Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Ամերիկեան Սկանդալ, Որում Կայ Սերժ Սարգսեանի Անունը

$
0
0

Հեղինակ՝ Գեն Մադաուս
(Gene Maddaus)
Թարգմանութիւն՝ «Սիվիլնեթ»ի

«Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ (դաւեր-Խմբ.). դուք չէք հաւատայ հոլիւուդեան պրոդիւսերների (արտադրողներու-Խմբ.) խելացնոր անցեալին». այս վերնագրով «Los Angeles Weekly» պարբերականը Յունուարի 2ին հետաքննական յօդուած է հրապարակել, որտեղ շօշափւում է նաեւ Սերժ Սարգսեանի անունը: Ստեփան Մարտիրոսեան անունով հոլիւուդեան մի պրոդիւսեր, որը ԱՄՆում շուրջ երեսուն տարի ներգրաւուած է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թւում՝ թմրանիւթերի առեւտրում եւ Մոսկուայում մի սպանութիւն պատուիրելու մէջ, 2006ին գումար է յատկացրել ամերիկեան «Burson-Marsteller» փիար (P.R.) ընկերութեանը՝ օգնել բարձրացնելու Սերժ Սարգսեանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանութեան նախարարն էր: Այս մասին Մարտին գրել էր նաեւ ֆրանսիական «Nouvelles d’Armenie» ամսագիրը (տե՛ս «Ինչպէս է Սերժ Սարգսեանը «բարձրացրել» վարկանիշը. «Nouvelles d’Armenie»ի բացայայտումը»): 2006ի Սեպտեմբերին Սերժ Սարգսեանի վարկանիշը բարձրացնելու եօթ ամսուայ ծառայութիւնների համար Մարտիրոսեանը վերոնշեալ ընկերութեանը պարտաւորուել է վճարել 535,000 դոլար: «Los Angeles Weekly»ն մանրամասն բացայայտել է՝ ով է Ստեփան Մարտիրոսեանը եւ ինչ կապ է ունեցել Հայաստանի իշխանութիւնների հետ: Յօդուածը թարգմանաբար ներկայացուած է ստորեւ.
Ռեմինգթոն Չէյզը եւ Ստեֆան Մարտիրոսեանը պէտք է եօթերորդ երկնքում լինէին:  Վերջին երկու տարում նրանք զբաղուել են տասնեակ ֆիլմերի պրոդիւսերութեամբ, այդ թւում՝ «Կենդանի Մնացածը»՝ Մարկ Ուոլբերգի գլխաւոր դերակատարմամբ, որը մարմնաւորում է Աֆղանստանում իր կնոջ կեանքի համար պայքարող ծովային կատուի՝ «Navy SEAL»ի (թարգմանաբար՝ ծովափոկեր, ԱՄՆ ռազմածովային ուժերի յատուկ գործողութիւնների հիմնական մարտավարական ստորաբաժանումն է-Խմբ.): Երկու տարի առաջ կինոարտադրութեան մէջ նրանց մասին որեւէ մէկը չէր լսել, իսկ այժմ նրանք բարձրակարգ աստղերի հետ են նստում-վեր կենում: Նրանց գնահատմամբ՝ իրենք դարձան բիզնեսում ամենահարուստ անկախ ֆինանսաւորուողները՝ պրոդիւսերութեան մէջ ներդնելով 100 մլն. դոլար կանխիկ, դրան գումարած՝ 200 մլն. դոլար բանկերի վարկային միջոցներ:
Սուրբ Ծննդեան տօներից մէկ շաբաթ առաջ՝ «Կենդանի Մնացածը» ֆիլմի պրեմիերայից մէկ շաբաթ առաջ, նրանք սրճում էին Սանթա Մոնիքայի սրճարաններից մէկում՝ իրենց առաջին լուրջ հարցազրոյցին: Սակայն Չէյզը եւ Մարտիրոսեանը այստեղ էին՝ խօսելու ոչ թէ «Navy SEAL»ի քաջութեան կամ Պիտեր Բերգի հետ համագործակցելու մասին, այլ ցանկանում էին ի չիք դարձնել իրենց անցեալի մասին պատմութիւնը: Դա զարմանալի չէ: Նախկինում նրանք դատուել են քոքայինի վաճառքի համար, առնչութիւններ են ունեցել ռուսական նաւթային բիզնեսի, Հայաստանի իշխանութիւնների եւ աֆրիկեան ադամանդի առեւտրի հետ, գումարներ են ստացել որպէս կառավարութեան լրտեսներ: Ամենամտահոգիչը ենթադրութիւնն է, որ նրանք Մոսկուայում պատուերով սպանութիւն են կազմակերպել: Մոսկուայի ոստիկանութիւնը բաւական լրջօրէն սկսել է ուսումնասիրել այս գործը:
Չէյզը եւ Մարտիրոսեանը յայտարարում են, որ կարող են ամէն ինչ բացատրել: (Իրենց օգնելու համար բերել են հոլիւուդեան փիարշիկի): Սակայն նրանք խորապէս մտահոգուած են, որ եթէ իրենց անցեալի մասին մանրամասները բացայայտուեն, կը կորցնեն ֆինանսաւորումը, որը կը փլուզի կինոյի ոլորտում իրենց կարիերան:
««Թմրանիւթային դաւադրութիւնը» կ՛ոչնչացնի, լիակատար կ՛ոչնչացնի մեզ: J.P. Morgan-ի խորհրդի նախագահը հազիւ թէ շահագրգռուած լինի համագործակցել թմրանիւթերի դաւադրութեան մասնակցի հետ: Ես եւս նոյն կերպ կը խզէի նրա հետ կապերս», ասում է Չէյզը:
Րոպէներ անց Չէյզը ֆիլմի նկարահանմանը մասնակցելու «աննախադէպ հնարաւորութիւն» էր առաջարկում՝ պատմութիւնը կոծկելու դիմաց: «Դուք այդպիսով կ՛ոչնչացնէք յարաբերութիւնները, կը քայքայէք ընտանիքներ, մարդկանց աշխատատեղերը եւ բազմաթիւ կինոնկարներ», ասում է Չէյզը: Ստեֆան Մարտիրոսեանը, չնայած արդէն երեսուն տարի է ԱՄՆում է, շարունակում է խօսել բաւական ընդգծուած հայկական ակցենտով: Մուգ սեւ մազերն ընկնում են նրա աչքերի վրայ: Յաղթանդամ Չէյզը շիկահեր է եւ ակնոց է կրում: Որպէս լոսանջելեսցի երեխայ՝ նա որոշ մասնակցութիւն ունեցել է հեռուստատեսային շօուներին: Այժմ ի թիւս այլ բաների՝ նա նաեւ ուղղաթիռի օդաչու է եւ հետաքրքրւում է օդային լուսանկարչութեամբ: Մարտիրոսեանին բնորոշ է արեւելաեւրոպական շարմը (հմայքը-Խմբ.), իսկ Չէյզն աւելի եռանդուն է:
Նրանք ասում են, որ հանդիպել են 1979ին՝ Մոսկուայում զբօսաշրջութեան մի համաժողովի ժամանակ: Մարտիրոսեանն այնտեղ է եղել որպէս ուսանող Հայաստանից, որն այդ ժամանակ խորհրդային հանրապետութիւն էր: Չէյզն ասում է, որ ինքն այնտեղ եղել է, քանի որ «հետաքրքրուած էր Մոսկուայով»: Նրանք ընկերներ էին դարձել: Երբ Մարտիրոսեանը 1985ին ներգաղթել է Լոս Անջելես, նրանք միասին սկսել են բիզնես անել:
Այդ բիզնեսի բնոյթն այնքան էլ հասկանալի չէ. նրանք պնդում են, որ իրենց առաջին գործը Մոսկուայում դոլարով աշխատող մի խանութ է եղել, սակայն, հաւանաբար, պատահական չէ, որ նրանք երկուսն էլ 1993ին ներքաշուած են եղել թմրանիւթերի հետ կապուած առանձին խարդախութիւնների մէջ Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում:
Դա Մարիտիրոսեանի առաջին բախումը չէր օրէնքի հետ: 1989ի Ապրիլին նա աւտոբուսում էր, որը կանգնեցւում է սահմանապահ պահակախմբի հսկիչ անցակէտում՝ Տեքսասի Սիերա Բլանկա քաղաքում: Սահմանապահ պահակախմբի աշխատակցին նա ասում է, որ Խորհրդային Միութեան քաղաքացի է՝ Միացեալ Նահանգներում օրինական կեցութեան իրաւունքով, սակայն կեցութեան քարտը մօտը չէ:
Մարտիրոսեանին աւտոբուսից իջեցնելիս աշխատակիցը նրա նստատեղի վերեւում նկատում է մի պայուսակ: Դրանում յայտնաբերւում է չորս կիլոգրամ քոքային եւ ռուսական թերթ:
Այսօր Մարտիրոսեանն ասում է, որ պայուսակն իրենը չի եղել: Նա վստահեցնում է, որ պայուսակում եղել է նաեւ սափրուելու եգիպտական քսուք՝ ապացոյց, որ այն պատկանել է աւտոբուսում եղած եգիպտացիների խմբին: «Ես իմ կեանքում երբեւէ քոքային չեմ տեսել, ես դրան նոյնիսկ կպած չկամ», ասում է նա:
Այնուամենայնիւ, նա իրեն մեղաւոր է ճանաչում, ապա խոյս տալիս դատավճռի հրապարակումից առաջ: Երկու ամիս անց Մարտիրոսեանը Լաս Վեգասում էր, որտեղ իր քեռու հետ բռնցքամարտի մենամարտ էր դիտում: Նա ասում է՝ իր դատախազի օգնականն իրեն տեսել էր ռեստորանում եւ հետ էր տարել:

Ձախից աջ՝ Ռեմինգթոն Չէյզ, դերասան Ջերարդ Բաթլեր եւ Ստեփան Մարտիրոսեան

Վերադարձուելով դատաւորի մօտ՝ Մարտիրոսեանը փորձում է հրաժարուել իր խոստովանական ցուցմունքից: Նա յայտարարում է, որ իրեն մեղաւոր էր ճանաչել միայն այն պատճառով, որ կարծել էր, թէ կը դատապարտուի պայմանական ազատազրկման՝ Հետաքննութիւնների դաշնային բիւրոյին (ՀԴԲ) ԿԳԲի գործակալների մասին տեղեկատուութիւն տրամադրելու դիմաց:
Դատաւորը մերժում է նրա միջնորդութիւնը եւ նրան դատապարտում առաւելագոյն ժամկէտի՝ դատավճռի հրապարակումից խուսանաւելու համար: Նա դատապարտւում է դաշնային բանտում 9.5 տարի պատիժ կրելու:
Սակայն նրա բախտը բերում է, երբ գործը բողոքարկւում է: Վերաքննիչ դատարանը վճռում է, որ նա չէր տեղեկացուել պարտադիր նուազագոյն պատժաչափի մասին, եւ վերացնում է նրա նկատմամբ մեղադրանքն ու դատավճիռը: 1992ին նա ազատ էր արձակուել:
Երկու տարուայ մէջ առաջին անգամ լինելով ազատ մարդ՝ Մարտիրոսեանն արագ գործի է անցնում եւ առաջարկում մեծ քանակութեամբ քոքային վաճառել ՀԴԲի գաղտնի գործակալին Ջեքսոնվիլում:
Դատական արձանագրութիւնները ներկայացնում են պատմութիւնը: 1993ի Մայիսին նա ֆինանասաւորում էր գտել եւ մեկնել Կոստա Ռիկա՝ մատակարարների հետ աշխատանքն սկսելու նպատակով: Ի դժբախտութիւն նրա՝ Թմրանիւթերի դէմ պայքարի վարչութիւնը արդէն ներթափանցել էր մատակարարների շարքերը: Գաղտնի գործակալի հետ մի քանի հանդիպումներից յետոյ Մարտիրոսեանը համաձայնում է օգնել 800 կիլոգրամ տեղափոխել Ֆլորիդայի Սենտ Ագուստին քաղաք: Նրանք համաձայնում են, որ Մարտիրոսեանը Լոս Անջելսից 200, 000 դոլար կ՛ուղարկի Կոլումբիա, եւ քոքայինը Կոլումբիայից կ՛ուղարկուի Կոստա Ռիկա, ապա՝ Ֆլորիդա: 1993ի Սեպտեմբերին, սակայն, նա ձերբակալւում է Սենտ Ագուստինի իր հիւրանոցային համարում:
Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրւում ինը հոգու նկատմամբ: Կոստա Ռիկայում Դաշնային ոստիկանութեան պետը մամուլի ասուլիս է տալիս եւ յայտարարում, որ խումբը վերահսկում է Կոստա Ռիկայի թմրանիւթերի առեւտրի մեծ մասը՝ համաձայն կոստառիկական «La Nacion» թերթում հրապարակուած յօդուածի:
Մարտիրոսեանն իրեն մեղաւոր է ճանաչում եւ ընդունում վերոնշեալ փաստերը:    Սակայն այսօր նա պնդում է, որ մեղաւոր չէ:
Նա պնդում է, որ միակ պատճառը, որի համար մեկնել էր Կոստա Ռիկա, Մոսկուայի խանութների ցանցի համար սուրճ գնելն էր: Իր միակ սխալը, ասում է նա, եղել է այն, որ համաձայնել է ռուսերէն թարգմանել քոքայինի մասին մի զրոյց: Նա նաեւ կարծում է, որ դաշնային իշխանութիւնները հետապնդում էին իրեն, քանի որ ինքը շրջանցել էր աւելի վաղ գործը: «Նրանք գիտէին, որ ես թմրանիւթերի հետ որեւէ կապ չունեմ: Ես թմրավաճառ չեմ: Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, որ ես որեւէ քրէական յանցանք եմ կատարել», ասում է Մարտիրոսեանը:
Համապատասխան մեղքն ընդունելու խոստովանութեամբ՝ նա դատապարտւում է ինը տարուայ ազատազրկման: Նա նաեւ համաձայնում է կառավարութեանն օգնել հետաքննելու այլ գործեր:
Գրեթէ նոյն ժամանակ Մարտիրոսեանը զանգահարում է իր վաղեմի ծանօթ Մայքլ Եամանիսին՝ յոյն գործարարի, որը նոր է դուրս եկած լինում բանտից՝ 1970ականների վերջին եւ 1980ականների սկզբին մարիխուանայի զանգուածային վաճառքի կազմակերպումը ղեկավարելուց յետոյ:
«Ես հաստատ յիմար չեմ: Ես գիտեմ, որ նա բանտից էր զանգահարում: Նա նշեց քոքայինը: Ես ասացի՝ գրողը տանի, ինչի՞ մասին ես խօսում: Խե՞նթ ես, ինչ է: Ես երբեք քոքայինի հետ որեւէ կապ չեմ ունեցել: Մարիխուանա, այո՛: Ես առաւելապէս մարիխուանայի հետ եմ գործ ունեցել», ասում է Եամանիսը Դոմինիկեան հանրապետութեան իր տնից:
Եամանիսը գիտեր խաղի կանոնները: Ձերբակալուելով՝ կասկածեալը յաճախ Շահրիզադէ է խաղում՝ պատմելով այնքան պատմութիւն, որքան պէտք է՝ փրկելու սեփական մաշկը: Նրա սեփական պատժաժամկէտը կրճատուել էր 60ից մինչեւ 10 տարի, որովհետեւ տեղեկատուութիւն էր տրամադրել կառավարութեանը: «Ամերիկայում դու դուրս չես գայ (բանտից) գումար վճարելով: Դու դուրս կը գաս՝ պատմելով նրանց, թէ ովքեր են թմրավաճառները», ասում է նա:
Դրանից կարճ ժամանակ անց Եամանիսին մեղադրանք է առաջադրւում, եւ նրա անունն ընդգրկւում է Մարիտիրոսեանի գործում (Մարտիրոսեանը հերքում է, որ ինքը մատնել է Եամանիսին): Գործն աստիճանաբար փակուեց, սակայն Եամանիսը երբեք չի ձերբակալւում: Այժմ 79ամեայ Եամանիսը դեռ վիրաւորուած է այն մտքից, որ Մարտիրոսեանը փորձել է մատնել իրեն:
«Եթէ ես ուզենայի թմրաբիզնեսով զբաղուել, ինչո՞ւ պէտք է դա նրա հետ անէի: Նա ո՞վ է որ», ասում է նա:
Չնայած այդ գործն արդիւնք չտուեց՝ Մարտիրոսեանը կարծես պարգեւատրւում է: Նրա պատժաժամկէտը կրճատւում է մինչեւ երեք տարի: Երկու անգամ դատապարտուելով ինը տարի ազատազրկման՝ նա ընդհանուր կրում էր ընդամէնը հինգ տարուայ պատիժ: 1996ին նա կրկին ազատ մարդ էր:
Ռեմինգթոն Չէյզը, որն այդ ժամանակ 34 տարեկան էր, տարբեր անուններով սովորել էր մի քանի քոլեջներում՝ առանց աւարտելու դրանք: Այդ ժամանակ նա առաւելապէս յայտնի էր որպէս Ուիլեամ Փոլ Էլիոթ, սակայն օգտագործում էր նաեւ Ուիլեամ Էլիոթ Վեսթուուդ անունը: Ընկերները նրան պարզապէս Բիլ էին ասում: Նա ասում է՝ իր մի շարք կեղծանուններ կապուած են մանկական տարիքում դերասանական կարիերայի հետ: «5-20 տարեկանում, ես պէտք է որ առնուազն տասը անուն ունենայի: Դա աբսուրդ (անհեթեթութիւն-Խմբ.) էր», ասում է նա:
Երիտասարդ տարիքում նա դարձել էր օդաչու: Նա նաեւ մի շարք մանր յանցագործութիւններ էր կատարել: 1989ին Չէյզը ձերբակալուել էր ենթադրաբար կեղծ ստուգումներ անցնելու համար՝ վճարելու օդանաւի վերանորոգումների համար: 1990ին բռնուել էր շինանիւթերի խանութում սոսինձ գողանալիս՝ համաձայն Լոս Անջելեսի ոստիկանութեան հաղորդման:
Ապա՝ 1993ի Յունուարին, նա Լոս Անջելեսից թռչում է Ատլանտա, այնտեղից՝ Ջեքսոնվիլ: Նա «Դելտա»ի տոմսարկղում երկու իր է վերցնում, գնում իր հիւրանոցը եւ հեռախօսազանգ կատարում:
Այդ գիշեր նա իր մի ընկերոջ հետ զբօսանաւ է նստում Սենտ Ջոնս գետի վրայ: Նաւի ներսում նրանք հանդիպում են իրենց գնորդին, որն ասում է, որ ունի 20,000 դոլար՝ մէկ կիլոգրամ քոքայինի նմուշի համաձայնեցուած գինը: Չէյզը համաձայնել էր, որ եթէ գործարքը կայանար, նրա հետ յետ կը թռչէր Լոս Անջելես, որտեղ գնորդին կը վաճառէր եւս 20 կիլոգրամ:
Չէյզն ու նրա ընկերը զբօսանաւ են վերադանում կէսգիշերից յետոյ՝ մէկ կիլոգրամ քոքայինով՝ պլաստիկ տոպրակներում: Գնորդը փորձել էր այն եւ Չէյզին էր տուել 20,000 դոլարը, որ հաշուի:
Չէյզն ու նրա ընկերը ափ էին իջել: Սակայն նախքան նաւամատոյց հասնելն արդէն ձեռնաշղթաներով էին՝ Թմրանիւթերի դէմ պայքարի վարչութեան գաղտնի գործակալներին քոքային վաճառելու մեղադրանքով: Մեղքն ընդունելու համաձայնութեամբ՝ Չէյզն արագ ընդունել էր մեղքը եւ անցել կամաւոր համագործակցութեան:
Պատասխանելով այդ մասին հարցին այժմ, այնուամենայնիւ, Չէյզը դէպքերի վերաբերեալ ունի դատական արձանագրութեանը խիստ հակասող յիշողութիւններ. «Ես պարտքով գումար էի տուել մի մարդու, որը ներգրաւուել էր թմրանիւթերի վաճառքի գաղտնի գործունէութիւնում: Այդ գումարն օգտագործուել էր թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան նպատակով: Ես ներգրաւուած չեմ եղել»:
Նա դատապարտւում է վեց տարուայ ազատազրկման, սակայն ասում է՝ իրաւապահ մարմիններում իր «ընկերները» երաշխաւորել էին, որ ինքը կը կրի պատժի միայն մի փոքր մասը: Թմրանիւթերի ապօրինի վաճառքի համար դատապարտուած լինելու փորձը, ասում է նա, «խոչընդոտ էր իմ կեանքում, որը ես շատ աւելի կը նախընտրէի մոռանալ»:
Մարտիրոսեանն ու Չէյզը հնարաւոր է՝ իրենց կեանքի մնացած մասն անցկացնէին իրաւական խոչընդոտների մէջ ընկնել-դուրս գալով, եթէ չլինէր նրանց մեծահարուստ հայ ընկերը: Վիտալի Գրիգորեանցը նաւթի բիզնեսով է զբաղւում: Նա միջոցներ է տրամադրում նրանց՝ օրինական բիզնես ձեռնարկութիւնների համար, ներառեալ՝ կինոարդիւնաբերութիւն նրանց ներխուժման համար:
Մարտիրոսեանը Գրիգորեանցին հանդիպել էր Մոսկուայի պետական համալսարանում: Խորհրդային Միութեան փլուզմանը յաջորդած սեփականաշնորհման գօտեմարտում Գրիգորեանցը դարձել էր Ռուսաստանի փոքր օլիգարխներից մէկը: Նա իր հարստութիւնը կուտակել էր նաւթի եւ գազի առեւտրով, իսկ աւելի ուշ տեղափոխուել էր բանկային եւ անշարժ գոյքի ոլորտ: Մարտիրոսեանի խօսքով՝ վերջին 15 տարիներին ինքը գործել է որպէս Գրիգորեանցի լիազօր անձ Միացեալ Նահանգներում, ինչն ապահովել է նրա մուտքը էլիտար շրջաններ Մոսկուայում եւ Երեւանում՝ Հայաստանի մայրաքաղաքում: Չէյզը նոյնպէս իրեն համարում է ձեռնարկութեան գործընկեր:
Հայաստանում, ինչպէս Ռուսաստանում, բիզնեսի եւ քաղաքականութեան աշխարհները միահիւսուած են: Յաջողութիւնը զգալի չափով կախուած է ազդեցիկ մարդկանց հետ բարեկամական յարաբերութիւններից:
Տասնամեակներ շարունակ Գրիգորեանցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի, որը 1990ականների սկզբին յայտնի դարձաւ որպէս հայկական զինուած ուժերի հրամանատար ղարաբաղեան պատերազմի ընթացքում, լաւ ընկերն է եղել: Հրադադարից յետոյ Սարգսեանը դարձաւ երկրի պաշտպանութեան նախարար:
2006ին Մարտիրոսեանը վարձում է ամերիկեան «Burson-Mars-teller» փիար ընկերութեանը՝ օգնելու բարձրացնել Սարգսեանի վարկանիշն արտերկրում: ԱՄՆի պետքարտուղարութիւն ներկայացուած՝ Արտասահմանեան գործակալների գրանցման մասին օրէնքի հիման վրայ կազմուած պայմանագրում թուարկուած են նպատակները՝ «ներկայացնել Հայաստանը որպէս անվտանգ եւ կայուն պետութիւն» ներդրումների համար եւ իրականացնել «իրազեկման եւ հեղինակութեան բարձրացման երկարաժամկէտ ծրագիր՝ ի շահ նախարար Սարգսեանի»: «Մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսեանը շատ ամերիկամէտ անձնաւորութիւն է: Մենք կարծում ենք՝ ճիշդ կը լինի օգնել նրան ամերիկեան նոու-հաուի հարցում», ասում է Մարտիրոսեանը:
Սարգսեանը Հայաստանի նախագահ ընտրուեց 2008ին: Թէեւ նա Ամերիկայի վստահելի դաշնակից էր, ԱՄՆի կառավարութիւնը մտահոգութիւն յայտնեց քաղաքական ընդդիմախօսների նկատմամբ նրա վերաբերմունքի կապակցութեամբ: Ընտրութիւնները մռայլուել էին ցուցարարների եւ անվտանգութեան ուժերի միջեւ բախումներով, որի հետեւանքով զոհուել էր տասը մարդ, ինչպէս նաեւ ընդդիմադիր գործիչների յետագայ հետապնդումներով՝ ցոյցեր կազմակերպելու համար: 2009ին ԱՄՆ կառավարութիւնը, ելնելով իր մտահոգութիւններից, դադարեցրեց Հայաստանում գիւղական ճանապարհների համար իր օգնութիւնը:
Ինչ վերաբերում է նախագահի օլիգարխ ընկերոջը՝ Գրիգորեանցին, ապա նա ձգտում էր շատ չերեւալ Հայաստանում եւ Ռուսաստանում: Նա որոշակի մեդիա ուշադրութեան էր արժանացել Մոսկուայի հայկական նոր եկեղեցու ֆինանսաւորման համար, սակայն մնացած հարցերում նրա անունը հազուադէպ է յիշատակւում: Նրա ամենամեծ տարաձայնութիւնը կապուած է «Ուկրպրոմբանկ»ի (որի սեփականատէրն էր ինքը) սնանկացման հետ: Ուկրաինան խիստ տուժել էր գլոբալ ճգնաժամից, իսկ «Ուկրպրոմբանկ»ն ունէր վարկերի վատ կառավարման խնդիր:
Բացի բանկից՝ Գրիգորեանցը նաեւ «Ալֆա-Նաֆտա»ի՝ Ուկրաինայում 500 գազալցակայանների ցանցի համասեփականատէրն էր: Ուկրաինական «Kontrakty» բիզնես պարբերականում հրապարակուած յօդուածի համաձայն՝ բանկի վատ վարկերի զգալի մասը տրամադրուել էր «Ալֆա-Նաֆտա»ին:
Մինչեւ 2009ը բանկն ունէր մէկ միլիարդի պետական աջակցութեան կարիք՝ կործանումից խուսափելու համար: Ուկրաինայի կառավարութիւնն իրեն չէր կարող դա թոյլ տալ եւ փոխարէնը բանկը լուծարեց, նրա ակտիւներն ու պարտաւորութիւնները վաճառեց ֆինանսական այլ հաստատութեան: Գրիգորեանցը կորցրեց նաեւ «Ալֆա-Նաֆտա»ն: Ըստ Մարիտիրոսեանի՝ սնանկացման հետեւանքով նա կորցրել է ընհանուր երեք միլիարդ դոլար:
«Ցաւօք, նա օլիգարխ չէ (այլեւս)», ասում է Մարիտիրոսեանը:
Չէյզը յաւելում է, որ ինքը յատկապէս հպարտ էր «Ալֆա-Նաֆտա»ով եւ ցաւում է դրա կործանման համար: «Հրաշալի բենզալցակայաններ էին», ասում է նա դառնութեամբ:
Այդ ժամանակ Մարիտիրոսեանն առնուազն մէկ տասնամեակ էր՝ վերահսկում էր Գրիգորեանցի ձեռնարկութիւնները Միացեալ Նահանգներում: Համաձայն ցուցմունքի, որը նա տուել է 2010թ. անշարժ գոյքի սնանկացման գործով, Մարիտիրոսեանը Գրիգորեանցին համոզել էր ներդնել Քալիֆոռնիայում բնակարանային նախագծերում՝ որպէս հեջ (գրաւ-Խմբ.)՝ ի հակակշիռ իր ռուսական պորտֆելների (թղթապանակներու-Խմբ.):
«Նա ցանկանում էր դիվերսիֆիկացնել (այլազանել-Խմբ.) իր ներդրումները: Նա կարծես հանգիստ չէր, որ բոլոր ներդրումները մնան Ռուսաստանում, կարծես վստահ չէր Ռուսաստանի կառավարութեան ուղեգծի հարցում», վկայում է Մարտիրոսեանը:
Մարտիրոսեանը Գրիգորեանցի փողերը ներդրել է անշարժ գոյքի նախագծերում Քալիֆոռնիայում, Հաուայեան կղզիներում, Նեւադայում, Արիզոնայում եւ Ամերիկեան Վիրջինեան կղզիներում: «Պէտք է ասեմ՝ դա ցնցումային էր: Մենք կառուցեցինք բնակարաններ, որոնք չկարողացանք վաճառել: Պատճառներից մէկը, թէ մենք ինչու մտանք կինօբիզնես, անշարժ գոյքի անորոշութիւնն էր», պատմում է Մարտիրոսեանը «Weekly»ին:
2010ի Հոկտեմբերին՝ 70ամեայ մի հունգարացի ձերբակալւում է Վիեննայի իր տանը: Իսթուան Կելէն ունէր քրէական երկար պատմութիւն, ներառեալ՝ 1972ին Նիւ æերսիում բանկի պահակի սպանութիւնը զինուած կողոպուտի ժամանակ: Այդ յանցագործութեան համար նա ցմահ ազատազրկման էր դատապարտուել, սակայն պայմանական ազատ էր արձակուել 1989ին:
Այս անգամ Կելէն եւ եւս երեք հունգարացի մեղադրւում էին Լոս Անջելեսում ոսկերչի տուն ներխուժելու, նրան նշանառութեան տակ պահելու եւ նրա չհրկիզուող պահարանից հինգ միլիոն դոլար կանխիկ ու թանկարժէք իրեր վերցնելու նպատակով դաւադրութեան մէջ: Համաձայն դաշնային դատախազների՝ Կելէն իր ծրագիրը մանրամասն պատմել էր կոնֆիդենցիալ (գաղտնի-Խմբ.) լրտեսին: Երբ լրտեսը հարցրել էր՝ ինչ կ՛անեն նրանք, եթէ ոսկերիչն ասի՝ ռադ եղէք, եւ հրաժարուի բացել չհրկիզուող պահարանը, Կելէն ասել էր. «Դու կրակում ես… եւ նա մեռնում է… Բացի այդ՝ նա չի պատրաստւում ասել՝ ռադ եղէք: Մի անհանգստացիր: Նա չի ասի՝ ռադ եղէք: Նա հաւանաբար տակը կը լցնի»:
Լրտեսը ոչ այլ ոք էր, քան Ռեմինգթոն Չէյզը:

(Վերջը յաջորդիւ)


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles