ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԵԱՆ
Նրանց ականանետները լեռներում մեզ կոտրում էին: Շտաբից, ռադիօկապով տարաբնոյթ եւ հակասական գեներալական կտրուկ հրահանգներ էին մեզ հասնում, մենք վաղուց նրանց հայհոյել էինք: Մեր հրամանատարը ռադիօկապի մէջ դարձեալ հայհոյեց նրանց, ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ էք, ինչ էք ասում: Գլուխն ինչի՞ համար է, մտածէք»: Քանի որ մութն ընկնում էր, նրանք մեզանից պահանջում էին իջնել լեռներից՝ առաւօտեան լրացուցիչ ուժերով կորցրածը գրոհով ետ վերցնելու:
Մենք արդէն երկու դիրք տուել էինք: Մեր հրամանատարն ա-սաց. «Պատրաստուէք, վաղը ծանր օր կը լինի»: Մութն իջնելուն պէս շատերը հեռացան: Ով թոքաբորբ ունէր եւ ում ամորձիքն էր ուռած, ցուրտը տարածներին էլ վերցրին ու շատ կարճ ժամանակամիջոցում իջան լեռներից: Թանձր խաւարի մէջ խորասուզուած ահռելի մեծութեան լեռան վրայ՝ մենք մանր-մանր էինք ու մնացել էինք տասնչորս-տասնհինգ հոգի: Շնչելը դժուար էր, բոլորիս առջեւի ատամները նւում էին, ու մենք գիտէինք, որ գիշերուայ հետ սաստկանում է սառնամանիքը:
Ժայռերի ծերպերից երկու նորակոչիկներ յայտնուեցին, նրանք սանմասից (բուժման մասէն-Խմբ.) ցերեկն էին եկել՝ վիրաւորներին տանելու: Մեր հրամանատարը նրանց չթողեց գիշերով ետ գնան: Հարցրեց. «Զէնք գործածել գիտէ՞ք»: Մենք ասացինք. «Նրանք հաւատացեալներ են, նրանք իրենց Աստծուն երդուել են՝ զէնք չվերցնել»: Հրամանատարն ասաց. «Գոնէ հրազէնի ձայն լսե՞լ են, վաղն այնպիսի ձայներ կը լսեն, որ լեղաճաք կը լինեն, տասնութ-տասնինը տարեկան տղաներ են, մի երկու անգամ կրակէք, թող հրազէնի ձայնին վարժուեն»:
Տղաները հաւատացեալներին տարան ժայռերի ետեւն ու գնդացիրով կրակում էին մթան թանձրի մէջ: Երբ եկան, հրամանատարը նրանց ասաց. «Զինուորները քանի չեն վիրաւորուել, բոլորն էլ հող են պահանջում, հէնց վիրաւորուեցին՝ կեանք են ուզում: Դուք ի՞նչ էք կարծում, Աստծուն եւ լեռներից ներքեւ բնակուող մարդկանց հասանելի՞ են զինուորի մէջ միաժամանակ ապրող այս երկու ցանկութիւնները»:
Հաւատացեալները մտածում էին, յետոյ նրանցից մէկը ոգեւորուեց ու ասաց. «Ինձ զէնք տուէք, ես կը կրակեմ, բայց մարդուն նշան չեմ բռնի, հէնց այնպէս, նրանց ուղղութեամբ կը կրակեմ»: Երեք հազար մետր բարձրութեան վրայ բոլորիս շրթունքներն էլ ճաքճքել էին ու ոչ կարողանում էինք լացել, ոչ էլ՝ ծիծաղել: Ինչքան էլ նրանց հետ խօսում էր, հրամանատարի ձայնը թախծոտ էր ու միայնակ, մենք ճանաչում էինք այդ ելեւէջը, ինչպէս մեր ներսի ձայնը:
Գիշերն աչալուրջ անցկացրինք: Քարերի խորքում փշերով, հեռուից չնշմարուող կրակ էինք վառել: Տղաներից մի երկու հոգի միանգամից տասական ասպիրին խմեցին ու քնեցին ցրտի մէջ, խճաքարերի վրայ՝ սալջարդ (խիստ ծեծուած-Խմբ.) անելով կոնքերն ու կողերը: Յետոյ Զորօն, թէ՞ Մակին, ասաց՝ իր ծննդեան օրն է: Ուսապարկերից մէկում մի շիշ օղի կար: Ստարշինան (աւագը-Խմբ.) ասաց՝ իբրեւ թէ իրենց գիւղում գազ-փուշն ուտում են: Ասացի. «Ճիշդ է, փոքր ժամանակս իմ պապին էլ եմ տեսել այդ փշից ուտելիս»:
Յետոյ բոլորն էլ ասացին. «Դրա մէջ ինչ կայ որ, իրենց գիւղերում էլ են ուտում»: Յետոյ մենք դառնահամ, ստամոքսներս այրող փշի ճիւղեր էինք ծամում ու վրայից ձիւն ուտում եւ զսպում ողնաշարներիս եւ սրունքներիս մէջ շամփրող ցաւն ու ոռնացող յոգնութիւնը: Մօտակայքում՝ մթան մէջ, ցրտից քար ճաքեց, հեռւում հազացին: Մեր քթերը բռնուած էին, մենք հոտ չէինք կարող առնել:
Պահակակէտում կանգնած մեր երկուսն ասացին. «Թթուահոտ է գալիս, շնագայլ կը լինի»: Երկու հաւատացեալները, մեզ թիկունք արած, քարերի ետեւը աղօթում էին: Մենք ափներիս մէջ քօղարկած՝ փոխնեփոխ մի ծխախոտ էինք ծխում եւ աշխատում էինք ներքաշած ծուխը երկար պահել թոքերի մէջ ու կանանցից էինք խօսում՝ անկողնու մէջ թաքնուած նրանց ջերմութեան մասին լսուած ու չլսուած բաներ պատմում:
Ասող էլ եղաւ, թէ՝ «Կինը քոյր է, մայր է, բոզ, նաեւ դիակ»: Գարուշի կինը չբեր էր, Գարուշն ասաց. «Տղայ եմ ունենալու»: Մենք բոլորս էլ ուզում էինք, որ Գարուշի կինը տղայ ունենայ, ինչ պատերազմը սկսուել էր, նա ոչ դէմքն էր շպարում, ոչ էլ շրթներկ էր օգտագործում, մենք բոլորով էլ նկատել էինք դա ու գիտէինք, որ այդքանից յետոյ ինչպէս է լինելու, որ նա տղայ չունենայ: Պահակակէտից մեր երկուսը գիշերային տեսացոյցով չորս դին խուզարկեցին, ասացին. «Տեսանք՝ բան ու գործ չունեցող շնագայլ կամ աղուէս էր նորուայ հազացողը»:
Գիշերն անցաւ: Օրը պայծառ էր: Խիստ ու ահռելի մեծութեան լեռան ստուերն անդրադարձով տղաների դէմքերի գոյնը դարձրեց իր նման կապոյտ: Շնչելուց մեր առջեւի ատամները սվսվում էին, ու գիտէինք, որ սառնամանիքը դեռ չի թուլանալու: Լեռան գագաթին սկզբից կէտերով, յետոյ ամբողջ հասակով, նշմարուեցին մահմեդականները, նրանք գալիս էին: Գոռացի. «Ստարշինա»: Ժայռերի արանքի իր դիրքից Անդրէն ասաց. «Հա»: Ասացի. «Ձիւն եմ ուզում»: Ասաց. «Բերեմ»: Նա դուրս պիտի մնար նրանց նշանառուների օպտիկական հսկողութիւնից, սողեսող պիտի գնար տապարանման սուր խճաքարերի միջով ու ձիւն պիտի բերէր: Մեր բոլորի ծնկներն ու ափերը կտրտուած էին այդ խճաքարերի վրայ: Իմ ձայնը դեռեւս ականջներիս մէջ էր, ես էլ էի լսել իմ ասածը՝ ես ձիւն էի ուզում:
Օրը պայծառ էր, երկնքի կենտրոնում կիսալուսինն էր կանգնած, եւ ինչ որ կապ էր զգացւում դէսուդեն ընկած դիակների, մերկ մարմինների, հողագնդի ու լուսնի միջեւ: Ստարշինան ձիւնը բերել էր, ասացի. «Հողոտ է, կեղտոտ ձիւն ես բերել»: Ասաց. «Գնա՞մ, նորը բերեմ»: Ասի. «Չէ, ինձ համար կանխորոշուածն է: Ինձ հասանելիքն է սա»:
Այնքան հետաքրքիր էր՝ ինչ ասում էի, ես էլ էի լսում, ձայնս կանգնում էր ականջներիս մէջ, ու իմ ասածը նորից, կրկնուած լսում էի եւ ձիւն էի ուտում: Տղաները բոլոր ժայռերի ու քարերի թիկունքից տեսնում էին ինձ, ու նրանց հայեացքները տխուր էին ու խոհուն: Նրանք գիտէին, որ հէնց դա չի կարելի ինձ, մարտից առաջ չի կարելի որեւէ բանի ըղձալի տրուել՝ լինի կին, հարստութիւն, զաւակ, շաբաթների հիւծող քաղց, թէ սրտի մէջ թպրտացող տաք պատկեր:
Ներսի մերկ, անտանելի միայնակ լինելն է ճիշդ, մենք բոլորս էլ դա գիտէինք: Բայց ես ձիւնը ծամում էի ու յանկարծ ձնագնդից այն աղջկայ ստինքների բուրմունքն առայ, որի հետ գնացել էի ծաղկած հոնի ծառերին նայելու եւ Զուարթնոցի տաճարում արեան աւազանի առաջ, Աստուածների բաց աչքերի դէմ համբուրել էի շրթունքները, եւ երբ տուն էինք վերադառնում, նկատեցի, որ նրա հագած շորերը կարմրածուփ էին՝ ողջակէզի կամ թագուհու նման:
Եւ յանկարծ բոլորս միասին, միանգամից տեսանք մեր միջով անցնող, նախանցեալ տարի հեռու լեռներում հակառակորդի գնդակից զոհուած մեր ջոկատի Մերուժանի ստուերը:
Մեր նշանառուները հրազէնների հեռադիտակների մէջ ժայռերի ու ծերպերի արանքներում՝ որոնում ու չէին կարողանում գտնել նրանց ականանետներին ճիշդ նշանառութիւն տուող կոորդինատորներին (համակարգողներուն-Խմբ.): Ժայռերի ու խճաքարերի կարծրութեան վրայ պայթող ականները քարէ բեկորներ էին շաղ տալիս ու չտեսնուած վնասում էին մեզ: Մենք անընդհատ բարձրանում էինք դէպի վրանը՝ մեր նախորդ օրը կորցրած դիրքերը:
Յետոյ մենք տեսանք, թէ ինչպէս ստարշինան գտնւում էր դեռ չանուանարկուած աշխարհում, որտեղ ոչ մի բան դեռ անուն չունէր, նայողներիս համար այդ աշխարհն ինքը պիտի անուանարկէր: Նա ձեռքը տարաւ գլխին, ափի մէջ թափուած ուղեղը բերեց առաջ, ձեռքը մաքրեց փորի վրայ ու ընկաւ: Մենք բոլորս կռւում ու մեր դիրքերից տեսնում էինք, թէ ինչպէս հրամանատարը մտել էր նրա ծանրութեան տակ, ոտքերի տակից խճաքարերը փախչում էին, իսկ նա պահում էր ու չէր թողնում, որ նա տապալուի տապարի նման սուր, կտրող խճաքարերի մէջ:
Ստարշինային բարուրուող մանկան նման պառկեցրեց շինելի վրայ, հաւատացեալ նորակոչիկներին ասաց. «Իջեցրէք ներքեւ»: Նրանք չէին կարողանում տանել, նրանցից մէկը մտել էր քարերի ետեւը, սուր սրտխառնուք ունէր: Մեր տղաներից մէկը՝ Սագօն, իր դիրքերից գոռաց. «Էհէ՜յ, դրան ցելոֆանէ տոպրակ տուէք, թող մէջը փսխի»: Մեր շրթունքները ճաքճքուած էին, ոչ կարողանում էինք լացել, ոչ էլ՝ ծիծաղել: Հրամանատարը Մխիթարին կանչեց, ասաց. «Մի մատ երեխէք են, իջեցրու դրանց հետ»: Նրա ձայնը թախծոտ էր ու միայնակ, մենք ճանաչում էինք այդ ելեւէջը, ինչպէս մեր ներսի ձայնը:
Ռադիօկապով շտաբին էինք հայհոյում՝ նրանց ականանետները վերացնել չկարողանալու եւ մեզ օգնական ուժեր չուղարկելու, հաց ու փամփուշտ չհասցնելու, մէկ էլ իրենց վառարանով տաքուկ սենեակի համար: Նրանք էլ այնտեղից փոխադարձ մեզ էին հայհոյում:
Երկու օր ու երկու գիշեր էլի մահմեդականների հետ դէմ յանդիման էինք: Յետոյ մեր հետախուզուած ճանապարհով անցանք նրանց թիկունքը ու հասանք վրանին: Նրանց՝ շրջափակման մէջ ընկածներից մէկը քաշել էր նռնակի օղակը, ցանկանում էր ինքն իրեն մեռցնել: Հեռուից ռուսերէն ու իրենց լեզուով խառը ասացինք. «Մի անի, կ՛ապրես»: Մենք սպասում էինք, տղաներից մէկն ասաց. «Հիմա էլ բոզցել, հեքիաթներ էք պատմում, հեքիաթներ մի պատմէք, թող անի»:
Մեր հրամանատարը մերոնց չէ՝ նրան ասաց. «Մի հատ փորձիր յիշել ձեր գիւղի բուրմունքը, ջրափոսերը, ամէն մի ջրափոսի մէջ քո պատկերն էր… ամբողջ օրը վազել ես գառների ետեւից, տուն ես եկել քերծուած ծնկներով, միայն ձեր գիւղում այդպէս կը լոպկտուէին (պլոկուէին-Խմբ.) ծնկներդ: Մի արա, օղը դիր տեղը»: Ասաց. «Չէ, ես տեսայ ստուերը, ձեր զոհուած տղաներից մէկի ստուերն էր… Եկաւ, տուեց ու անցաւ ձեր միջով», ասաց, «թէ չէ լուսինը ինչ կապ ունի, օրը ցերեկով ինչի՞ է լուսինը երկնքի կենտրոնում»:
Նա տեսել էր լուսինը եւ օղը տեղը չդրեց: Մենք մօտեցանք միւսին, ձեռքերը պարանով կապեցինք, տղաներից մէկը խզակոթով հարուածեց մէջքին՝ ծոծրակին մօտիկ: Յետոյ մենք վերադառնում էինք տուն, մեզանից առաջ, ոստոստալով, շրջադարձերի ու բլուրների ետեւում երեւալով ու անյայտանալով գնում, ստարշինայի դին էր տանում մեր թափքաւոր «ՈւԱԶ» մեքենան:
Երբ ահագին ճանապարհ անցած, ամբողջ ջոկատով եկանք, հասանք նրան, տեսանք՝ շրջուել էր ձորի մէջ: Դագաղը հեռւում, ձիւների մէջ՝ աջ կողմում ընկած, իսկ ուղեկցող Մակին ու ձեռքերը կապած մահմեդականը դէմ-դէմի՝ ծնկաչոք: Նրանց ոչինչ չէր պատահել, բայց Մակին լացում էր: Մեր հրամանատարը հարցրեց, ասաց. «Այտա, ինչի՞ ես լացում»:
Նա լացը չէր կարողանում զսպել, մենք սպասում էինք, Վաչիկը սապոգը (երկարաճիտ կոշիկը-Խմբ.) հանեց, մէջը ոտքը յարող մեխ կամ քարի կտոր էր որոնում, մենք սկսեցինք փոխնեփոխ մի ծխախոտ ծխել ու ներքաշած ծուխը երկար պահել թոքերի մէջ: Հրամանատարը մի անգամ էլ հարցրեց, նա լացելով աղաղակեց. «Ես այլեւս չեմ կարող»: Ապտակեց ձեռքերը կապած, իր կողքին ծնկաչոք, սագի նման բարակ, երկար վզով մահմեդականին, ասաց. «Ես այլեւս չեմ կարող, մի նրա խալը տեսէք, նա հօրս շատ է նման»:
Մեր բոլորի շրթունքները ճաքճքուած էին, ու մենք ոչ կարողանում էինք ծիծաղել, ոչ էլ լացել: