Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Թուրքագէտ Մելինէ Անումեանի Գրքի Անգլերէն Հրատարակութեան Շնորհանդէսը Երեւանում

$
0
0
Book presentation

Ձախէն աջ՝ Մելինէ Անումեան, Արեւիկ Գաբրիէլեան եւ Հայկազուն Ալվրցեան

Յունիսի 28ին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում տեղի ունեցաւ թուրքագէտ, Հանրային ռադիոյի թուրքերէն հաղորդումների խմբագիր Մելինէ Անումեանի «Ճանաչում Եւ Դատապարտում. Երիտթուրքերի Դատավարութիւնները (1919-1921թթ. Եւ 1926թ.)» գրքի անգլերէն հրատարակութեան (Acknowledgment and Condemnation: The Trials of Young Turks in 1919-1921 and 1926) շնորհանդէսը:

Գրքի թարգմանիչն է քաղաքական գիտութիւնների դոկտոր երջանկայիշատակ Արա Գաբրիէլեանը (Նիւ Եորք): Թարգմանութեան անաւարտ ձեռագիրը իր աւարտին է հասցրել եւ խմբագրել թարգմանչի այրին՝ Արեւիկ Գաբրիէլեանը: Գրքի գրախօսներն են ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը եւ թուրքագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արսէն Աւագեանը:

Մենագրութիւնը հրատարակել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի տպարանը, «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի մատենաշարով:

Գրքի հայերէն բնագիրը տպագրուել էր 2013թ., Երեւանում, Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-ինստիտուտի կողմից:

Մենագրութեան առաջին գլխում ներկայացւում է քաղաքական մթնոլորտը Օսմանեան կայսրութիւնում՝ Մուդրոսի զինադադարի կնքումից յետոյ, ինչպէս նաեւ՝ հայերի տեղահանութեան եւ կոտորածների խնդրի քննարկումները օսմանեան մամուլում եւ երկպալատ խորհրդարանում 1918թ. վերջերին:

Հեղինակն առաջին գլխում անդրադառնում է նաեւ այն հետաքննութիւններին, որոնք Հայոց Ցեղասպանութեան պատասխանատուների նկատմամբ իրականացուել են Օսմանեան պետութիւնում՝ նշուած ժամանակահատուածում:

Երկրորդ գլխում ուսումնասիրւում են 1919-1921թթ. հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով Ստամբուլի Ռազմական արտակարգ ատեաններում քննուած դատական գործերը եւ 1919-1920թթ. Երիտթուրքերի դատավարութիւնները:

Երրորդ գլխում քննութեան են առնւում քաղաքական զարգացումները Թուրքիայում 1923-1926թթ.: Հեղինակը ներկայացնում է ազգայնական պայքարում էական դերակատարում ունեցած երիտթուրքերի՝ Թուրքիայի Հանրապետութեան հռչակումից յետոյ ընդդիմութեան ճակատում յայտնուելու պատճառները եւ հանրապետութեան նախագահ Մուստաֆա Քեմալի դէմ ծրագրուած Իզմիրի մահափորձը:

Երրորդ գլխում ուսումնասիրւում են նաեւ 1926թ. Թուրքիայի Հանրապետութեան անկախութեան դատարաններում քննուած Իզմիրի մահափորձի եւ Անկարայի կամ «Սեւ աւազակախմբի» դատական գործերը:

Վերջում հեղինակը համեմատութիւն է անցկացնում երիտթուրքերի 1919-1921թթ. եւ 1926թ. դատավարութիւնների միջեւ, եւ ընդգծում իթթիհադական աւանդոյթի պահպանման փաստը Թուրքիայի Հանրապետութեան քաղաքական կեանքում, ինչպէս նաեւ գաղափարախօսութեան եւ պետական կառավարման մէջ:

Շնորհանդէսին ելոյթ ունեցան ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը, Հայկական ազգային կինօակադեմիայի նախագահ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրող Դաւիթ Մուրադեանը, գրքի անգլերէն հրատարակութեան խմբագիր Արեւիկ Գաբրիէլեանը, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեանը եւ գրքի հեղինակ Մելինէ Անումեանը: Խօսք առնողները կարեւորեցին Մելինէ Անումեանի աշխատութեան մեծ արժէքը: Նաեւ, բարձր գնահատանք արտայայտեցին թարգմանչի՝ ամերիկահայ մտաւորական, ազգային-հասարակական գործիչ ու նուիրեալ հայրենասէր դոկտ. Արա Գաբրիէլեանի մեծ վաստակի հանդէպ:

Գիրքը կարելի է պատուիրել սոյն միջոցով՝

https://www.ciliciabookstore.com/product/acknowledgment-and-condemnation-the-trials-of-young-turks-in-1919-1921-and-1926/

Հայերէն բնագիրը մատչելի է հետեւեալ հասցէին՝

http://www.armeniansgenocide.am/am/books_chanachum_ev_datapartum


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles