Վարեց՝ ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Նախորդ տարուայ Նոյեմբերին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ ազդարարուեց ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նոր փուլի մասին: Կողմերը պատրաստակամութիւն յայտնեցին հանդիպումները դարձնել առաւել յաճախակի եւ շարունակել բանակցութիւնները: Յունուարին Փարիզում նախատեսւում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը, «Արմէնփրէս»ի հետ բացառիկ հարցազրոյցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը ներկայացրել է ԼՂՀ պաշտօնական դիրքորոշումը հարցի շուրջ:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Պարոն Միրզոյեան, նախորդ տարուայ վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելել էին տարածաշրջան եւ Ստեփանակերտում հանդիպել ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի եւ ձեզ հետ: Մանրամասնէք, խնդ-րում եմ, ինչի՞ շուրջ է ընթացել այս անգամ զրոյցն ու ի՞նչ ակնկալիքներ կան համանախագահների աշխատանքից:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի եւ նրա շրջանակներում Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ կայացած հանդիպման վերաբերեալ արդէն բաւականաչափ տեղեկատուութիւն է տրամադրուել: Ինչպէս միշտ, օրակարգում են եղել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Մեր կողմից ուշադրութիւն է հրաւիրուել Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) ու ապակառուցողական քաղաքականութեան դրսեւորումների եւ դրանց բացառման անհրաժեշտութեան վրայ, ինչպէս նաեւ շեշտուել, որ պէտք է վերականգնուի պաշտօնական Ստեփանակերտի լիիրաւ մասնակցութիւնը բանակցային գործընթացի բոլոր փուլերին:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Այսօր ի՞նչ փուլում են ԼՂ հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած բանակցութիւններն ու դրանք որքանո՞վ են գոհացնում Ղարաբաղին եւ ԼՂՀ ժողովրդին:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Անշուշտ, այն իրավիճակը, որն այսօր ձեւաւորուել է բանակցային գործընթացում, չի կարող գոհացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ նրա ժողովրդին: Արցախը շահագրգռուած է հակամարտութեան կարգաւորման եւ տարածաշրջանում յարատեւ
խաղաղութեան ու կայունութեան հաստատման հարցում, ինչն, իր հերթին, թոյլ կը տայ ընդարձակել եւ նոր թափ հաղորդել մեր երկրում ընթացող պետականաշինութեան գործընթացներին:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ինչպիսի՞ն կը լինի 2014ը ԼՂ խնդրի կարգաւորման ուղղութեամբ՝ հաշուի առնելով, որ Յունուարին նախատեսւում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, յետագայում նաեւ՝ երկրների նախագահների հանդիպումները:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Տարեվերջին կայացած Ալիեւ-Սարգսեան հանդիպումը որոշակի յոյսեր արթնացրեց ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի աշխուժացման եւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատման առումով: Սակայն շատ բան կախուած կը լինի նրանից, թէ Ադրբեջանն, արդեօք կը ցանկանա՞յ փոխել իր որդեգրած ապակառուցողական դիրքորոշումը: Ցաւօք, Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութիւններն այդ ուղղութեամբ այնքան էլ ոգեշնչող չեն եւ վկայում են, որ այդ երկրի իշխանութիւնները դեռեւս պատրաստ չեն հրաժարուել իրենց պատրանքներից եւ սթափ գնահատելով իրավիճակը՝ դրական ներդրում ունենալ բանակցային գործընթացում:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Բազմիցս խօսուել է, որ ԼՂՀն պէտք է վերադառնայ բանակցութիւնների սեղանին: Այդ հարցը համանախագահների հետ հանդիպման ժամանակ բազմիցս բարձրացրել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը: Ինչպիսի՞ն է համանախագահների դիրքորոշումն այս հարցի վերաբերեալ, եւ արդեօք դրական տեղաշարժեր նկատւո՞ւմ են:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խօսելով առանց պաշտօնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցութեան բանակցային գործընթացի թերարժէքութեան մասին, մենք ելնում ենք հակամարտութեան կարգաւորման շահերից: Համոզուած եմ, որ բոլորը, ովքեր տեղեակ են խնդրի էութեանը եւ ընթացող գործընթացներին, հասկանում են այն պարզ ճշմարտութիւնը, որ կարգաւորման գործընթացում իրական առաջընթացի հնարաւոր է հասնել միայն հաշուի առնելով առկայ իրողութիւնները եւ բանակցութիւնների լիարժէք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անմիջական եւ ուղղակի մասնակցութեամբ վերականգման պայմանով: Այսօր միակ խնդիրը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութիւնն է, որ միտուած է խոչընդոտելու լիարժէք ձեւաչափով բանակցութիւնների վերականգնմանը:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Արցախի միջազգային ճանաչումն ի՞նչ փուլում է: Պետութիւնն ի՞նչ քայլեր է կատարում այդ ուղղութեամբ եւ որքանո՞վ է հարցն արդիական այսօր:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչումը մեր քաղաքական օրակարգի հիմնական նպատակներից մեկն է: Այն կազմում է նախագահ Բակօ Սահակեանի կողմից նախանշուած արտաքին քաղաքական ուղեգծի անբաժան մասը, եւ այդ ուղղութեամբ մեր կողմից հետեւողական աշխատանք է տարւում: Պէտք է նշեմ, որ այդ տեսակէտից, յատկապէս վերջին շրջանում, առկայ են որոշակի դրական միտումներ, որոնք արտայայտւում են թէ տարբեր աշխարհամասերում օրէնսդիր մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սատարող բանաձեւերի եւ յայտարարութիւնների ընդունումով, եւ թէ համայնքների մակարդակով գործնական կապերի հաստատման, ինչպէս նաեւ բարեկամական շրջանակների եւ խմբերի ձեւաւորման ճանապարհով: Համոզուած եմ, որ այդ գործընթացն այս տարի եւս կ՛ունենայ իր տրամաբանական շարունակութիւնը եւ նոր թափ կը ստանայ: Այսօր Արցախը աշխարհին ապացուցել է, որ կայացած պետութիւն է եւ ի վիճակի է վարել պատասխանատու ու ակտիւ արտաքին քաղաքականութիւն: Այն ճանապարհը, որով Արցախն այսօր ընթանում է, ընկալւում ու համարժէք գնահատականի է արժանանում նաեւ արտաքին աշխարհում:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ղարաբաղն առայժմ չճանաչուած հանրապետութիւն է, սակայն ունի ներկայացուցչութիւններ մի շարք երկրներում: Այդ երկրների հետ ընթացակարգն ինչպիսի՞ն է:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Մենք ունենք դիւանագիտական ներկայացուցչութիւններ Հայաստանում եւ մի շարք այլ՝ այդ թւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում: Հաշուի առնելով ԼՂՀ կարգավիճակը, որպէս չճանաչուած պետութիւն, առայժմ մեր ներկայացուցչութիւնները զրկուած են որպէս լիարժէք դիւանագիտական առաքելութիւն գործելու պայմաններից, սակայն իրենց հնարաւորութիւնների սահմաններում իրականացնում են հետեւողական աշխատանք, որն ուղղուած է ոչ միայն տուեալ երկրում Արցախի շահերի ներկայացմանն ու հետապնդմանը եւ Արցախի մասին ճշմարիտ տեղեկատուութեան տարածմանը, այլեւ մեր երկրի տնտեսութեան մէջ որոշակի ներդրումների ապահովմանը:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- ԼՂՀն համագործակցում է նաեւ այլ չճանաչուած հանրապետութիւնների հետ: Յատկապէս ո՞ր հարցերի շուրջ կարելի է համագործակցութիւնն առաւել արդիւնաւէտ բնութագրել:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Մենք պահպանում ենք գործնական յարաբերութիւններ Աբխազիայի, Հարաւային Օսիայի եւ Մերձդնեստրի հետ: Պարբերաբար տեղի են ունենում փոխադարձ այցելութիւններ եւ տարբեր մակարդակի հանդիպումներ: Մասնաւորապէս, վերջին նման շփումն անցած տարի էր՝ Աբխազիայի ԱԳՆ 20ամեակին նուիրուած հանդիսաւոր միջոցառումների ժամանակ: Մենք կարեւորում ենք այդ կապերը ոչ միայն այն առումով, որ դա մեզ հնարաւորութիւն է տալիս տեղեկանալու այդ հանրապետութիւններում տեղի ունեցող գործընթացների մասին, այլ նաեւ որոշակի մտքեր փոխանակելու հնարաւոր համագործակցութեան եղանակների եւ ձեւերի շուրջ:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Շատերն են քննադատում Մադրիդեան սկզբունքները՝ յայտարարելով, որ փաստաթղթում կան կէտեր, որոնք որեւէ կերպ չեն արտայայտում Հայաստանի եւ ԼՂՀի շահերը: Դուք համամի՞տ էք այդ ձեւակերպմանն ու կոնկրետ ո՞ր կէտերը կ՛առանձնացնէք:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Խօսելով Մադրիդեան սկզբունքների մասին՝ անհրաժեշտ է հաշուի առնել, որ ցանկացած սկզբունքների մշակումը բանակցութիւնների արդիւնք է: Ինչպէս ես արդէն նշեցի, առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերում արցախեան կողմի լիիրաւ մասնակցութեան դժուար կը լինի ակնկալել կենսունակ որոշումներ:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Եւ վերջին հարցը. ինչպէ՞ս էք տեսնում խնդրի հանգուցալուծումը: Մեր շահերից ելնելով, ըստ ձեզ, ո՞րն է վերջին «կարմիր թելը»:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Հակամարտութեան վերջնական կարգաւորման համար անհրաժեշտ է բոլոր ջանքերը կենտրոնացնել ԽՍՀՄ փլուզման եւ հակառակորդի կողմից Արցախին պարտադրուած պատերազմի արդիւնքում ձեւաւորուած երկու անկախ պետութիւնների՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցութեան համար համապատասխան մեխանիզմների ու պայմանների մշակման վրայ: Մենք բազմիցս յայտարարել ենք, որ Արցախի ազատութիւնը եւ անվտանգութիւնը բարձրագոյն արժէքներ են մեր ժողովրդի համար եւ սակարկութեան ենթակայ չեն:
armenpress.am