ՏԻԳՐԱՆ ԴԱՒԹԵԱՆ
Անցնող տարուայ Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին, Թեհրանում մեծ շուքով տօնուեց Վահիդիէ-Զարքեշ-Նարմաք (Սասուն) հայաբնակ քաղաքամասի հայոց «Նայիրի» տարրական դպրոցի հիմնադրման 60ամեակը. դրան յաջորդեց դպրոցի յոբելեանին նուիրուած գրքի հրատարակումը, որը կազմել եւ խմբագրել է իրանահայ ճանաչուած համայնքային գործիչ Գասպար Ամիրխանեանը:
Գասպարի մանկութիւնը եւ պատանեկութիւնն անցել են հէնց այս դպրոցում. նա հետագայում եւս գործուն մասնակցութիւն է ունեցել քաղաքամասի եւ թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական կեանքում եւ այժմ պաշտօնավարում է Թեհրանի հայոց «Նայիրի-Սողոմոնեան» միջնակարգ դպրոցում որպէս փոխտեսուչ: Գրքի հեղինակը իրանաբնակ հայութեան պատմութեան լաւ գիտակ է:
Գիրքը բաղկացած է 300 մեծադիր էջից, զարդարուած է մեծաքանակ լուսանկարներով եւ տպագրուել է Թեհրանի «Ալիք» տպարանում: Գրքի տպագրման ծախսերը հոգացել են դպրոցի հիմնադրման վաթսունամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամ Վիգէն Ամիրեանը եւ իր կինը՝ Անժէլը, իրենց հարազատներ Թահմաս, Վահիկ եւ Արէն Մուսախանեանների յիշատակին:
Գիրքն ունի հետեւեալ բաժինները. Ուղերձներ, ակնարկ իրանահայերի եւ Թեհրանի հայութեան պատմութեան, հայրենադարձութեան համառօտ պատմութիւն, հայերի հաստատուելը մայրաքաղաքի արեւելեան մի շարք արուարձաններում (Վահիդիէ-Զարքեշ), «Նայիրի» դպրոցի հիմնումը, հիմնադիրները, մի շարք նշանաւոր աշակերտներ եւ յուշագրութիւններ: Հեղինակն իր նախաբանում գրում է, որ գիրքը կազմելու համար օգտուել է թեմի առաջնորդարանի եւ «Նայիրի» դպրոցի արխիւներից, «Ալիք» օրաթերթի անցեալ համարներից, դպրոցի 50ամեակի առիթով հրատարակուած գրքոյկից, անուանի գրող եւ նոյն դպրոցի շրջանաւարտ Խորէն Արամունի Քէշիշեանի «Դպրոցի Ճամբան» գրքից եւ մեծ թուով անհատների յուշերից:
Ուղերձների բաժինը սկսւում է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի «Հայրապետական օրհնութեան գիր»ով եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգիսեանի «Սիրոյ եւ օրհնութեան» խօսքով, ապա հերթաբար տպագրուած են Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ տասնվեց դպրոցի, միութեան ու հաստատութեան շնորհաւորական խօսքերը: Դպրոցի փառահեղ յոբելեանը շնորհաւորել են անցեալի տեսուչները, ուսուցիչները, աշակերտները եւ համայնքի մի շարք մտաւորականներ:
«Նայիրի» դպրոցի 60ամեակի գրքի հեղինակ՝ Գասպար Ամիրխանեանը, իր աշխատութեան մէկ երրորդը յատկացրել է նիւթի զարգացման, ներկայացրել է դրուագներ իրանահայ համայնքի պատմութիւնից, կատարել է մէջբերումներ անուանի պատմաբաններից ու բանասէրներից. նա հանգամանօրէն կանգ է առել 1946-47 թուականների մեծ հայրենադարձութեան պատմութեան վրայ, որի յանկարծակի դադարելուց յետոյ հոծ թուով գիւղաբնակ հայեր՝ հիմնականում Բուրվարիից, Արաքից եւ Փերիայից,- ո-րոնք Հայաստան տեղափոխուելու յոյսով իրենց ունեցուածքը շատ էժան գնով վաճառել էին-, գաղթեցին Թեհրան եւ ապաստան գտան Բեհջաթաբադ քաղաքամասում: Նրանք մօտ տասնհինգ հազար շունչ էին, դպրոցական տարիքի հարիւրաւոր աշակերտներով, որոնց մեծամասնութիւնը դպրոց չէր յաճախում:
