր, որ օրիորդը ծանօթ էր պատմութեանը: Երկու երկվայրկեան անց նախագահի դրան ներսի կողմում էի: Սպասում եմ հրամանի, բայց ոչ մի ձայն չկայ, պարոնը երկու ձեռքերով բռնել է անկողնի սաւանի չափ «Սովետական Հայաստան» թերթը եւ խորասուզուած է ընթերցանութեան մէջ: Քիչ անց.
– Հը՜, եկել ես, հա՞… հերոս ենք խաղում, էլի… Դէ որ եկել ես, մօտ արի ու մանրամասն պատմի՝ գիտես ինչի մասին է խօսքս:
Առանց որեւէ մանրուք բաց թողնելու, մանրամասն պատմեցի ամէն ինչ, չմոռանալով ճառել հայկական հոգեւոր երաժշտութեան անփառունակ վիճակի մասին, եւ որ մեր պարտքը պիտի լինի եւրոպական հոգեւոր երաժշտութեան ժողովրդականացման հետ մէկտեղ, տեղ յատկացնել նաեւ մեր աննման հոգեւոր երաժշտութեանը:
Իմ ամբողջ «ելոյթի» ընթացքում ոչ մէկ վայրկեան ինձ չընդհատեց նախագահը: Մի քանի րոպէ երկուսս էլ լուռ էինք: Յետոյ նա վեր ելաւ իր շքեղ բազկաթոռից ու մօտեցաւ ինձ՝ ակամայ ինձ ստիպելով, որպէսզի ես էլ ոտքի ելնեմ: Մօտեցաւ ու զսպուած ժպիտով, երկու ձեռքերով բռնեց ուսերս ու թափ տալով ամբողջ մարմինս ասաց.
– Գնա՛, գնա աշխատիր, ես ամէն ինչ հասկացայ,- ուրիշ ոչ մէկ բառ:
Ելքին չհասած շուռ եկայ: Նախագահը կանգնած էր նոյն դիրքով, նոյն տեղում: Ես էլ կանգնեցի մի պահ եւ ձեռքս բարձրացրի վեր՝ ասել ուզելով, թէ ի՛նչ են որոշելու աւելի վերեւներում:
Հասկանալով թէ ինչն է ինձ անհանգստացնում, այս անգամ արդէն բարձրաձայն, գրեթէ բղաւելով ասաց.
-Գնա՜, գնա ասացի, եւ աշխատիր նոյն ոճով…
… Սառոյցը հալուեց: Կարծրամտութիւնը իր տեղը զիջեց առողջ տրամաբանութեանը: Պարբերաբար հայկական ռադիոյից սկսեցին հնչել հայ հոգեւոր երաժշտութեան գոհարներ:
Այն ամէնը, ինչ ներկայացրի ընթերցողին՝ մի նպատակ է հետապնդում. երբեք չմոռանանք մեր մեծերին, ի մասնաւորի եզակի մեծութիւններին, եւ աշխարհից նրանց հեռանալուց յետոյ, արժանի ձեւով պահենք նրանց յիշատակը: Ինչպիսի՞ն էր Առնօ Բաբաջանեանը՝ մեծերից մեծը: Սա է պատասխանը: Պէ՞տք է նրան մեր յիշողութեան մէջ պահել. անկասկած: Միշտ եւ անդադար: Եթէ նրա երաժշտութիւնն էլ մտաբերելու չլինենք, նրան յիշելու համար, բաւ է որ մտովի գնանք Երեւան, ուր, Կարապի լճի հարեւանութեամբ կը տեսնենք նրա՝ դաշնամուրին հենուած բրոնզէ քանդակը: Իսկ ողջ քանդակի ամենածանօթ բաղադրիչներից մէկը հանճարեղ կոմպոզիտորի նշանաւոր քիթն է…
«…Եթէ ես բեմի վրայ չտեսնէի քո խոշոր քիթը, կը մտածէի թէ Ռիխտերն է նուագում…»,- Առնօ Բաբաջանեանի՝ որպէս հանճարեղ դաշնակահարի մասին այսպէս է արտայայտուել սովետական ականաւոր երաժշտագէտ Ասաֆեւը:
Առնօ Բաբաջանեանի մասին յոբելեանական յօդուած չէ, որ մենք ներկայացրինք ընթերցողին, այլ կոչ ու թելադրանք Հայաստանի պատկան մարմիններին, որպէսզի նրանք ըստ ամենայնի կարողանան գնացած, բայց յաւերժ մնացած մեր մեծութիւններին մշտապէս պահել ժողովրդի յիշողութեան մէջ:
Իսկ ես խոստանում եմ լուրջ, մասնագիտական յօդուածով հանդէս գալ հինգ տարի յետոյ, Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100ամեակի օրերին, եթէ Տէրը կամենայ եւս հինգ տարի շնորհել ինձ…