ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ
Ընդհանրապէս, այո, խայթը, խայթելը մէկի համար խթան կարող է լինել՝ թէ՛ ցաւագին եւ թէ՛ առաջմղիչ: Սա՝ բովանդակային առումով, իսկ զուտ լեզուական տեսակէտից խայթ եւ խթան բառերը գրեթէ նոյնն են: Որովհետեւ խայթ արմատի զանազան դրսեւորումներն են խեթ, խէթ, խիթ, խութ, խոթ բառերը:
Նախ՝ վերհիշենք բառերի նշանակութիւնները.
Խայթ՝ խայթոցով ծակելը, խոցելը: Փոխաբերական առումով՝ հոգեկան տուայտանք, որ առաջանում է վիրաւորանքից, խղճահարութիւնից, զղջումից: Խայթոց՝ որոշ միջատների պաշտպանողական եւ յարձակողական գործարանի սուր ծայրը, կիճ, կնճիթ: Խեթ՝ խոժոռ, խոլոր, խիստ: Խեթ նայել՝ խոժոռ, անբարեացակամ նայել: Խէթահար՝ չար աչքի եկած: Խիթ՝ ծակոց, ցաւ, վէրք, խոց: Խոթել՝ մտցնել, խթել: Խթել՝ մի բան առաջին անգամ ուտել, նուբար անել: Խութ՝ ճանապարհին դուրս ցցուած քար, խոչ, ջրի մէջ կամ նրանից դուրս ցցուած ժայռ, փոխաբերական առումով՝ արգելք, խոչընդոտ:
Խայթ բառը իր զանազան դրսեւորումներով ծագում է հնդեւրոպական նախալեզուի հրել, ճնշել, պատռել իմաստներից: Իսկ միւս նշանակութիւնները՝ խոժոռ, խոլոր, խիստ, խղճի խայթ, առաջին անգամ ուտել, խոչընդոտ եւ այլն, կազմուած են փոխաբերաբար:
Հետաքրքիր է խիթ արմատից կազմուած կաշառ խթել արտայայտութիւնը, որ նշանակում է կաշառք կերցնել: Նոյն խիթ արմատից են խթել խայթել, մշտել, բօթել եւ խթան՝ խթելու գործիք բառերը: Քանի որ խիթ բառի նախնական եւ հիմնական իմաստն է՝ փորի, կողի կամ ոտքի ցաւ, ապա պարզ է խթել եւ խթան բառերի կազմութիւնը:
Անչափ հետաքրքիր կազմութիւն է գաղտախթել բառը, որը նշանակում է՝ ծածուկ կաշառել: Ըստ դրա՝ կարելի է լաւ բառ ստեղծել այսօրուայ կոռուպցիա բառի համար:
Ինչեւէ: Ինչքան աներեւոյթ խորութիւններ կան բառերի ներսում, ինչքան հետաքրքիր է բառի վրայից թզենու տերեւը վերցնելը եւ էութիւնը բացելը: