Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Մուշեղ Իշխան

$
0
0

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍԵԱՆ
Մ. Իշխանի Անուան Դպրոցի Տնօրէն

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ, մանկավարժ ու հրապարակախօս Մուշեղ Իշխանը մեծ ներդրում ունի հայրենի գանձարանում: Սակայն հայրենիքը մեծ պարտք ունի Մուշեղ Իշխանի անունը ժողովրդին յանձնելու գործում: Այդ պարտքը շուրջ երկու տասնամեակ իր առաքելութիւնն է համարել նաեւ հայրենիքում Մուշեղ Իշխանի անունը կրող կրթօջախը:
1999թ.ին, արդէն իր անունը կրող կրթօջախում, գրողը ճշդել էր, որ ծնուել է ոչ թէ 1913ին, այլ 1914ին. Կարպիս եւ Ծովակ Գարամարդեանների հովանաւորութեամբ բացուեց Մուշեղ Իշխանի թանգարանը, եւ կրթօջախը պատիւը ունեցաւ լինելու այդ կարեւոր իրադարձութեան հեղինակը: Այդ օրը տեղի ունեցաւ Մուշեղ Իշխանի ծննդեան 85ամեակին նուիրուած գիտաժողով: Մասնակցում էին Հայաստանի եւ Սփիւռքի մշակոյթի գործիչներ, գրականագէտներ, մտաւորականներ, Մուշեղ Իշխանի աշակերտները, ազգականները: Իրենց զեկուցումներով հանդէս եկան գիտութեան եւ մշակոյթի յայտնի գործիչներ Վազգէն Գաբրիէլեանը, Ազատ Եղիազարեանը, Սուրէն Դանիէլեանը, Սիլվա Կապուտիկեանը, Մուշեղ Իշխանի աշակերտներ՝ արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչեանը, Կարօ Դերձակեանը, Հրաչ Տասնապետեանը, Արմէնակ Արմէնակեանը եւ ուրիշներ:

2004թ.ին, Մուշեղ Իշխանի ծննդեան 90ամեակի առիթով, դպրոցի սաները արուեստի վաստակաւոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Արտաշէս Յովհաննիսեանի ղեկավարութեամբ բեմադրեցին Մուշեղ Իշխանի «Կիլիկիոյ Արքան» թատերգութիւնը:
2009թ.ին, Մուշեղ Իշխանի ծննդեան 95ամեակին, Արտաշէս Յովհաննիսեանը դպրոցի սաների հետ բեմադրեց հեղինակի «Պարոյր Հայկազն ու Մովսէս Խորենացին» թատերախաղը: Ներկայացմանը բազմաթիւ յարգարժան հիւրերի հետ ներկայ էր նաեւ համահայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամեանը: Նա մեծ հիացմունքով նշեց, որ այդ ներկայացումը անպայմանօրէն պէտք է բեմադրել բոլոր դպրոցներում եւ ամէնուր:
Այս տարին յայտարարուած է Մուշեղ Իշխանի ծննդեան յոբելեանական տարի, եւ մենք նշում ենք մեծ մտաւորականի ու բանաստեղծի ծննդեան 100ամեակը: Նա այսօր մեզ հետ է: Այն հոգեւոր արժէքը, որ նա թողեց գալիք սերունդներին, կը բաւականացնէր մի քանի գրողների: Մուշեղ Իշխանը իւրատեսակ կամուրջ էր Արաքսի այս ու այն ափերին գտնուող հայերիս համար: Մեր դպրոցը, յիրաւի, պատիւ ունի կրելու գրողի երջանկայիշատակ անունը եւ լինելու մայր հողի վրայ բացուած նրա թանգարանի հեղինակը: Այսօր առիթ ունենք մէկ անգամ եւս մտովի թերթելու մեծ մտաւորականի կենսագրութեան էջերը, ծանօթանալու նրա ինքնատիպ ստեղծագործութիւններին: Այս հանդիսութիւնները հերթական փորձն են հայրենիքում ըստ արժանւոյն գնահատելու մեծ բանաստեղծի դերն ու վաստակը հայ մշակոյթի պատմութեան մէջ:

Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles