Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»Ի ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՅԱԿՈԲ ՄԿՐՏՉԵԱՆԸ

$
0
0


«Մեր Նպատակը Սփիւռքի Մտաւորականներին Հայաստանի Հետ Մտերմացնելն է». Յակոբ Մկրտչեան

Զրուցեց՝ ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ

ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Պարոն Մկրտչեան, նախ անդրադարձ կատարենք ձեր մասին:
ՅԱԿՈԲ ՄԿՐՏՉԵԱՆ.- Ներկայացնելով ինձ՝ ասեմ, որ մասնագիտութեամբ իրաւաբան եմ: 1975 թուականին աւարտել եմ ԵՊՀ իրաւաբանութեան ֆակուլտետը: Դպրոցական տարիներից սկսել եմ ստեղծագործել, բանաստեղծութիւններ գրել: Այս նախասիրութիւնս սկսեց ցայտուն դրսեւորուել յատկապէս բանակում ծառայելու տարիներին: Զբաղուել եմ նաեւ լրագրութեամբ. 1992 թուականին Լոս Անջելեսում հրապարակել եմ «Կամարակ» պարբերականը, որտեղ լոյս էին տեսնում իմ չափածոյ եւ արձակ ստեղծագործութիւնները, քաղաքական-տնտեսագիտական վերլուծութիւնները:
Մի խօսքով, Հայաստանում ստացած բազմակողմանի կրթութիւնն ինձ հնարաւորութիւն տուեց ուժերս դրսեւորելու այլ բնագաւառում:
Մինչ Կալիֆորնիայի հայ գրողների միութիւնում յայտնուելը, մասնաւոր գրական խմբակ էի բացել, որտեղ հաւաքւում էինք, քննարկումներ կազմակերպում մտաւորականների հետ: 2003 թուականին նաեւ մի քնարական ժողովածու եմ լոյս ընծայել, որը վերնագրեցի «Մարդ Արարչական»: Այնտեղ ներկայացրել եմ մարդու զգացումները, խոհերը, ապրումները՝ ծնունդից մինչեւ մահ: Նաեւ Արեւմտեան Հայաստանի ժամանակաւոր լիազօր ներկայացուցչական մարմնի հիմնադիր անդամն եմ:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Կը ներկայացնե՞ք Կալիֆորնիայի հայ գրողների միութեան գործունէութիւնը:
ՅԱԿՈԲ ՄԿՐՏՉԵԱՆ.- Նախ ասեմ, որ Սփիւռքի բոլոր համայքներում, այդ թւում նաեւ Կալիֆորնիայում, շատ կան համայնքային տարբեր կազմակերպութիւններ, հայրենակցական միութիւններ, գրական խմբակներ: Կալիֆորնիայի հայ գրողների միութիւնը աչքի է ընկնում հայոց լեզուին եւ գրականութեանն ուղղուած ակտիւ գործունէութեամբ, ինչն էլ նպաստում է Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմանը: Կալիֆորնիայի հայ գրողների միութիւնն իր աշխատանքները սկսել է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերակերտումից յետոյ եւ Հայաստանում տեղի ունեցող գրական իրադարձութիւններին համընթաց կազմակերպել է աշխատանքները:
Վերջապէս ստեղծուեց այն կորիզը, որը մի քանի տարի յետոյ պաշտօնապէս Կալիֆորնիայի հայ գրողների միութիւն կոչուեց: Մեզ մօտ յաղթահարուած են ժամանակին եղած կուսակցական եւ միւս բոլոր այն արգելապատնէշները, որոնք կը խաթարեն միութեան գործունէութիւնը: Կարճ ժամանակում Սփիւռքի տարբեր համայքներից, Հայաստանից գրողներ եւ Լոս Անջելեսում ապրող, ստեղծագործող մտաւորականները միաւորուեցին միութեան շուրջ: Ասեմ, որ միութիւնում կանոնաւոր կերպով գրական հանդիպումներ են տեղի ունենում, քննարկում ենք մեզ յուզող հարցերը, վեր հանում առկայ խնդիրները եւ համատեղ դրանց լուծման համար ուղիներ որոնում: Պարբերաբար յաւուր պատշաճի գրքերի շնորհանդէսներ ենք կազմակերպում, ներկայացնում մեր գրողների աշխատանքները:
Այնպիսի ստեղծագործողներ ունենք, ովքեր իրենց գործունէութեամբ պատիւ են բերում ոչ միայն Կալիֆորնիայի, այլեւ Հայաստանի գրական աշխարհին: Կալիֆորնիայի հայ գրողների միութիւնն արդէն ունի յիսունից աւելի անդամ: Մեր դռները բաց են բոլոր ստեղծագործ մարդկանց առջեւ, խրախուսում ենք յատկապէս հայ երիտասարդների անդամագրումը միութեանը, քանի որ նրանք ակտիւութիւն չեն ցուցաբերում այս առումով:

ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Իսկ ո՞րն է միութեան գործունէութեան հիմնական առաքելութիւնը:
ՅԱԿՈԲ ՄԿՐՏՉԵԱՆ.- Մեր նպատակն է հասնել այն արդիւնքին, որ մտաւորականները միշտ ներգրաւուած լինեն Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձութիւնների մէջ, հարցեր առաջադրեն, տեսակէտներ հնչեցնեն, որի շնորհիւ կը խմորուեն, աւելի կը մտերմանան հայրենիքին:
Փորձում ենք մասնակցել ոչ միայն գրական իրադարձութիւններին, այլ նաեւ համահայկական նշանակութիւն ունեցող ձեռնարկներին: Բոլորովին վերջերս մասնակցեցինք ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած Հայաստան-Սփիւռք 5րդ համաժողովին, որից շատ գոհ մնացինք: Համաժողովից յետոյ մեզ մօտ հանդիպում կազմակերպեցինք «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանի հետ, մտքեր փոխանակեցինք, հարցեր վեր հանեցինք: Հանդիպման ընթացքում Յարութ Սասունեանը զեկուցումով հանդէս եկաւ: Գրական կեանքն արդէն սկսեց մեծ թափ ստանալ 2004 թուականին, երբ միութիւնը պետական գրանցում ստացաւ, եւ ի պաշտօնէ կոչուեց Կալիֆորնիայի հայ գրողների միութիւն: Արդէն այն ձեռքբերումն ունենք, որ ամէն ամսուայ առաջին Հինգշաբթի օրը Գլենդելի հանրային գրադարանում մեզ հնարաւորութիւն է տրուած հանդիպում ունենալու տեղի հայութեան հետ, լսել նրանց առաջարկներն ու կարծիքները: Այս ամէնով ցանկանում ենք հայկական մշակոյթը ճանաչելի դարձնել աշխարհասփիւռ հայերի լայն շերտերին:

ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Պարոն Մկրտչեան, Սփիւռքի մտաւորականները որքանո՞վ են արձագանգում Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին:
ՅԱԿՈԲ ՄԿՐՏՉԵԱՆ.- Անկասկած պէտք է ասել, որ Սփիւռքի մտաւորականները միշտ հետաքրքրուած են Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններով, սրտացաւ վերաբերմունք ունեն եւ հնարաւորութեան սահմաններում փորձում են օգտակար լինել հայրենիքին: Այժմ բոլորը ուշադրութիւնը սեւեռել են Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի ուղղութեամբ: Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսուած իրականացնել. ոգեկոչելու ենք Եղեռնի ժամանակ նահատակուած բանաստեղծներից Գրիգոր Զոհրապի, Դանիէլ Վարուժանի, Սիամանթոյի եւ Ռուբէն Սեւակի յիշատակը:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles