Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Նապոլէոն Բոնապարտի Ազգութեամբ Հայ Թիկնապահը

$
0
0

1118rustam

ԱՆԻ ԲԱԲԱՅԵԱՆ

 

Սոյն թուի Ապրիլին, առաջին անգամ լինելով «Ռուստամի Յուշերը. Նապոլէոնի Մամլուքն Եւ Թիկնապահը»* թարգմանուել է անգլերէնի: Թարգմանութիւնը կատարուել է վարպետօրէն: Այն պարունակում է մանրամասն ծանօթագրութիւններ եւ յաւելուածներ: Համաձայն խմբագրին, այս գիրքը կարող է ներշնչման եւ նոր ուսումնասիրութիւնների սկիզբ դառնալ, որի շնորհիւ հնարաւոր է լինելու Ռուստամի վերաբերեալ հանրութեանը մատչելի գործեր ստեղծել, ինչու չէ նաեւ՝ գիտական ակադեմիական ձեռնարկների համար սկզբնաղբիւր լինել:

«Ռուստամի Յուշերը. Նապոլէոնի Մամլուքն Եւ Թիկնապահը» առաջին անգամ լոյս է տեսել ֆրանսիական Revue Retrospective հրատարակութիւնում, որը 1800ից մինչեւ 1888 հրապարակում էր պատմական նիւթեր եւ փաստաթղթեր: Համաձայն հրատարակչութեան հիմնադիր եւ խմբագիր Փօլ Քոթանի (Paul Cottin), (1847-1923)՝ Ռուստամի յուշագրութեան ձեռագիրը հրատարակելու համար ստացել են նկարիչ Մ. Պիեռ Բիաֆից, որն էլ այն ժառանգել էր Ռուստամի փեսայից:

Գիրքը բաղկացած է երեք բաժիններից: Առաջին բաժինն ընդգրկում է անգլերէն եւ ֆրանսերէն հրատարակութիւնների ներածականներն ու ֆրանսիացի պատմաբան Ֆրեդերիկ Մասոնի (1847-1923) նախաբանը:

Երկրորդ բաժնում ներկայացուած է «Ռուստամի Յուշերը. Նապոլէոնի Մամլուքն Եւ Թիկնապահը», հինգ գլուխների բաժանուած: Ռուստամ Ռազան՝ Նապոլէոնի մամլուք կայսերական թիկնապահը, փոքր հասակում առեւանգուել եւ վաճառուել է մի քանի անգամ, Կովկասի եւ Կոստանդնուպոլսի ստրուկների շուկաներում եւ ի վերջոյ, Սալա բէյի կողմից Եգիպտոսից Կոստանդնուպոլիս ժամանած գնորդ վաճառականը նրան գնելով՝ փոխադրում է Եգիպտոս: «Դա արդէն վերջին եւ եօթերորդ անգամն էր, որ ես վաճառուել էի իմ դժբախտութեան սկզբի օրից», գրում է Ռուստամը:

Ռուստամին դարձնում են մամլուք, որ արաբերէնից բառացի թարգմանութեամբ նշանակում է իշխանաւորի սեփականութիւն, իսկ միջնադարեան Եգիպտոսում զինուորական դաս էր, որը ձեւաւորւում էր տարբեր ազգերի, հիմնականում հայ, չերքեզ, վրացի, առեւանգուած եւ գերուած պատանիներից, որոնց վաղ հասակից վարժեցնում էին ռազմարուեստին:

Ռուստամը մէկն էր երկու մամլուքներից, որոնց շէյխ Ալ Բաքրին նուիրել է Նապոլէոնին: Այսպիսով նա դարձել է Նապոլէոնի անձնական թիկնապահը 1799ից մինչեւ 1814ը, ուղեկցել է նրան բոլոր արշաւանքների եւ հանդիսութիւնների ժամանակ, վայելելով Նապոլէոնի վստահութիւնը:

Յուշագիրը ծնուել է հայ առեւտրական ընտանիքում: Իր ծննդավայրը յիշատակուած  է Վրաստանի Թբիլիսին  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում գտնուող Ախպերկանը: Ռուստամը իր յուշագրութիւնում հաստատում է իր հայկական ծագումը եւ քրիստոնեայ լինելը:

Ռուստամը, իր հայ ծագումով, կարեւոր դեր է ունեցել Նապոլէոնին հայերին ծանօթացնելու համար: Ղազարեանցն անգլերէն ներածականում մատնանշում է. «1810ին, Նապոլէոնի անմիջական որոշմամբ Հայոց լեզուի ամբիոն ստեղծուեց Փարիզի Արեւելագիտութեան լեզուի ինստիտուտում, որ դա միայն գիտական հետապնդումների արդիւնքում չէր կարող կայացած լինել, այլ ենթադրւում է, թէ Ռուստամի անմիջական դերակատարութիւնն այդ որոշման մէջ դեր է ունեցել, չնայած որ նա դիւանագիտական դիրք չէր զբաղեցնում»:

1814ի Նապոլէոնի պարտութիւնից եւ գահընկեց արուելուց յետոյ Ռուստամը հրաժարւում է նրան ուղեկցել Էլբա, որի պատճառը դեռեւս մնում է չբացայայտուած:

Ռուստամը իր կեանքի վերջին երկու տասնամեակը ապրեց Փարիզից հիւսիս, 40 քլմ. հեռաւորութեան վրայ գտնուող Դուրդանում, եւ մահացաւ 1845 թուի Դեկտեմբերի 7ին:

Իր յուշագրութիւնում Ռուստամը արտայայտում է իր ապրումները, մտահոգութիւնները եւ ցանկութիւները: Ռուստամը ա-մուսնացել է կայսրուհի Ժոզէֆինայի նաժիշտներից մէկի աղջկայ՝ Ալեքսանդրին Մարի Մարգարիտի հետ: Ռուստամը նկարագրում է, թէ ինչպէս Նապոլէոնից ամուսնանալու թոյլտուութիւն է խնդրում եւ այն մասին, որ կայսրը հոգում է ամուսնութեան ծախսերը: Նրանք ունեցել են երկու զաւակ՝ Աշիլ եւ Էմիլի:

Ռուստամի արտաքին գրաւչութիւնը, առեղծուածային կերպարը, տարազը եւ իր արաբական ձին՝ գրականութեան եւ նկարչութեան ներշնչանք են հանդիսացել. գրականութեան մէջ կարելի է նշել Օնորէ դը Բալզակի «Une Tenebreuse Affair», Լեւ Տոլստոյի «Պատերազմ Եւ Խաղաղութիւն», Ֆէոդոր Դոստոեւսկու «Ապուշը» ստեղծագործութիւնները: Իր յուշագրութիւնում Ռուստամը անդրադարձել է իր դիմապատկերների գոյութեան մասին: Նապոլէոնի հանդիսութիւնների կամ պատերազմների գեղանկարներում յաճախ պատկերուած է նաեւ Ռուստամը:  Անգլերէն թարգմանութեան շապիկը պատկերազարդուած է երեք նկարներով. «Բուրգերի ճակատամարտը», ֆրանսիացի նկարիչ Ժակ-Նիկոլա Փայլոտ դէ Մոնտաբերտի (1771-1849) «Ռուս-տամ՝ Նապոլէոնի մամլուքը» դիմապատկերը, որը նկարել է 1806ին եւ ցուցադրւում է Musee de l’Armee Invalides-ում եւ Ժան Բապտիստ Դեբերդի (1768-1848) «Կայսրի պատուին առաջին ընդունելութիւնը Les Invalides եկեղեցում, 14 Յուլիս 1804ին» պատմական գեղանկարը:

Երրորդ մասը ընդգրկում է ընդարձակ ծանօթագրութիւններ եւ յաւելուածի բաժին: Յաւելուածում ներկայացուած են մամլուքներին վերաբերուող փաստաթղթեր, ինչպէս մամլուքների պայմանագիրը, կանոնագիրը, Ֆրանսիա ապաստանած մամլուքների ընտանիքների անուանացանկը ի-րենց շնորհուած աշխատավարձերով, մամլուք պահակախմբի անուանացանկը, արեւելեան ծագում ունեցող մամլուքների ցանկը, որտեղ հայ ծագումով մամլուքները ներկայացուել են աստղանշանով: Բաժինը աւարտւում է Ռուստամի մահուան վկայականի, նրա եւ իր կնոջ՝ Ալեքսանդրինի շիրիմների նկարներով:

Գրքի վերջում ներկայացուած է օգտագործուած յատուկ անունների ցանկը եւ Ռուստամին, Նապոլէոնին եւ Հայաստանին վերաբերուող ընտրուած մատենագիտութիւն:

Ռուստամի յուշերով եւ նկարագրութիւններով հնարաւորութիւն է ստեղծւում 18 եւ 19րդ դարերի Կովկասի, Եգիպտոսի եւ Ֆրանսիայի քաղաքական իրավիճակները պատկերացնել: Ռուստամը շուրջ 16 տարի (1799-1814) որպէս թիկնապահ ծառայելով  Նապոլէոն Բոնապարտին, նրա ամենամօտ եւ վստահելի անձնաւորութիւնն է եղել: Իր յուշագրութիւնում անդրադարձել է Նապոլէոն Բոնապարտին առնչուող հետաքրքիր մանրամասութիւնների եւ նկարագրութիւնների:

Այս գիրքը լոկ թարգմանութիւն չէ, այլ իր ուսումնասիրուած ծանօթագրութիւններով՝ դառնում է պատմութեան համար աղբիւր եւ աւելի դիւրին է ընկալւում: Գիրքը հաճելի ընթերցուող է:

***

Քաթրին Քարպենտերը աշխատել է գիտական գրադարաններում, այդ թւում Հարվրդի համալսարանի Widener գրադարանում: Նա թարգմանել է վէպեր  ֆրանսերէնից անգլերէնի, յատկապէս Ժորժ Սիմենոնի եւ Էմիլ Զոլայի գործերը:

Արա Ղազարեանցը սոցիոլոգիայի եւ միջազգային իրաւունքի եւ դիւանագիտութեան դոկտորական աստիճաններ է ստացել Northeastern եւ Tufts համալսարաններից: Նա աշխատել է որպէս խմբագրութեան վարիչ եւ կառավարիչ The Armenian Review-ում, Զօրեան ինստիտուտում եւ Emerson քոլեջում: Նա այժմ Բոստոնի Հայ Մշակութային հիմնարկութեան տնօրէնն է:

Նա թարգմանել է անգլերէնի եւ խմբագրել մի շարք գրքեր, որոնց թւում են Վահան Բայբուրդեանի՝ «Միջազգային Առեւտուրը Եւ Հայ Վաճառականները Տասնեօթերորդ Դարում» (2004), Հենրիխ Վիերբեչերի՝ «Հայաստանը 1915թ.ին» (2006թ.), Եակոբ Կիւնցլերի՝ «Արեան Եւ Արցունքների Երկրում» (2007), Պլատոն Զուբովի՝ «Ղարաբաղի Աստղագուշակը» (2013), Էնայաթոլլահ Ռեզայի՝ «Ադրբեջանն Ու Արանը (Կովկասի Ալբանիան)» (2014):

 

*«The Memoirs of Roustam: Napoleon՛s Mamluk Imperial Bodyguard»

«Ռուստամի Յուշերը. Նապոլէոնի Մամլուքն Եւ Թիկնապահը», հրատարակչութիւն՝ Bennett & Bloom, առաջին անգամ հրատարակուել է Հոկտեմբեր, 2014, 208 էջ։

ISBN: 9781908755223։ Խմբագրութիւնը, ծանօթագրութիւնը եւ ներածականը՝ Արա Ղազարեանցի, թարգմանութիւնը՝ Քաթրին Քարպենտերի։

 


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles