Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ՆՈՐ ԳԻՐՔԵՐ- Գրիշ Դաւթեանի Բանաստեղծական Աշխարհը

$
0
0

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

«Երէկ կարդում էի Դոստոեւսկու «Խաղամոլը»: Ինձ ապշեցրեց նա: Այ, սա աւելի հարազատ է ինձ: Սա հէնց այն է, ինչ որ կեանքը՝ խառնիխուռն, վայրի, անդասդաս, անկարգ: Բայց այդ անկարգութեան մէջ կայ մի ներքին ամենախիստ կերպով իրար աղերսուած կարգաւորութիւն: Այդ իսկական կեանքն է՝ արտաքինից անտակտ, ներքուստ՝ չնչին մանրամասնով իրար հետ պայմանաւորուած», գրում է Պարոյր Սեւակը (տե՛ս Պարոյր Սեւակ, Երկեր, «Գիրք մնացորդաց», 1976, հ. 6, էջ 403-403), ու նրա այս մտորումների առանցքում մտքի, բովանդակութեան կամ ասելիքի էականութեան հաւաստումն է, որը վերահաստատում է նաեւ նախորդ բանաձեւումը՝ «Գրականութեան մէջ կարեւորը ԻՆՉն է եւ ոչ թէ ԻՆՉՊԷՍը» (նոյն տեղում, էջ 397, ընգծումները՝ հեղինակի):
Գրիշ Դաւթեանի «Աշխարհքով մէկ եմ եղել» (Է. Անտարես, 2012, խմբ. Ա. Նիկողոսեան, բոլոր մէջբերումները սոյն գրքից) բանաստեղծութիւնների ժողովածուի առանցքում նոյնպէս իմաստաւորուած պօէտական քերթուածներ են՝ բովանդակութեան ու ձեւի ներդաշնակութեամբ արժէքաւոր ու մարդասիրական մարդագիտական երանգով նշանաւոր: Այս կերպ ամբողջանում է Գրիշ Դաւթեանի բանաստեղծական աշխարհը: Բանաստեղծութիւնների յուզական յագեցուածութեան, հոգեբանական նուրբ դիտարկումների, ինքնատիպ ու դինամիկ հայրենասիրական ռիթմերի միջոցով նա ստեղծում է իր գեղարուեստական ձեւերն ու կառոյցները՝ յայտնաբերելով ապրումների խորքերը ու ստեղծագործութեան բովանդակութեանը հաղորդելով արդիական շնչին համարժէք պատկերաւորութիւն՝
Ծով է… ծով չէ… աստղածով է լուսաթով,
Ժամանակի ճախր ու թիռ է եթերում,
Բեղմնաւորուած գոհութիւն է ապահով,
Բերրիութեամբ հասկաւորում է կեանքում:
Այսպիսին է յարափոփոխ ժամանակի՝ մարդկային կեանքին ամէն ակնթարթ անակնկալներ մատուցելու իրողութիւնը, ժամանակի յաւերժութեան ու մարդկային կեանքի կարճատեւութեան իմաստախօսութիւնը: Նրա գեղարուեստական որոնումների հիմքում հակասութիւնների ու բարդութիւնների, հոգեւոր ու նիւթական արժէքների, ներքին աղքատացման ու բարոյական անկման ճանապարհին յայտնուած մարդու Ճակատագիրն է, ում ներաշխարհի բարդ ապրումները, իրականութեան կենսական յարաբերութիւնները պատկերուած են տարբեր չափաբերումներով, ներշնչանքով ու կենդանութեամբ՝
Խորհում եմ մարդու եւ աշխարհի մասին,
Խորհում եմ լինելիութեան մասին…
Մարդը եւ աշխարհը պարզապէս կան,
Եւ լինելիութիւնը ոչ մի գաղտնիք չունի…
«Բոլոր թեմաներն էլ հին են, միլիոն անգամ կրկնուած եւ պիտի կրկնուեն: Նորութիւն ու թարմութիւն բերողը նոր ընկալումներն են, նոր մօտեցումներն են ու նոր գտնուած արտայայտչական միջոցները, ուստի եւ ամենամեծ ու բարձր գործը կատարում են խիզախողները, նրանք, ովքեր չեն գոհանում եղածով, փնտռում են, որոնում», գրում է բանաստեղծուհի Մարօ Մարգարեանը («Գրական թերթ», 1966, 21 Յունուարի) բացայայտելով պօէզիայի ոչ միաձիգ ու ոչ միադէմ էութիւնը: Գրիշ Դաւթեանի հայրենասիրական երգերը միմեանց շաղկապւում են հայրենի երկրի պատմութեան, նրա սրբացած յիշատակների ու կարօտի, մագաղաթների ու մատեանների իւրօրինակ հոգենիւթով, որ յատուկ են միմիայն իրեն.
Հայրենասիրութեան ու կարօտի պատարագը
Վերածնուեց մահուան թափօրի…
Բեկուած ուխտագնացութեան յուղարկաւորութեան…
Ինչպէ՞ս… ինչպէ՞ս վկայել ձեր յիշատակը…
Խաթարուած վայելքի ի՞նչ դառնութեամբ…
Հայրենի հողի, ազգային ցաւ ու հոգսերի, կառուցումների ու վերընթացի տողերով հեղինակը բովանդակում է ժողովածուի ընդհանրական դիմագիծը՝ «Ես պահում եմ ձեզ իմ սրտում»:
Սիրոյ համար տարիք ու տարիքային տարբերութիւն գոյութիւն չունի, եւ ակամայ յիշում եմ գերմանացի հանճարի՝ 74ամեայ Գէօթէի եւ 18ամեայ լեհուհի գեղեցկուհի Ուլրիկ Ֆօն Լեւետցովի իրական սիրավէպը, որի ծնունդը եղաւ Գէօթէի քնարական ամենանշանաւոր բանաստեղծութիւններից մէկը՝ «Մարիէնբալդեան էլեգիան» (Էքքերման, «Զրոյցներ Գեօթէի հետ»): Գրիշ Դաւթեանի երգերում նոյնպէս զգացմունքները հոգեբուխ են ու անմիջական: Բառը նրա պօէզիայում ձեռք է բերում գեղարուեստական պատկերի նշանակութիւն.
Քո աչքերում
Երազանքի մի գաղտնիք կայ
Երբ մոռացութեամբ կկոցում ես,
Հասնում է հորիզոնին:
Թեմատիկ ոճական իւրայատկութիւններով, խորհրդանշական հիմնագաղափարներով որոշակիօրէն իմաստաւորւում, շեշտադրւում են Գրիշ Դաւթեանի բանստեղծութիւնները, որոնց անդրադարձումներն էլ վճռական են հեղինակի ստեղծածը արժեւորելու ճանապարհին: Եւ ընդհանրապէս, կեանքի ու մահուան առեղծուածի, կեանքի իմաստի եւ ունայնութեան ճանաչողական բնութագրումների ներքին մի պայքարով իմաստաւորում ենք մեր իսկ՝ մահկանացուներիս ապրելու խորհուրդը՝ հաշտ մեր յոյզերի, տագնապների, կարօտների, սպասումների ու սիրոյ եւ անհաշտ՝ թերութիւնների, հոգեւոր ու ֆիզիկական ուժերը շղթայող խոչընդոտների հետ:

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ, Բան. գիտ. թեկ., դոցենտ է:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles