«The Guardian» պարբերականը տպագրել է «Առաջին համաշխարհային պատերազմ. Վերապարծների յիշողութիւնները» խորագրով յօդուած, որում ներկայացրել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած 106ամեայ Ովսաննա Գալուստեանի պատմութիւնը:
Ստորեւ ներկայացնում ենք յօդուածը՝ որոշ կրճատումներով.
«Հայոց Ցեղասպանութեան վերջին վերապրած Ովսաննա Գալուստեանը, ով 106 տարեկան է, լաւ գիտէ, թէ որն է իր առաքելութիւնը այդ իրադարձութիւններից մօտ մէկ դար անց:
«Աստուած ինձ թոյլ է տուել այսքան երկար ապրել, որպէսզի կարողանամ պատմել պատմութիւնը», նշել է վերջինս:
Ովսաննան ծնուել է 1907թ. Կ. Պոլսից 100 կմ. արեւելք ընկած Ադաբազար քաղաքում: Նա ապրել է գեղեցիկ տան մէջ, որի դիմաց եկեղեցի է եղել: Ադաբազար քաղաք 1914 թուականին 12.5 հազար հայ բնակչութեան համար առեւտրային եւ արհեստագործական կարեւոր կենտրոն է եղել:
«Յոյներն ու թուրքերն անգամ հայերէն էին խօսում», պատմել է Ովսաննան:
Նա ութ տարեկան է եղել, երբ 1915 թուականին երիտթուրքերի կառավարութիւնը հրահանգել է իրագործել հայերի տեղահանութիւնները:
Մի շարք խմբեր ոտքով ճանապարհ են ընկել դէպի հարաւ եւ արեւելք: Ովսաննան ծնողների, եղբայրների եւ հարազատների հետ միասին ժամանել է Էսկիշեհիր, որտեղ նրանց մտցրել են անասունների համար նախատեսուած բեռնատարների մէջ. ահա թէ ինչպէս են հազարաւոր հայերի ուղարկել Սիրիայի անապատներ: Բեռնատարը կանգնել է Չէյ քաղաքում, եւ նրանց կարգադրել են ժամանակաւոր ճամբարներ կառուցել, քանի որ միւսներն արդէն գերբնակեցուած էին: Երկու տարի անց նոր նրանք ցրուել են եւ փախել՝ թաքնուելով գիւղերում:
Ովսաննան պատմել է , թէ ինչքան էր ինքը վշտացել երկու հայ աղջիկների համար, ում առեւանգել էին Օսմանեան բանակին oժանդակող աւազակային խմբերը:
1918 թուականի զինադադարի հաստատումից յետոյ Ովսաննայի ընտանիքը վերադարձել է հայրենի քաղաք, սակայն ամբողջովին աւերուած է գտել իրենց տունը: 1924 թուականին նրա հօրեղբայրները, հօրաքոյրները եւ զարմիկները գաղթել են ԱՄՆ: Իսկ չորս տարի անց նա նաւով մեկնել է Մարսել:
Այսօր Մարսելի բնակչութեան 10 տոկոսը Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգներ են:
Ովսաննան կարողացել է փոքր գումար վաստակել՝ աշխատելով տեքստիլի ֆաբրիկայում, եւ ամուսնացել է Զաւէն Գալուստեանի հետ, ով միակն էր իր ընտանիքից, որ ողջ էր մնացել կոտորածների ժամանակ:
Այսօր Ովսաննան աշխատում է մշակութային ասոցիացիայում եւ մասնակցում համայնքային ցոյցերին: Նա Հայոց Ցեղասպանութեան ժխտման դէմ պայքարող անխոնջ մարդկանցից է:
«Ցեղասպանութիւնը հերքել նշանակում է հերքել տատիկիս խօսքերը», նշել է նրա թոռնիկը՝ Ֆրեդերիկը»:
Panorama.am