ՆԵՍՐԻՆ ԵԸԼՄԱԶ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Մանուկ էի, քուրդ ընկերներ ունէի նոյն թաղամասում… Ընկերներ, որոնց քուրդ լինելու մասին մեծանալուց յետոյ իմացայ…
Յետոյ մեծացայ, կեանքիս իւրաքանչիւր պահի լազ, չերքեզ, ալեւի, սուննի, ամերիկացի, գերմանացի եւ այլ ազգերի պատկանող ընկերներ ունեցայ, այնքան տարբեր ազգերի, որ անգամ չեմ էլ յիշում…
Մեր գլուխները քուրդ ընկերների հետ նոյն բարձին դրեցինք մէկ պետութեան հարկի տակ…
Կեանքիս ընթացքում ընտանիքիցս մարդկանց ինքնութեան վերաբերեալ ոչ մի բնորոշում կամ վերլուծութիւն չեմ լսել…
Ոչ թէ ցեղապաշտութեամբ, այլ մարդու հանդէպ սիրով եմ դաստիարակուել, փառք Աստծոյ…
Սակայն շրջապատից, փողոցում բարձրաձայն զրուցող մարդկանցից շատ եմ լսել այդ զազրելի խօսքը.
«Հայի ծնունդ» ասում էին մեծահասակները որեւէ մէկի վրայ բարկանալիս:
Յաճախ էի մտածում՝ ինչ է դա նշանակում, սակայն խելքս չէր հասնում այն ժամանակ:
Եւ անընդհատ դեռ ափսոսում եմ…
Ինչո՞ւ ես հայ ընկեր չեմ ունեցել, հայրի՛կ:
***
Մի քանի օր առաջ Եըլդըզի տեխնիկական համալսարանի Արուեստի ամբիոնի վարիչ, պրոֆ. Ահմեթ Աթանը մի բան էր հրապարակել «Twitter» սոցիալական ցանցի օգտատէրերի համար.
«Եթէ հրեայ, հայ կամ յոյն էք, «Գեզի» պուրակի համար արուող ցոյցերին ձեր ակտիւ դերակատարմանը կարող եմ ըմբռնումով մօտենալ: Խնդրում եմ՝ ուսումնասիրէք ձեր ծագումը»:
Ես տեղեակ չեմ, թէ այս երկրում ռասիստների (ցեղապաշտներու-Խմբ.) թիւը որքան է, սակայն մի բան գիտեմ, որ կան խղճուկներ, ովքեր հային ընդգրկել են վիրաւորանքի գրականութեան մէջ:
Կան այլասերուածներ, որոնք այս երկրում ստորացնում են մի ազգի:
Այս երկրում կան այնպիսիք, ովքեր կարծում են, թէ հայ լինելը բաւարար պատճառ է՝ սպանուելու համար:
Այսպէս կոչուած «ժողովրդավարութեան կողմնակից», «խաղաղութեան ջատագով» այդ խղճուկների՝ երկրի հանդարտութիւնը վերականգնելու համար օգտագործած արդարացման ձեւը հետեւեալն է՝ հայն անարգ ցեղից է:
Այնինչ իրական այլասերուածութիւնը, մի մարդու՝ հայ, յոյն, հրեայ ասելով, արհամարհելն է:
Իսկական այլասերուածութիւնը, մի ցեղի վերը դասելով, միւս ցեղերին թերագնահատելն է:
Հիմնական այլասերուածութիւնը նման արտայայտութիւնների միջոցով այս հողերում ապրող փոքրամասնութիւններին սպառնալն է:
Սակայն չգիտեմ՝ դրա մասին գիտի այս կրթուած, ուսում ստացած, իր համար մեր երկրի ամենաբարձրակարգ համալսարաններից մէկում տեղ արած այս «մարդը»…
Իրական այլասերուածութիւնը Ալլահի արարածներին օտարացնելն է, այն դէպքում, երբ ասում են, թէ հաւատում են նրան:
Այո՛, կեանքիս կէսն անցել է, սակայն ոչ մի հայ ընկեր չեմ ունեցել:
Այդ տհաճ արտայայտութիւններից խրտնելով, այդ ցեղապաշտութիւնից քաշուելով՝ ով գիտէ՝ ինչ ահով են համակուել նրանք այս գիշերուայ կէսին…
Ինչպէ՞ս շրջապատում ասեն «Ես հայ եմ», երբ այսչափ քինախնդրութեամբ, այդքան ատելութեամբ լեցուն մարդիկ կան շուրջը:
«ԱԿՈՒՆՔ»