ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ
1861 թուականին Միքայէլ Նալբանդեանը մեկնել էր Հնդկաստան: Այնտեղ Կալկաթայից հայ մեծահարուստ Մասեհ Բաբաջանեանը մի կտակ էր թողել, համաձայն որի իր մահից յետոյ հսկայական հարստութիւնը պիտի փոխանցուէր Նոր Նախիջեւանի հայութեանը, եւ Նալբանդեանը նպատակ ունէր օրինականացնել այդ գումարների փոխանցումը հայրենակիցներին:
Կալկաթայում անցկացրած վերջին շաբաթների ընթացքում Նալբանդեանը իր միջոցներով մի ռնգեղջիւր է գնում: Նրա ցանկութիւնն էր այդ կենդանին նուիրել Մոսկուայի նորաբաց կենդանաբանական այգուն: Եւ քանի որ ետդարձի ճանապարհին այլ ծրագրեր էլ ունէր, յանձնարարում է ռնգեղջոյրը առանձին ուղարկել Ռուսաստան: Հսկայամարմին կենդանին Մոսկուա է հասնում երկու տարի անց: Այս մասին հետաքրքիր վաւերագրեր ու պատմութիւններ են պահպանուել: Նրան բերել էին ծովով, յատուկ պատրաստուած վանդակով, որը չորս անիւներ ունէր:
Ականատեսները պատմում են, որ տեղ հասնելուն պէս կենդանին շատ էր յոգնել երկար ճանապարհից: Նրա պարանոցին ծանր օղ էր անցկացուած՝ երկար շղթայով: Կենդանուն կերակրել են, իսկ շղթան ամրացրել ցցին՝ երկար ժամանակ պահելով շղթայակապ: Ասում են նաեւ, որ վանդակի վրայ մի ցուցանակ են փակցրել, որի վրայ մեծ տառերով գրուած էր. «Հնդկաստանի ռնգեղջիւր, Ն. Նախիջեւանի հայ հասարակութեան կողմից, Մ. Նալբանդեանի նախաձեռնութեամբ ու աշխատանքով»:
Արխիւային փաստաթղթերում նշւում է, որ ռնգեղջիւրին Մոսկուա է հասցրել Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Հայրապետովը: Վերջինս նուէրը յանձնել է Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաեւիչին: Նալբանդեանն անձամբ յանձնել չէր կարող, քանի որ այդ ժամանակ արդէն ձերբակալուած էր ու կալանուած Պետրոպաւլովեան ամրոցում:
Կենդանու առաջին խնամակալն էր ունտեր-սպայ Կոնոն Իւանովը: Նրան տեղեկացրել էին, որ Հնդկաստանում ռնգեղջիւրին կոչել էին Սեմիրամիդ: Սակայն Իւանովը որոշում է կրկին անուանակոչել գազանանոցի նոր բնակչին: Նախ անուանում է Միրեմիս, իսկ յետոյ՝ ուղղակի Մոնկա կամ Մոնեա:
Նալբանդեանի «հոգեզաւակը» ապրեց մինչեւ 1887 թուականը: 28 տարեկան էր, երբ սատկեց: Այսօր էլ այդ կենդանու խրտուիլակը ցուցադրւում է Մոսկուայի կենդանաբանական թանգարանում: Մոսկովեան արխիւներում հրաշքով պահպանուել են Նալբանդեանի ռնգեղջիւրի երկու լուսանկար: