ԷԼԵՆ ՉԻԼԻՆԳԱՐԵԱՆ
Պատուիրակութեան ֆուտզալի (ֆութպոլի սրահի-Խմբ.) թիմի մարզիչ Յակոբ Շեխուգեանը պատմեց, որ Հայաստան են ժամանել՝ «կարեւորը մասնակցութիւնն է» կարգախօսով, հաշուի առնելով պատերազմական Սիրիայում իրենց ունեցած սահմանափակ հնարաւորութիւնները, մարզումներն անցկացնելու համեստ պայմանները: Նոյնիսկ խաղերում կրած պարտութիւնները չեն յուսահատեցնում իրենց:
«Շատ զօրաւոր ենք: Մենք խաղերու մէջ կը պարտուինք, խաղերու մէջ կը յաղթենք, բայց մենք ուրախ ենք, տղաքը ուրախ են, հայրենիքի մէջ կը խաղան», նշեց Շեխուգեանը:
Լիբանան, Աբու-Դաբի, Հայաստան՝ մարզիչի խօսքով, արժէր 32 ժամ ճանապարհ կտրել:
Համահայկական 6րդ խաղերին մասնակցելու համար Քեսաբից Հայաստան են եկել շախմատիստներ, ֆուտբոլիստներ, լողորդներ, հրաձիգներ: Շատերը 4 տարի պատերազմող Սիրիայից առաջին անգամ են դուրս գալիս:
Մարզիկները պատմեցին, որ Քեսաբում իրավիճակը վերահսկելի է եւ աւելի ապահով, քան, օրինակ, հայաբնակ միւս քաղաքներում:
Յիշեցնենք՝ անցեալ տարուայ Մարտին Սիրիայի ապստամբները ներխուժել էին թուրք-սիրիական սահմանին գտնուող Քեսաբ: Տեղի բնակչութիւնը ստիպուած լքել էր քաղաքը, սակայն մի քանի ամիս անց, երբ կառավարական ուժերը վերագրաւել էին այն, հայերի մեծ մասը վերադարձել էր, վերակառուցել իրենց տները, եկեղեցին ու դպրոցը:
«Եկեղեցիները բոլոր այրած էին, շինեցինք եկեղեցիները, դպրոցները: Աշակերտներ ունինք, մօտ հազար աշակերտ: Հայերէն դասեր ունինք, հայկական դպրոց», պատմեց ֆուտզալի թիմի մարզիչը:
Աւելի բարդ է իրավիճակը Հալէպում: Քաղաքը ռազմական գործողութիւնների կիզակէտում է՝ մէկ կառավարական զօրքերի, մէկ ապստամբների վերահսկողութեան տակ անցնելով:
Ֆուտբոլիստ Մհեր Ղազարեանը պատմեց, որ Հալէպի հայկական 60 հազարանոց համայնքից մօտ 15 հազար հայ է մնացել քաղաքում: Մօտ 2 տասնեակ դպրոցներից ու մէկ տասնեակ եկեղեցիներից որոշները չեն գործում:
«Ելեկտրականութիւն չկայ՝ օրը մէկ ժամ, շատ-շատ երկու ժամ, ջուրը ամիսներ կը կտրուի, օրեր՝ ետ կու գայ», նշեց Ղազարեանը:
«Կրնաս տունդ նստիլ եւ մէկ վայրկեանէն ռումբ մը ստանաս: Շատ դժուար է Հալէպի հայութեան վիճակը», «Ազատութեան» հետ զրոյցում ասաց Հալէպի ֆուտզալի թիմի մարզիչ Ջորջ Դիշչէքենեանը:
Չնայած ամէնօրեայ դժուարութիւններին, հրթիռակոծութեան վտանգներին, հալեպցի մարզիկների խօսքով՝ պատերազմող քաղաքում մնացած իրենց ընտանիքները, օրական մի քանի ժամ էլեկտրաէներգիա ստանալով, կենցաղային խնդիրները լուծելու հետ մէկտեղ շտապում են միանալ խափանումներով աշխատող համացանցին՝ հետեւելու իրենց թիմերի մրցելոյթներին:
«Անոնք կը հետեւին եւ հպարտ են շատ-շատ, երբ բացումին մեր նկարները տեսան հեռուստատեսութեամբ: Անոնց նպատակը յաղթանակը չէ, անոնց նպատակը, երբ այսօր՝ 4 տարուայ պատերազմէն ետք, Սուրիան կը մասնակցի, մանաւանդ՝ Հալէպը», ասաց Մհեր Ղազարեանը:
«Ազատութիւն»