ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հայրենակցական միութիւնը կատարել էր իր տարեկան ձեռնարկ-ճաշկերոյթը, ներկայ էին եղել հրաւիրեալներ՝ բոլոր կողմերից, հայկական մամուլի ներկայացուցիչներ՝ տարբեր հոսանքերից:
Աւարտը բարեյաջող համարելով, սպասւում էին արձագանգները:
Ու կատարուել էր անսպասելի մի բան. յաջորդ շաբաթն իսկ, հնչակեան («Մասիս»), դաշնակցական («Ասպարէզ») եւ ռամկավար («Նոր Օր») մամուլը, կարծես իրար հետ պայմանաւորուած, թէ՝ միասնաբար ներկայանանք մեր գրութիւններով, իւրաքանչիւրն իր աշխատակցի ստորագրութեամբ, գրեթէ նոյն տրամադրութիւններով, առանց որեւէ բացասական նշմարի, որ միշտ կարելի է գտնել, գովաբանել էին հանդիսութիւնը:
Ինչո՞ւմն էր գաղտնիքը: Ինչպէ՞ս էին կարողացել մէկ մարդու նման, հրաման կատարելու պէս, իրարից անկախ, սակայն միասնաբար, առանց շատ ժամանակ կորցնելու, գրել նոյն օրերին:
Վարկածները շատ են. իրարից առաջ անցնել՝ ոչ, հաշիւներ ունենալ (կարող է լինել մասնակիցներից ոմանց նկատմամբ տրամադրուածութիւն, որ երկրորդական է)՝ ոչ, թէ ձեռնարկը ինքնին բացառիկ էր՝ ոչ, ոչ ու ոչ:
Մինչ փնտռում էինք պատասխանը, յանկարծ մամուլում կարդացինք հայրենի գրող Ռուբէն Յովսէփեանի խօսքերը. «Դու պէտք է ունենաս երջանկութեան պահեր որսալու յատկութիւն, որ մնացած դժուարութիւնները յաղթահարես»:
Բոլորը միասին որսացել էին այդ պահը՝ մտերմիկ մթնոլորտը, որ ոչ թէ երջանկութիւն էր պարգեւել, այլ տուել էր հաւաքուած լինելու հաճոյքը:
Իսկ հաւաքուած եւ միասին լինելը ինչեր կարող է ծնել…