ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Պատմական հերոս Զէյթունը յաւերժացնելու համար 1972 թուականին, մի խումբ հայրենադարձ զէյթունցիների առաջարկով, Երեւան քաղաքի մօտակայ բարձրադիր վայրում հիմը դրուեց Նոր Զէյթուն թաղամասի կառուցմանը։
Պատմում են, թէ պատմական հերոս Զէյթունն իր չքնաղ բնութեամբ փռուած է եղել բարձրադիր վայրում, լեռների փէշերին։
Ուստի, պատահական չէր զէյթունցի համաքաղաքացիների առաջարկը՝ Նոր Զէյթունի կառուցումն սկսել հենց այս վայրում։
Օրըստօրէ վեր էին խոյանում բարձրայարկ բնակելի շենքերը, հանրակացարանները, հասարակական վայրերը, դպրոցներն ու մանկապարտէզները։
Գեղեցիկ էր նորաշէն Զէյթունի աշխարհագրական դիրքը…
Հեռաւոր երկրներից Երեւան ժամանող զբօսաշրջիկները այցելում էին Զէյթուն, որպէսզի բարձունքից դիտեն Երեւանի գեղեցիկ համայնապատկերը, որտեղից յստակ երեւում էր կանաչների մէջ փայլող Արարատեան դաշտավայրն իր յարակից շրջաններով։
Այցելուները սիրով եւ մասամբ՝ տխուր աչքերով, դիտում էին հայրենի փոքրիկ հողակտորը, որն անչափ մեծ ու ընդարձակ էր պատկերւում։
Մեծ էր երեւում, որովհետեւ՝ հեռու-հեռւում եւ շատ մօտիկ, Արարատ լերան վեհ ու ձիւնածածկ գագաթները մեծութիւն էին սփռում Հայաստան աշխարհին։
Ամառ էր… Երեւանեան շոգ, մի քիչ էլ փոշոտ ամառ…
Արեւի ճառագայթների հարուածներից հոգնել եւ անշարժացել էին ծառերի տերեւները։ Միայն բարդու գագաթներն էին օրօրւում մեղմ օդի հպումից…
Բուհերում, ուսումնական տարեվերջեան պետական քննութիւններից յետոյ, Երեւանի Պետական համալսարանի բանասիրութեան բաժնի ղեկավար պրոֆ. Մկրտիչ Մկրեանը՝ շնորհաւորելով աւարտողներիս, յանձնեց մանկավարժի եւ լրագրողի տիտղոս ներկայացնող վկայականները։
Շատ-շատերի հետ ես էլ աւարտեցի, սակայն, ուսանողական տարիներին բարձր նիշ ստանալու ձգտումս փոխուեց այլ հոգսերի. «Կը գտնե՞մ արդեօք իմ հոգում տարիներին շարունակ փայփայած մանկավարժի պարտականութիւնն իր վրայ կրող՝ ուսուցչուհու պաշտօնը…»։
Ուրախութեամբ եմ յիշում, թէ ինչպէս կարճ ժամանակամիջոցում, նորաշէն Զէյթուն թաղամասում բազմաթիւ շինութիւնների կողքին կառուցուեց երգիծաբան Յակոբ Պարոնեանի անունը կրող համար 59 միջնակարգ դպրոցը։ Քառայարկ, տուֆակերտ դպրոցը համալրուած է բոլոր հարմարութիւններով՝ լուսաւոր, ընդարձակ դասասենեակներ, գրադարան, բժշկի ընդունարան, ճաշարան, մարզասրահ եւ այլն։
Ուզում եմ նշել, որ 3րդ եւ 4րդ յարկերից երեւում էր անսահման հորիզոնի եզրին ուրուագծուած Արարատ լեռը, ստորոտից մինչեւ ձիւնածածկ գագաթները։ Երբեմն, պարզկայ օրերին, յստակ նշմարւում էր նաեւ Արաքս գետը, որն իր արծաթեայ գօտիով ամուր գրկել էր «հսկայ»ին։
Անսահման ուրախ էի, որովհետեւ նորաշէն դպրոցի տնօրէն Կառլէն Թադեւոսեանի դրական ստորագրութեամբ, 1973 թուականի Սեպտեմբերի 1ին, 5րդ դասարանի մատեանը ձեռքիս առաջին անգամ, տնօրէնի առջնորդութեամբ մտայ դասարան…
Յիշում եմ այդ պահը…
Աշակերտները ոտքի կանգնած՝ ուշադիր նայում էին ինձ…
Ես էլ՝ մի քիչ շփոթուած, նայում էի նրանց աչքերին…
Եւ այդ օրուանից լծուեցի աշակերտներին դաստիարակելու եւ մայրենին սովորեցնելու առաքինի գործին։
Դպրոցը դարձաւ իմ երկրորդ ընտանիքը…
Ինչպիսի՜ ոգեւորութեամբ էի ծանօթացնում երեխաներին՝ Յովհ. Թումանեանի, Աւ. Իսահակեանի, Ե. Չարենցի, Պ. Սեւակի, Դ. Վարուժանի եւ այլ անուանի արեւելահայ եւ արեւմտահայ գրողների հետ։
Սովորական, պայծառ առաւօտներից մէկն էր, մտայ դասարան…
Նախապէս, դասարանի պատերը զարդարուած էին հայ անուանի գեղանկարիչ, գոյների վարպետ Մարտիրոս Սարեանի կտաւների լուսանկարներով։
Այդ օրուայ դասի նիւթն էր՝ Մարտիրոս Սարեանի կեանքն ու գործունէութիւնը։ Աշակերտներից մէկը՝ Յասմիկը, սիրով ներկայացրեց նկարչի կենսագրութիւնը եւ յետագայ փայլուն ուղին։
Նա ասաց, որ մեծանուն նկարիչը ծնուել է Նախիջեւանում, 1880 թուի Փետրուարի 28ին, մահացել է 1972 թուի Մայիսի 5ին։
Ուսանելով Մոսկուայի նկարչական արուեստի դպրոցում, աւարտել է այն բարձր գնահատականներով եւ արժանացել է նկարչի կոչման։
Դասաժամի աւարտին, դեռեւս սարեանական արեւաշող խօսքերի ազդեցութեամբ, իջանք դպրոցի բակը, ուր մեզ սպասում էր բազմատեղանոց ինքնաշարժը։ Քիչ անց Վարպետի տուն-թանգարանում էինք…
Յափշտակուած, զմայլուած դիտում էինք նկարները եւ ակամայից մտածում, թէ ինչպէ՛ս է Վարպետը կարողացել արեւի ջերմութիւնը եւ գոյները տեղադրել կտաւների վրայ…
Դիմացի պատից մեզ էր նայում նրա ինքնանկարը՝ «կախարդական» վրձինը ձեռքին…
Սարեանական արեւներով ջերմացած, դուրս եկանք նկարչի տուն-թանգարանից՝ տանելով մեզ հետ կարմիր արեւներ։
Դարձեալ դպրոց, դասաժամեր…
Երկարատեւ զանգի ղօղանջներով ազդարարուեց ուսումնական տարուայ աւարտը։
Մէկ շաբաթ անց, մի խումբ աշակերտների եւ երեք ծնողների հետ «Զուարթնոց» օդանաւակայանում էինք։ Հրաժեշտ տալով Երեւանին, մետաղեայ աստիճաններով բարձրացանք օդանաւ եւ գրաւեցինք մեզ յատկացուած տեղերը։
Լենինգրադ (Պետերբուրգ), Էրմիտաժ…
Երեւանեան տաք արեւներից յետոյ՝ ամպամած, մառախլապատ, սեւ երկինք…
Հիւսիսային սառը քամին շփուելով Նեւա գետի ջրերին, սառեցնում էր շրջապատը։ Մեր հիւրանոցից նշմարւում էր աշխարհահռչակ «Էրմիտաժ» պատկերասրահ-թանգարանը, որը նախկինում պատկանել է Պետրոս Ա. ցարին, որպէս ձմեռային պալատ։
Բազմաթիւ այցելուների երկա՜ր հերթին մենք էլ միացանք։ Զբօսաշրջիկներով լեփ-լեցուն էին սիւնազարդ ոսկեզօծ սրահները, ուր ցուցադրուած էին հին եւ նոր շրջանի անուանի նկարչների գործերը, որոնք հիացմունք էին պարգեւում այցելուներին։
Շատերի պէս մենք էլ ուշի-ուշով դիտում էինք նկարները եւ մէկ դահլիճից անցնում միւսը։
Յանկարծ կարծես թէ դահլիճը միանգամից պայծառացաւ արեւի ոսկեգոյն շողերով։
Մեր աչքի առջեւ, բարձր պատին, իր վեհութեամբ յենուած էր հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարեանի հանրայայտ «Գարուն» կտաւը։
Արեւի շողերը փշուր-փշուր պոկուելով նկարից՝ ողողում էին ողջ շրջապատը, ջերմացնելով այլազգի այցելուներին, որոնք հիացմունքով բարձրաձայնում էին՝ «Հայ է… Մարտիրոս Սարեանն է…»։
Չգիտեմ ինչու՝ ոտքերս առաջ չէին գնում, գամուել էի մեծադիր կտաւի առջեւ, երբ աչքս դիպաւ սպիտակազգեստ մի ռուս «մալական»ի, որի գլուխը ծածկուած էր նուրբ, սպիտակ շղարշով։
Նա նոյնպէս կանգնել էր մեծադիր նկարի առջեւ եւ փոքրիկ քայլերով մօտենում էր, որպէսզի մօտից զգայ եւ շոշափի «Գարուն»ը…
Այդ պահին, սրահի սպասարկուհին մօտենալով նրան, ուզում էր ինչ որ բան ասել, երբ սպիտակազգեստ կինը ձայնը բարձրացնելով եւ ցոյց տալով Սարեանի «Գարուն»ը, ասաց.
– Խնդրում եմ, շատ եմ խնդրում, թողէ՛ք ինձ, որ մի քիչ երկար կանգնեմ այս նկարի առջեւ… Եկել եմ հեռաւոր հիւսիսից, որտեղ չկան այս արեւները, չկան այս գոյները, չկան այս գարունները… Թոյլ տուէք մի քիչ ջերմանամ սարեանական արեւով…
Այնքա՜ն ազդեցիկ էին կնոջ խօսքերը, որ այցելուները մի պահ լռելուց յետոյ իրենք էլ մօտեցան «Գարուն»ին, որպէսզի աւելի շատ վերցնեն արեւի շողերից ու տանեն իրենց հետ հեռու երկրներ՝ այնտեղ շաղ տալու հայկական ջերմ արեւի գոյները։
Հարկ է նշել, որ Մարտիրոս Սարեանի բոլոր գործերն էլ ողողուած են արեւի շողերով եւ գոյների առատութեամբ՝ «Հին Երեւանը», «Արագածը», «Երեկոն Այգում», «Հայելու Առջեւ» եւ այլ «նատիւր մորտ»ներ, որոնք իրենց արժանի տեղն են գրաւել Մոսկուայի «Տրետեակովսակայա Գալերեա» պատկերասրահում։
Տունդարձի օդային ճանապարհին մտորում էինք նշանաւոր նկարիչների թողած անգնահատելի գործերի մասին, երբ ինքնաթիռը՝ ճեղքելով օդի թափանցիկ շերտերը, վայրէջք կատարեց արեւների, քարերի ու սարերի երկիր Հայաստանում, ուր երեւանեան ամառն արդեն մտել էր իր իրաւունքների մէջ։
Ամէնուրեք զգացւում էին Մեծ վարպետի գոյները…
ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ Հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի է