Լոյս է տեսել «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհուրդ հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիութեան միութեան անդամ Մհեր Սահակեանի «Չինաստանի Մէկ Գօտի, Մէկ Ճանապարհ Նախաձեռնութիւնը Եւ Հայաստանը» գիրքը։
Աշխատութեան նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտէզ հանդիսանել, որի միջոցով Հայաստանը կը կարողանայ ներգրաւուել չինական քաղաքատնտեսական նախաձեռնութիւնում, մասնաւորապէս խթանելով հայ-չինական քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսաբանկային, տնտեսական համագործակցութիւնը:
Աշխատութիւնում ներկայացուել է նաեւ Չինաստանի հայկական համայնքը որպէս հայկական «փափուկ ուժի» գործօն օգտագործելու հնարաւորութիւնները «Մէկ գօտի, մէկ ճանապարհի» շրջանակներում: Վերլուծուել է նաեւ Չինաստանի «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան ազդեցութիւնը համաշխարհային քաղաքատնտեսական իրադրութեան վրայ, գնահատուել է այս նախաձեռնութիւնը Չինաստանի ազգային անվտանգութեան տեսանկիւնից:
Գրքի հեղինակ Մհեր Սահակեանը ոչ թէ պարզապէս հետեւել է չինական նոր «Մետաքսի ճանապարհ» ռազմավարութեան՝ «Մէկ գօտի, մէկ ճանապարհի»ի յայտ գալուն, այլեւ այս նախաձեռնութեան առաջացման առաջին տարիներին՝ 2012-2016թթ?, գիտական հետազօտութիւն է կատարել Չինաստանի լաւագոյն բուհերից Նանծինի համալսարանում, պաշտպանել գիտական թէզը: Մինչեւ Հայաստան վերադառնալը՝ 2017թ. Նոյեմբերի 27ը ղեկավարել է Չինաստանի հայկական համայնքը:
Որպէս հրաւիրուած բանախօս զեկուցումներով հանդէս է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի, Նեւշեհիրի համալսարաններում, Չինաստանում ԵՄ ներկայացուցչութիւնում, Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Ակադեմիական խորհրդում (Վիեննա):
Արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը նշել է. «Ճիշդ գիրք՝ ճիշդ ժամանակին, ճիշդ տեղում. ես նախընտրում եմ այսպէս վերնագրել իմ հակիրճ խօսքը Մհեր Սահակեանի ընթերցողի սեղանին դրուած «Չինաստանի Մէկ Գօտի, Մէկ Ճանապարհ Նախաձեռնութիւնը Եւ Հայաստանը» գրքի վերաբերեալ: Գիրքն իր տեսակի մէջ առաջինն է եւ միակը հայկական իրականութիւնում: Ցաւալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտի Չինաստանը, եւ աւելի վատ է, որ հետ է մնում այդ կարեւորագոյն երկրի հետ փոխշահաւէտ համագործակցութիւն զարգացնելու հնարաւորութիւնից: Առանց սխալուելու մեծ հաւանականութեան կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտէզ է դէպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար: Մհեր Սահակեանի ուսումնասիրութիւնում քաղաքագիտական, տնտեսագիտական խոր եւ համակողմանի վերլուծութեան են ենթարկւում Չինաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեան այն ասպեկտները, որոնք քիչ են ուսումնասիրուել կամ գրեթէ չեն ուսումնասիրուել հայ մասնագէտների կողմից: Մհեր Սահակեանի աշխատութեան ամենամեծ արժէքը «Մետաքսի ճանապարհ»ի միջազգային ռազմաքաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային ասպեկտների (երեւոյթներու-Խմբ.) մատչելի բացատրութիւնն է, եւ ամենակարեւորը՝ դրա պրակտիկ (գործնական-Խմբ.) նշանակութիւնը Հայաստանի համար: Երկար տարիներ ապրելով, սովորելով եւ աշխատելով Չինաստանում՝ Մհեր Սահակեանն ակտիւ (աշխոյժ-Խմբ.) դեր է խաղացել հայկական համայնքի կազմաւորման եւ գոյացման գործընթացում: Այս գիրքը պերճախօս վկայութիւնն է այն բանի, որ յանձինս Մհեր Սահակեանի մենք ունենք բարձրակարգ պրոֆեսիոնալ–չինագէտ (մանագէտ չինաստանագէջ-Խմբ.), որոնց կարելի է հաշուել մատների վրայ: Նրա հնարաւորութիւնները հայ-չինական յարաբերութիւնների զարգացման գործում ակտիւօրէն չօգտագործելն աններելի վրիպում կը լինէր»:
Գիրքը հրատարակուել է «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի երաշխաւորութեան հիման վրայ: Գրքի գիտական խմբագիրն է Վալերի Պօղոսեանը:
Նախատեսուած է արտաքին քաղաքականութեան պատասխանատուների, դիւանագէտների, միջազգայնագէտների, արեւելագէտների, չինագէտների, տնտեսագէտների, ուսանողների եւ ընթերցող լայն շրջանակների համար:
Գիրքը կարելի է ձեռք բերել «Նոյեան Տապան» (Աբովեան 8, Երեւան), «Բուքինիստ» (Մաշտոցի պողոտայ 20, Երեւան), «Զանգակ» (Կոմիտասի պող? 49/2, Երեւան) գրատներից:
«Չինաստան.օրկ»
chinastan.org