Բեհջաթաբադի հայերի հիւղակները պետութեան կողմից քանդւում են 1954 թուականին, իսկ մինչ այդ հայ գիւղացիները քաղաքի ղեկավար մարմինների եւ Թեհրանի Համայնական վարչութեան (Թեմական խորհրդի) օգնութեամբ փոխադրւում են Հեշմաթիէ, Մաջիդիէ, Վահիդիէ, Զարքեշ եւ Նարմաք քաղաքամասեր: Մէկ տարի յետոյ սկսում է դպրոցաշինութեան աշխատանքը, իսկ աւելի ուշ նաեւ եկեղեցաշինութեան գործը: Այստեղ աւելի հանգամանօրէն ներկայացուած է Վահիդիէ-Զարքեշ հայաբնակ քաղաքամասերի առօրեայ կեանքը, նիստուկացը եւ կենցաղը՝ համեմուած յուշեր արթնացնող մի շարք ճանաչուած երիտասարդների, անհատների, վայրերի եւ խանութների ու խանութպանների լուսանկարներով:
Այսպիսով գրքի հեղինակը տրամաբանական կապով մօտենում է «Նայիրի» դպրոցի հիմնադրման:
Գրքի հեղինակը հիմնուելով Թեհրանի ազգային առաջնորդարանի արխիւներին, «Նայիրի» տարրական երկսեռ դպրոցի առաջին հիմնադիրներ է համարում դոկտ. Սուլթան Ամիրեանին, Արամ Քէշիշեանին, Յակոբ Մելիքեանին, Սարդար Ղադիմեանին եւ Սամսոն Քէշիշեանին. նրանք իրենց մտադրութեան մասին 25 Յուլիսի 1955 թուակիր նամակով յայտնել են Թեհրանի հայոց Թեմական խորհրդին եւ որպէս տեսուչ առաջարկել են «համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում ուսանող պրն. Ներսէս Սագինեանին»: Գրքում տպագրուած է նաեւ «Ալիք» օրաթերթում հրապարակուած նորաբաց դպրոցի հոգաբարձութեան եւ տեսչութեան 14 Սեպտեմբերի 1955 թուակիր յայտարարութիւնը ուսումնական ընթացիկ տարուայ համար աշակերտ-աշակերտուհիներ ընդունելու վերաբերեալ: Շուտով նախաձեռնողներին են միանում «Աբովեան» դպրոցի հիմնադիր Յովհաննէս Տէր Պետրոսեանը, որը նշանակւում է որպէս ներքին տեսուչ, Վարդան Աբուլեանը, Արտաւազդ Բանդարեան-Խաչիկեանը, Վաղինակ Խաչիկեանը, Շաւարշ Գրիգորեանը, Արմենակ Ղամբարեանը, Արուսեակ եւ Լալիկ Թաշճեանները եւ մի շարք այլ ազգայիններ:
Յաջորդ էջերում մանրամասնօրէն նկարագրուած է դպրոցի հիմնադրման եւ կայացման հոլովոյթը՝ շէնքի վարձակալում, ժողովրդական նուիրահաւաք եւ դիմում բարերարներին, հողատարածքի գնում, հիմնօրհնէք, փոքր ու մեծ շէնքերի ու դահլիճի կառուցում, դպրոցի ընդարձակում ու նոր յարկերի աւելացում, ուսուցիչների հաւաքագրում, բանակցութիւններ երկրի Կրթութեան նախարարութեան ներկայացուցիչների հետ, հոգաբարձութեան, Խնամակալ մարմնի ու ծնողական խորհրդի կազմերի նշանակում, անուանի հիւրերի այցելութիւն, նամակագրութիւններ, զեկոյցներ, հաշուետուութիւններ եւ այլն:
Առանձին բաժիններով ներկայացուած են «Նայիրի» դպրոցի նշանաւոր շրջանաւարտները՝ այդ շարքում մարզիկներ, գրողներ, արուեստագէտներ, գիտնականներ, գործարարներ, հոգեւորականներ եւ ցաւօք նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի զոհեր:
Լուսանկարներով ներկայացուած են դպրոցի մեծ ճանապարհ անցած մարզական խմբերի միջ-դպրոցական յաջողութիւնները, սկաուտները, դպրոցի հիմնադրման 50ամեակի եւ 60ամեակի տօնակատարութիւնները, վաստակաւոր ուսուցիչները, կրթական այսօրուայ վիճակը, աշխատակազմը, յոբելենական յանձնախմբի եւ օժանդակ մարմնի անդամները:
«Նայիրի» դպրոցի 60ամեակի գրքի կազմութիւնն անշուշտ զերծ չէ նաեւ թերութիւններից. տեղ-տեղ խախտուած են նիւթերի յաջորդականութիւնն ու դասաւորութիւնը, պակասում են որոշ լուսանկարների կամ անհատների մասին բացատրութիւնները, կան երկարապատումներ:
Իրանաբնակ հայերի պատմութեան գէթ այս հատուածը ներկայացնող Գասպար Ամիրխանեանի գործը ողջունելի է, յոգնատանջ աշխատանքի արդիւնք է եւ կարեւոր հիմք կարող է հանդիսանալ Իրանի հայոց դպրոցների միասնական պատմութիւնը գրելու համար:
ԵՐԵՒԱՆ