ՈՒՅԳԱՐ ԳԻՒԼԹԵՔԻՆ
Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Գիտաժողովի ամենաուշագրաւ հանդիպումներից մէկը թոռների հանդիպումն էր: Առաջին անգամ իրենց իսլամացուած բարեկամների պատմութիւնները իրար հետ կիսելու համար հաւաքուած թոռները հոգեբան Ժուլիդէ Արալի ղեկավարած նիստի ժամանակ հնարաւորութիւն ունեցան տարիներ շարունակ լռութեան մատնուած իրենց պատմութիւնները պատմել, կիսուել:
Մամուլի եւ միւս մասնակիցների համար դռնփակ այս յատուկ նիստի աւարտին Ժուլիդէ Արալը շեշտեց, թէ տեղի ունեցած տրաւմաները (հոգեբանական խոցերը-Խմբ.) յաղթահարելու համար որքան կարեւոր է պատմելը. «Ըստ էութեան տրաւման անձնային մակարդակում շատ դժուար է յաղթահարել, վնասը շատ մեծ է: Շատ դժուար է որպէս գաղտնիք պահելը»: Հոգեբանը խմբակային հոգեբանական թերապիայի դրական ազդեցութեան մասին ասաց. «Ժողովրդի մէջ տարածուած է «մարդը մարդուն կը դարմանի» ասոյթը, ըստ էութեան թերապիայի ընթացքում յաճախորդն անընդհատ ինքն է խօսում, երբ իր ձայնն ականջին է հասնում, բոլորովին այլ է լինում: Կարողանում է լսել եւ հասկանալ: Շատ կարեւոր է ազատուել սիրտը մղկտացնող ցաւից: Շատ աւելի կարեւոր է, որ այս ամէնը կատարուի խմբակային: Խումբը ամոքող յատկութիւն ունի: Պատկանել որեւէ խմբի: Այս թերապիայի ժամանակ դա տեղի ունեցաւ»:
ԸՆԴՈՒՆԵՑԻՆ, ՄԱՔՐՈՒԵՑԻՆ
Արալը նշելով, թէ շատ կարեւոր է, որ հայերը՝ կապ չունի մուսուլման է թէ ոչ, այս հանդիպման ժամանակ իրենց տեսնեն եւ ընդունուեն. «Շատ կարեւոր է իրավիճակը, որտեղ բոլորս բաժին ունենք: Թէեւ ասում ենք, որ այս հանդիպումը թերապիա չէ, սակայն շատ կարեւոր է, որ մասնակիցներն ազատւում են այն ցաւից, որը սիրտը կտոր-կտոր է անում»: Արալն այնուհետեւ յաւելելով, որ կանանցից ու տղամարդկանցից բաղկացած 20-60 տարիքային խառը խմբում մարդիկ թոյլ տուեցին, որ զգացմունքները գլուխ բարձրացնեն, ընգգծեց նաեւ միասին լացելու եւ ծիծաղելու ուժը:
Արալը շեշտելով, որ օրերից մի օր իր հայ լինելու մասին իմանալուց յետոյ ձեռք բերած տրաւման շատ ծանր է լինում տուեալ մարդու համար, ասաց. «Կարծես ոտքերիդ տակից հողը փախչի: Մենք ինքնութեան զգացում ունենք: Երբ ցանկանում ենք ինքներս մեզ ներկայացնել, այդ մակդիրներն ենք օգտագործում եւ մէկ էլ միանգամից տեսնում ենք, որ այդ մակդիրներն ու ածականները տակնուվրայ են եղել, փոխուել են»: Ըստ մասնագէտի՝ որեւէ խմբի պատկանելու զգացումը շատ կարեւոր է եւ երբ այն սկսում է խախտուել, մարդն ինքն իրեն կորցնում է. «Ինչպէ՞ս ենք խախտուած պատկանելութեան զգացումը փոխարինելու նորով: Փոխարինելը միայնա՞կ, թէ միասին ենք կատարելու: Ընդունւո՞ւմ ենք, թէ դուրս ենք մնում»:
Արալը շեշտելով, որ ինքնութիւնն, ըստ էութեան, փոխանցւում է սերնդե սերունդ, ասաց. «Անգամ ամենալուռ ընտանիքում որոշ բաներ, որոշ արժէքներ են փոխանցւում, որոնք ազդում են ինքնագնահատականի դինամիկայի եւ համակարգի վրայ: Եւ երբ սկսում են քննարկուել այդ փոխանցուած արժէքները, ճնշման տակ կեղտոտ ջուրը թափելու էֆեկտ (ազդեցութիւն-Խմբ.) է ունենում: Սկսում են մաքրուել: Ֆեթհիէ Չեթինի գիրքն այս գործընթացի վառ օրինակն է: «Մեծ մայրս» գիրքը հասարակութեան մէջ առաջացած խցանումը, աղտոտումը, ցաւը ճնշման տակ բացեց եւ շարունակուեց: Այդ գրքից, նման գրքերից հասանք մինչեւ այսօր: Մի տեղից ճաք տուեց եւ շարունակուեց»:
Արալը նշելով, որ տարբերութիւնն ընդունելու դէպքում հանգստութիւնն աւելի է ամրապնդւում, վերջում շեշտեց այն քայլը, որը հրաշք է գործում. «Նախ պէտք է սկսենք ընդունելով: Բոլորի պէս պէտք է ընդունենք: Ահա այդ ժամանակ նաեւ ազատութիւն ձեռք կը բերենք»:
ՏԵՍԱՆՔ, ԹԷ ՄԵԼԻԱ
ԱՑԵԴԱՐԱԽԻ (ՀԻՄԱԼԱՅԵԱՆ) ՏՆԿԻՆ, ԱՐԱԳ ՄԵԾԱՆԱԼՈՎ, ԻՆՉՊԷՍ ԾԱՂԿԵՑ
Փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպման աւարտին թոռների պատրաստած տեքստը հասարակութեանը ներկայացրեցին գիտաժողովի վերջին նիստի ժամանակ: Զգացմունքային տեքստում կարդում ենք. «Թուրքիայի տարբեր նահանգներից 20-65 տարեկան 9 արական եւ 8 իգական սեռի ներկայացուցիչների մասնակցութեամբ «Իսլամաց(ու)ած հայերի երեխաներն ու թոռները» խորագրով խմբակային աշխատանք կատարուեց:
Մեր կորած հայրական եւ մայրական կողմի տատիկներին, պապիկներին, մայրերին ու հայրերին բերեցինք այստեղ, նրանցից ոմանց իսկական անունն անգամ յայտնի չէ: Պատմեցինք մեր պատմութիւնները, կիսեցինք մեր ցաւերը: 3 օր շարունակ տեսանք, որ միայնակ չենք: Երջանիկ ենք: Երբ խօսեցինք, նուազեցին թուրք-հայ, քուրդ-հայ, քրիստոնեայ հայ-մուսուլման հայ, ասորի տարբերութիւնները:
Որպէս մի խումբ, որտեղ բոլորը կիսում են նոյն ցաւը, միասին լացեցինք, սգացինք եւ տեսանք, թէ ինչպէս պոկուած համրիչի (թզբեհ) հատիկները հաւաքուեցին, եւ Մելիա ացեդարախի տնկին, արագ մեծանալով, ինչպէս ծաղկեց:
Հասկացանք, որ մեր այս միայնութիւնը կարող ենք յաղթահարել, երբ առանց վախենալու ասենք, թէ ով ենք մենք, ինչ ենք կորցրել, բացայայտենք նրանց տառապանքն ու մեր կորուստը:
Ըստ էութեան՝ 3 օր տեւած այս աշխատանքները մեզ հանգստացրին: Թող շատ աւելի պատմութիւններ պատմեն, այս տարբերութիւններին վերջ դնենք կամ էլ ընդունենք, որ տարբեր ենք: Եւ խիղճ ունենանք, որ այլեւս չկրկնուի:
Մենք՝ միջանկեալ դիրքում գտնուողներս, սպասում էինք, որ քրիստոնեայ հայերը մեզ կը նկատեն եւ իրենց գիրկը կ՛առնեն, սակայն հասկացանք, որ այլեւս միայնակ չենք: Այս օրն էլ եկաւ: Այն, որ մեր ընկերները, ովքեր ունեն նոյն արմատները, որը մենք նոր ենք յայտնաբերել, որի մասին նոր ենք իմացել, մեզ «տաճիկ» էին անուանում, ստիպում էր մեզ արհամարհուած ու նուաստացած զգալ:
Երբ բոլորս, ինչպէս նաեւ մեզանից տարբերուողների հետ, սկսենք միասին սգալ, լացել, միասին կարող ենք նաեւ ծիծաղել: Մեր ապաքինման գործընթացն այդպէս է սկսելու»:
«Ակունք»